Չեմպիոնը մերժել է առաջարկները եւ մնացել Արցախում
Այն, որ սամբոյի Եվրոպայի բազմակի չեմպիոն, իսկ հիմա արդեն սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանն այսօր կարող էր լինել նույնքան հաջողակ շախմատիստ, որքան սամբիստ, դժվար է ասել:
Աշոտը երրորդ դասարանում տարվել էր շախմատով եւ առաջնային տեղեր գրավել միջդպրոցական մրցաշարերում:
«1994 թ. հոկտեմբերն էր: Մի օր ես, հետաքրքրությունից դրդված, դասընկերոջս հետ գնացի տեսնելու, թե ինչպես է ընկերս սամբո պարապում: Կողքից նայեցի, դուրս եկավ, ու որոշեցի սամբոյով զբաղվել»,- հիշում է Աշոտը:
Շախմատը թողնելու եւ սամբոյով զբաղվելու որոշումն Աշոտինն էր, դրանում չեմպիոնը վստահեցնում է` ասելով, որ դեռ մանկուց է ինքնուրույն որոշումներ կայացրել: Այդ ինքնուրույնության պատճառներից մեկն էլ գուցե վաղ հասակում հոր կորուստն էր: 1994 թ.` մինչ զինադադարը, դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է Աշոտի հայրը:
Մեծ սպորտում առաջին հաջողությունը Հայաստանի չեմպիոնի կոչումն էր 15 տարեկանում, որին հաջորդեցին Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: Հարցից` քանի՞ մեդալ ունի, Աշոտը մի պահ շփոթվեց, ապա, վերհիշելով մրցաշարերն ու առաջնությունները, մատների վրա սկսեց մեդալները հաշվել:
Պարզվեց` միայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից ունի 13 առաջնային տեղերի մեդալներ` գումարած աշխարհի առաջնությունների եւ տարբեր երկրների նախագահների գավաթները:
Վերջին տասը տարվա ընթացքում ունեցել է եւ հեշտ, եւ դժվար հաղթանակներ, նաեւ` պարտություններ: Աշոտը խոստովանում է, որ ամենադժվարը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելն էր: Մրցումներից առաջ Աշոտը հիվանդացել էր թոքերի բորբոքումով:
«Ես անգամ չէի մտածում, որ կարող է հաղթեմ: Պարապելու փոխարեն բուժվում էի. դեղեր, սրսկումներ: Մարզվել սկսեցի առաջնությունից մի շաբաթ առաջ»,- հիշում է Ա. Դանիելյանը:
Խոսելով հաջողության գրավականի մասին` չեմպիոնը նախ նշում է իր միակ մարզչին` Էռնեստ Միրզոյանին, ապա ավելացնում` նպատակին հասնելու ձգտումը:
Աշոտը վստահեցնում է, որ սնահավատ չէ, միակ կարեւոր հանգամանքը մրցումներից առաջ մարզիկի հոգեվիճակն է. որքանով է նա պատրաստ մրցմանը:
Հաջողություններին հաջորդել են առաջարկներ արտերկրից` այնտեղ մարզվելու եւ իրենց դրոշի ներքո հանդես գալու վերաբերյալ, բարձր հոնորարների խոստումներ: Բայց ոչ առաջարկները, ոչ էլ մեծ գումարները չեն ստիպել Աշոտին թողնել Արցախը:
«Ես չեմ կարող թողնել իմ հայրենիքը, այստեղ իմ ընտանիքն է, իմ հարազատները: Ես երկու տարի մարզվել եմ Ուկրաինայում, բայց այդպես էլ չհարմարվեցի, հետ եկա Արցախ»:
Չեմպիոն դառնալու մանկական երազանքն իրականացել է, մնում է` սամբոն դառնա օլիմպիական մարզաձեւ. սա արդեն սամբոյի աշխարի չեմպիոն Աշոտի երազանքն է:
Այն, որ փողոցում անծանոթ մարդիկ տեսնում են, ճանաչում, շնորհավորում, Աշոտին թույլ է տալիս հավատալ, որ իզուր չեն ջանքերը եւ հաղթանակները, չէ՞ որ դրանք նաեւ հայրենիքի եւ իր ժողովրդի հաղթանակներն են: Իր հաղթանակների հարցում մարզիկը պակաս կարեւոր չի համարում նաեւ պետական աջակցությունը:
«Անցած տարի նախագահն ինձ երկու սենյականոց բնակարան է նվիրել: Դրանից հետո ես Եվրոպայի, ապա աշխարհի չեմպիոն դարձա: Խրախուսանքն ու ուշադրությունը ստիպում են մարդուն ավելի տքնաջան աշխատել, մարզվել, եւ արդյունքները սպասել չեն տալիս»,- ասում է նա:
Պարտություններն ու ֆիզիկական լուրջ վնասվածքներն անգամ չեն ստիպել մտածել սպորտը թողնելու մասին:
«Լուրջ վնասվածքների դեպքում անգամ, երբ ստիպված եմ եղել ամիսներով բուժվել, միակ երազանքս շուտ ապաքինվելն է եղել: Ժամերն էի հաշվում, թե երբ նորից կվերադառնամ մարզումներին: Ավելին, այնքան էի պարապում, որ հաջորդ անգամ անպայման հաղթեմ նրան, ում պարտվել էի: Կյանքը շարունակվում է, եւ չպետք է թուլանալ, քո պարտության մեջ մեղավորներ փնտրել»,- ասում է Աշոտը:
Խոսելով մարզիկի կյանքի մասին` Աշոտը խոստովանում է, որ արտաքին փայլը խաբուսիկ է, իրականում մարզիկի կայնքն այնքան էլ հեշտ ու անհոգ չէ:
Ֆիզիկական հոգնածության հետ մեկտեղ մարզիկները նաեւ հոգեպես են հոգնում: Իսկ ամեն մրցումից առաջ քաշ գցելը մեծ սթրես է:
«Սթրեսները սովորաբար մարզիկներն ինքնուրույն են հաղթահարում: Եթե մի շարք զարգացած երկրներում մարզիկի հետ, մարզչից բացի, բժիշկ եւ հոգեբան են աշխատում, ապա մեր դեպքում մարզիկներն իրենց համար եւ բժիշկ են, եւ հոգեբան»:
Չեմպիոնի կոչումը մեծ սպորտում գոյություն ունեցող ամենաբարձր աստիճանն է: Այն հարցին, թե ինչով կզբաղվեր, եթե սպորտը չլիներ, մի քանի վայրկյան մտածելուց հետո Աշոտը պատասխանեց. «Երեւի տնտեսագետ դառնայի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել