
2006 թվականին, թե երեկ՝ խնդրի էությունը չի փոխվում
Կաթողիկոսը որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ «Ես որևէ գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ» արտահայտությունը, որի մասին հայտնել էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ArmInfo գործակալությանը տված հարցազրույցում, նախօրեին լայն հասարակական արձագանք ստացավ:
Երեկոյան Կարապետյանը մամուլում հայտնեց, թե Կաթողիկոսն այդ արտահայտությունն արել է՝ ոչ թե մի քանի օր առաջ Սանահինը փրկելու իր հորդորին ի պատասխան (ինչպես ներկայացված էր ArmInfo-ի հարցազրույցում), այլ 2006 թվականին հանգուցյալ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի և Վեհափառի զրույցի ընթացքում, որին Կարապետյանը ներկա է եղել:
Ողջ գիշեր Facebook-ում թափ էր հավաքում Գարեգին Բ-ի արտահայտության կապակցությամբ սկիզբ առած բողոքի ալիքը, որն առանձին դեպքերում ուներ ծայրահեղական և որոշ առումով նաև չարդարացված դրսևորումներ: Բոլորը կենտրոնացան Կաթողիկոսի կերպարը, նրա լավ ու վատ գործերը վերլուծելու վրա, ինչը շեղեց ուշադրությունը «Չենք լռելու»-ի բարձրացրած բուն խնդրից՝ UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված 10-րդ դարի Սանահինի վանական համալիրի խայտառակ բարձիթողի վիճակից:
Երեկոյան Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հանդես եկավ պարզաբանումներով, որոնք ոչ միայն չվերացրին բարձրացված հարցադրումները, այլև առաջ բերեցին նոր հարցեր:
Այսօր՝ ժամը 13-ին, տեղի է ունենալու «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվի հրատապ ժողով, որի ընթացքում կընդունվի հայտարարություն՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Չենք լռելու»-ն խնդրում է զանգվածային լրատվության միջոցներին, բլոգերներին, քաղաքացիական նախաձեռնություններին ու հասարակական գործիչներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել Սանահինի վիճակի թեման:
«Սա այն հարցն է, որում մենք, բոլորս միասին, կարող ենք ստիպել փրկել հայ ժողովրդի պատմական ժառանգությունը կործանումից: Դեռևս ուշ չէ պահպանել անցյալը հանուն ապագայի»,- նշվում է «Չենք լռելու» նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել