HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վլադիմիր Սպիվակով. «Ես երբեք չեմ մոռանա այս օրերը»

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովն այս բառերն արտաբերեց հայերեն՝ մի փոքր ռուսական շեշտադրությամբ, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ լրագրողներից մեկի խնդրանքով՝ խոսել հայերեն: Վլադիմիր Սպիվակովն ասաց, որ Գյումրին շատ է փոխվել ու դեպի լավը, սակայն կան հիշողություններ, որոնք հնարավոր չէ ջնջել:

«Հիշողություն» ի վերջո նշանակում է սեր»,-նկատեց մաեստորն՝ հիշելով երկրաշարժից հետո, 1989թ-ի մարտ ամսին իր եւ «Վիրտուոզներ» խմբի ելույթը ավերված քաղաքի կանգուն մնացած թատրոնի բեմում:

«Իմ տանը պահվում են ինձ համար թանկարժեք, իմ ստին շատ մոտ իրեր՝ ձեռագործ գորգեր, որոնք ես ստացել եմ Գյումրիում: Նրանցից առաջինն ինձ նվիրեցին 1989թ.-ի համերգի ժամանակ: Դա մի փոքրիկ գորգ էր, որի վրա ծաղրածու էր պատկերված: Գորգը երկրաշարժին մահացած երեխաների ձեռքի գործն էր, իսկ այն ինձ նվիրեցին նրանց ընկերները: Տաս տարի անց ես մեկ փոքրիկ գորգ էլ նվեր ստացա՝ այս անգամ երկրաշարժի օրը ծնված երեխաների ձեռքով պատրաստված: Փոքրիկ գորգերը շատ թանկ են իմ ընտանիքի համար»,-ասաց Վլադիմիր Սպիվակովը:

Մեծ երաժիշտի ընտանիքում սերը Հայաստանի, հայ մարդու նկատմամբ պայմանավորված է եղել նրա հայազգի կնոջ՝ Սաթենիկ (Սաթի) Սպիվակովայով: Իսկ երկրաշարժից հետո այդ կապն առավել ամրապնդվել է: Վլադիմիր Սպիվակովի զավակներն եւս համարում են, որ իրենք կիսով չափ հայ են: Ամերիկայի Բոստոն քաղաքում սովորող նրա կրտսեր դուստրն իր ազգության մասին հարցերին սովորաբար պատասխանում է, որ նա ռուս է, հայ եւ ֆրանսիացի:

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ եւ հայ երգչուհիների մասնակցությամբ՝ Գյումրի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր պաշտոնապես կազդարարի «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ավարտը:

«Մենք չէինք կարող ունենալ ավելի լավ փակում, քան Սպիվակովի համերգն էր,-նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,-բայց մենք սրանով վերջակետ չենք դնում: Մենք դնում ենք ստորակետ եւ շարժվում ենք առաջ, քանի որ դեռ մնացել են ծրագրեր, որ պիտի մինչեւ տարեվերջ հասցնենք իրականացնել»:

Մշակութային միջոցառումները կշարունակվեն նաեւ 2014թ-ին՝ վստահեցրին Հասմիկ Պողոսյանն ու ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը: «Ես վստահ եմ, որ մենք, եթե ակտիվ աշխատենք, կունենանք հնարավորություն՝ այս ծրագիրը հաջորդ տարի շարունակելու»,-նկատեց Արմեն Սմբատյանը: Մշակույթի նախարարն էլ իր հերթին հավելեց, որ բավական ռեսուրսներ են ծախսվել Գյումրիում, իրականացվել են ծրագրեր, որոնք, լինելով առաջին անգամ, հետագայում շարունակվելու միտում ունեն, ինչպես, օրինակ, «Հացի» փառատոնը, «Դուետ» թատերական միջազգային փառատոնը եւ այլն:

Հասմիկ Պողոսյանի փոխանցմամբ 471 մլն դրամ է արժեցել Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելը: Գումարի կեսից ավելին արդեն ծախսվել է տարբեր միջոցառումների իրականացման վրա: Թե իրականում, որ ծրագրերն են իրականացվել եւ դեռ որոնք էլ պիտի իրականացվեն, նախարար Պողոսյանը չմանրամասնեց: Վլադիմիր Սպիվակովի ներկայությունը մի փոքր խանգարեց գյումրեցի լրագրողներին՝ ծրագրի վերաբերյալ ավելի շատ հարցեր ուղղելու Հասմիկ Պողոսյանին եւ Ա. Սմբատյանին:

«Հետքին», օրինակ, մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչու չկայացավ «Լոռի» հայրենակցական միությանը վստահված «Նկարիչների պլենեռը», ինչո՞ւ էր վերջին պահին ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամը հրաժարվել փոխանցել 1 մլն ռուսական ռուբլին «Շիրակի պատմամշակութային ժառանգություն» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար, ի՞նչն էր պատճառը, որ նման սուղ միջոցներով անցկացվեց նաեւ քանդակագործների սիմպոզիումն եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter