Վ. Մանուկյանը պատասխանում է ընթերցողների հարցերին
Երանոսյան Մկրտիչ - Պարոն Մանուկյան, 1996-ից սկսած` անընդմեջ մասնակցել եք բոլոր նախագահական ընտրություններին` հաջողությամբ պառակտելով ընդդիմադիր դաշտը (օրինակ` 98-ին երշիկ էիք անվանում Կ. Դեմիրճյանին ու 2-րդ փուլում նրան չսատարեցիք), իշխանությունների օգտին ծառայեցնելով ժողովրդի ընդդիմադիր մի հատվածին:
Դուք համամի՞տ եք բազմաթիվ գործիչների կողմից հնչեցված այն տեսակետի հետ, թե ձեր նման վարքի պատճառն անձնական ամբիցիաներն են:
Եվ ի՞նչ եք կարծում, ձեր քաղաքական վարքագիծը` աճպարարությունը, նպաստու՞մ, թե՞ խանգարում է հնարավոր համաժողովրդական շարժմանը: Արդեն սպառած լինելով ձեր քաղաքական ռեսուրսը` խրախուսում եք ՕԵԿ-ի կամ ՀՅԴ-ի առաջադրումը`պարզ տեսնելով, որ վերջինս Ռ. Քոչարյանի իրական հենարանն է ցայսօր եւ Սերժի հաղթանակի դեպքում «մտնելու է վարչապետ Ռ. Քոչարյանի տակը»` ապահովելով իր անպատասխանատու իշխանակցությունը:
Վ. Մանուկյան - Հարգելի պրն Երանոսյան, ինձ համար հասկանալի չէ Ձեր` պառակտիչի որակավորում ինձ տալը: Ընդհանրապես, ամենասուր հարցն էլ կարելի է տալ առանց թույնի եւ պիտակների, եւ Ձեզ կոչ կանեի փորձել հարցերը ձեւակերպել ըստ էության:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա 1996 թվականին ես եղել եմ ընդդիմադիր դաշտի համախմբողը եւ միասնական թեկնածուն: 2003 թ. երկրորդ փուլում ես պաշտպանեցի Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը: 2008 թվականի ընտրություններին դեռ ժամանակ կա եւ դեռ պարզ չէ` ինչ միավորումներ կլինեն: Ձեր հարցը հիմնականում, ըստ երեւույթին, վերաբերում է 1998 թվականի նախագահական ընտրություններին: Ես կփորձեմ իմ եւ ԱԺՄ-ի դիրքորոշումը Ձեզ բացատրել: Բայց միանգամից ասեմ, որ ինձ համար պարզ չէ, թե որտեղից եք վերցրել Կ. Դեմիրճյանին վերաբերող արտահայտությունը, մանավանդ, որ ընդհանրապես իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում չեմ տառապել պոպուլիզմով, առավել եւս վիրավորական պիտակավորումներով: 1998 թվականին Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո տեղի ունեցան նախագահական ընտրություններ, եւ մենք, շատ ավելի քիչ դաշնակիցներով, քան 1996 թվականին, գնացինք նախագահական ընտրությունների եւ, ըստ պաշտոնական տվյալների (որոնց գնահատականը թողնում եմ Ձեզ), գրավեցինք երրորդ տեղը: Ըստ մեր կանխագուշակումների` Կ. Դեմիրճյանը կարող էր հաղթել առաջին փուլում, իսկ երկրորդ փուլի դեպքում անցնում էինք Կ. Դեմիրճյանը եւ ես, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանը: Ռ. Քոչարյանին պաշտպանում էին բավականաչափ մեծ ուժեր` Դաշնակցությունը, «Երկրապահը», ՀՀՇ-ի շատ կարկառուն դեմքեր եւս պաշտպանում էին Քոչարյանին` Վանո Սիրադեղյանը (ի դեպ` այն ժամանակվա ՀՀՇ նախագահը), Արարատ Զուրաբյանը եւ ՀՀՇ-ից շատերը հաճախակի էին լինում Քոչարյանի շտաբում. երկրորդ փուլում Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեցին նաեւ Արամ Սարգսյանը (Դեմկուս), Պարույր Հայրիկյանը (ԱԻՄ) եւ ուրիշները: Նրանց պատճառաբանությունն այն էր, որ Ռ. Քոչարյանը, այնուամենայնիվ, Շարժման մասնակից է, իսկ Կարեն Դեմիրճյանի հաղթանակի դեպքում կարող են վերադառնալ կոմունիստական կարգերը: Բնական է, որ դա քարոզչություն էր, եւ Կ. Դեմիրճյանի հաղթանակով հնարավոր չէր վերականգնել կոմունիստական համակարգը: Բայց այդ պատճառաբանությունը կարեւոր դեր էր խաղում, որ Շարժման շատ ու շատ մասնակիցներ պաշտպանեն Քոչարյանի թեկնածությունը (իրականում ՀՀՇ-ի շատ անդամներ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանում էին այլ պատճառներով, որն առանձին խոսակցություն է):
Առաջին փուլից հետո, Եգորյան Էդիկի նախաձեռնությամբ երեք անգամ հանդիպում տեղի ուենցավ իմ եւ Կ. Դեմիրճյանի միջեւ: Դեմիրճյանն առաջարկում էր, որպեսզի երկրորդ փուլում մենք պաշտպանենք իր թեկնածությունը: Ես մեծ հարգանքով էի վերաբերվում Դեմիրճյանի անձին եւ չէի կարծում, որ երկիրը կկործանվի, եթե Դեմիրճյանը դառնա նախագահ, այլ հակառակը` օգտակար կլինի: Բայց իմ ասածը Դեմիրճյանին հետեւյալն էր. ես, շփվելով ժողովրդի հետ, համոզված էի` նա երկրորդ փուլում, առանց մեր միանալու էլ, անպայման հաղթելու է: Բայց իմ վերապահումը ո՞րն էր: Կուսակցական-պետական գործիչ, պետության ղեկավար Կարեն Դեմիրճյանին ես ճանաչում էի, բայց որպես քաղաքական-հասարակական գործիչ` ոչ: Եվ ես անհանգստանում էի (եւ բացահայտ դա իրեն ասել էի), որ ինքը կարող է հաղթել, բայց արդյունքները հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կեղծելու դեպքում կարող է անտրտունջ, առանց բողոքարկելու պաշտոնական արդյունքները, ընդունել նրա «հաղթանակը»: Եվ այդ դեպքում ես եւ ԱԺՄ-ն կհայտնվեինք շատ հիմար վիճակում: Դրա համար իմ առաջարկությունը հետեւյալն էր, որ ինքն առանց մեր միավորվելու էլ երկրորդ փուլում կհաղթի եւ, եթե չհամաձայնի կեղծված արդյունքների հետ, ապա մնացած ողջ գործը` արդյունքների վերականգնման եւ արդյունքների հաստատման համար, ես կվերցնեմ ինձ վրա:
Բացի այս, մեծ վեճ կար մեր կուսակցության մեջ: ԱԺՄ-ի անդամների մի մասը գտնում էր, որ պետք է պաշտպանել Ռ. Քոչարյանի թեկնածությունը` որպես Շարժման ներկայացուցչի, մի մասն էլ գտնում էր, որ պետք է պաշտպանել Դեմիրճյանի թեկնածությունը` որպես Հայաստանի համար շատ օգտակար ղեկավարի: Մենք հրավիրեցինք կոնֆերանս, որի ժամանակ շատ մանրամասն քննարկեցինք երկու թեկնածություններն էլ` հաշվի առնելով նրանց եւ’ դրական, եւ’ բացասական կողմերը: Կոնֆերանսի նյութերը տպագրված են եւ Դուք կարող եք ծանոթանալ դրանց: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է ազատ քվեարկության իրավունք տալ մեր անդամներին եւ համախոհներին` հայտարարելով, որ ով ում համար ուզում է, թող քվեարկի, մենք մեզ վրա վերցնում ենք ընտրության վերահսկման գործառույթը:
Ընդ որում` միայն իմ հայտարարությունով ինձ ձայն տված մարդկանց քվեներն ավտոմատ ձեւով չէին անցնելու սրան կամ նրան: Մարդիկ ինքնուրույն էին որոշում կայացնելու: Իմ կողմնակիցների մի մասը պաշտպանեց Քոչարյանի թեկնածությունը, մի մասը` Դեմիրճյանի: Ընտրություններն անցան մեծ խախտումներով, Քոչարյանը «հաղթեց», դարձավ նախագահ, Կ. Դեմիրճյանը չշնորհավորեց նրան եւ իրեն շատ պարկեշտ պահեց, բայց կոչ չարեց վերանայել ընտրությունների պաշտոնական արդյունքները: Թե ո՞վ էր ներկա Քոչարյանի երդման արարողությանը ու շնորհավորեց նրան, պարզեք ինքներդ:
Իսկ Ռ. Քոչարյանի նախագահ դառնալու վտանգավորության մասին խոսում էին ոչ միայն նրա Ղարաբաղի ընկերները, այլ նաեւ ես: Որտե՞ղ էինք մենք զգում վտանգը: Ով էլ լիներ երկրի նախագահը, հնարավոր չէր երկրում արագ փոփոխություններ կատարել, եւ առաջանալու էր դժգոհություն, որը ժողովուրդն ուղղելու էր նախագահի դեմ: Եվ այդ դեպքում պայքարը տեղափոխվելու էր ղարաբաղցի-հայաստանցի հարթություն, ինչը շատ վտանգավոր կարող էր լինել: Եվ քանի որ դրա մասին ես բացահայտ էի խոսել, ընտրություններին հարց տրվեց Ռ. Քոչարյանին, որ այսպիսի կարծիք կա, Դուք ի՞նչ կասեք: Ռ. Քոչարյանն ասաց, որ Վ. Մանուկյանը եւ Լ. Տեր-Պետրոսյանը չգիտեն ինչպես պետք է կառավարել երկիրը, իսկ ինքը այնպես կկառավարի, երկու տարի հետո այնպիսի դրախտ կլինի Հայաստանում, որ այդպիսի հակասություններ ու դժգոհություններ` կապված իշխանությունների հետ, այլեւս չեն լինի, ուստի ղարաբաղցի-հայաստանցի հարց չի լինի: Կյանքը ցույց տվեց, որ նա սխալվեց:
Հետագայում նույնանման պրոբլեմ Դեմիրճյանի հետ առաջացավ 1999 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ: Մենք մի քանի կոնֆիդենցիալ հանդիպում ունեցանք եւ բանակցում էինք իրար հետ` ինչպես միավորվել, այսինքն` ԱԺՄ-ն եւ ՀԺԿ-ն: Քննարկվում էր միասին դաշինքով գնալու հարցը: Ես չեմ ուզում մտնել մանրամասնությունների մեջ, ասեմ միայն, որ քննարկվում էր նաեւ, թե այդ դաշինքի մեջ մտնի՞, թե՞ չմտնի Վազգեն Սարգսյանը: Բայց մի բան շատ հստակ էր, որ Դեմիրճյանը թե’ իր բնավորությամբ, թե’ ազգային-պետական մտածողությամբ շատ էր զգուշանում առճակատումներից` գտնելով, որ դա կարող է վտանգավոր լինել մեր ժողովրդի եւ պետականության համար, եւ նա ուզում էր գտնել համերաշխության եզրեր: Եվ ինչքան փորձառությունս ավելանում է, այնքան ավելի ու ավելի լավ եմ հասկանում Դեմիրճյանի այն ժամանակվա կեցվածքը:
