HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, հայ-ուրուգվայական հարաբերությունները զարգացել են կայուն բարեկամական ոգով, ինչը դրսևորվում է տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ և միմյանց խնդիրների հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Ընդգծելով, որ Ուրուգվայը Հայաստանի համար բարեկամ երկիր է, Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը Ուրուգվայը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով կանգնելով արդարության պաշտպանի դիրքերում և շահելով ոչ միայն համայն հայության, այլև ողջ առաջադեմ մարդկության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:

Դեսպան Անիբալ Կաբրալը նշել է, որ Ուրուգվայը մեծագույն հարգանք է տածում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և փոխադարձաբար շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու գործում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter