
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
1. Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը, լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը և անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձևաչափով և պատրաստ է նոր հանդիպման։
2. Ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում։
3. Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։
4. Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
5. Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային և այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը։
19.07.2011թ.
Մեկնաբանել