Բանակցություններն արդյունքի չբերեցին, ԱԺՄ վարչությունը քննարկելով այդ հարցը` պարտադրեց ինձ վերսկսել բանակցությունները եւ գտնել ընդունելի լուծում, բայց արդեն հաջորդ օրը մենք իմացանք, որ Դեմիրճյանը միացել է Սարգսյանի հետ:
Ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին Դաշնակցությանը, «Ժառանգությանը», ՕԵԿ-ին, ՀՀՇ-ին, ապա ես նախորդ հարցերի պատասխանների ժամանակ բացատրել եմ իմ դիրքորոշումները եւ անդրադարձել եմ հավակնությունների հարցին:
Գևորգ Պողոսյան - Ուրախալի է տեսնել ձեր ծրագրերում, որ տրամադրվել եք արդեն հաջորդ երկու տարիների ընթացքում հասցնել կամ, եթե առաջին հանրապետությունը նաեւ հաշվի առնենք, վերականգնել Հայաստանում պառլամենտական պետությունը։ Հետաքրքիր կլիներ իմանալ` այդ գաղափարը որպես անկյունաքար առաջարկե՞լ եք օգտագործել մյուս ընդդիմադիր կուսակցություններին ու գործիչներին, օրինակ` Դաշնակցությանը, «Օրինաց երկրին», «Ժառանգությանը», Ռամկավարներին ու Հնչակներին: Եթե այո, ի՞նչ ռեակցիա է եղել: Եվս մեկ հարց. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակի ռեֆորմների ձեւաչափ ներկայացնի` ինչպես է իր կարծիքով պետք դուրս գալ այս անտանելի իրավիճակից, հնարավո՞ր է, որ ընդդիմադիր դաշտը համաձայնի ներառել նրա դրույթները:
Վ. Մանուկյան - Այն, որ պառլամենտական հանրապետությունն ավելի արդյունավետ է, քան նախագահականը, ապացուցում են հիմնական եվրոպական սահմանադրությունները եւ այդ երկրների զարգացումները: Որովհետեւ պառլամենտական համակարգի դեպքում ամեն ինչ կախված չի լինում մի անձից, թագավորից, եւ հասարակությունը շատ ակտիվ է մասնակցում պետական կառավարման գործընթացին: Եվ դա նորություն չէ: Տարբեր կուսակցություններ դեռ 90-ական թվականների կեսերից իրենց ծրագրերում ունեին, թե ինչպիսի հանրապետություն են իրենք ուզում տեսնել: Մեզ մոտ հստակ գրված է, որ մենք Հայաստանի ապագան տեսնում ենք որպես պառլամենտական հանրապետություն: Դրա մասին բազմիցս հայտարարել է նաեւ Դաշնակցությունը: Ցավոք սրտի, այժմ չեմ հիշում մյուս կուսակցությունների դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ: Բայց դա շատ կուսակցությունների կողմից է ընկալվում:
Ես կարծում եմ, որ խելոք, գրագետ ծրագրերի հետ, ում կողմից էլ այն ներկայացված լինի, քաղաքական դաշտը կհամաձայնի: Ուրիշ բան, որ ոմանք կարող են որոշակի պահանջներ դնել այդ ծրագիրը կատարողի առջեւ` հաշվի առնելով` արդյո՞ք նա կկարողանա կամ ցանկություն կունենա այդ ծրագիրը մինչեւ վերջ կատարել: Բայց լավ ծրագրերին բոլորն էլ կողմ կլինեն, եւ մենք էլ կմիանանք ցանկացած ծրագրի, որը, մեր կարծիքով, բարենպաստ կլինի Հայաստանի համար:
Հայկ - Պրն Մանուկյան, եթե կարող եք, խնդրում եմ երկու բառով ասեք՝ ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը:
Վ. Մանուկյան - Նույն այս կայքում տեղադրված է համագումարի իմ ելույթը, որտեղ բավականին մեծ հատված նվիրված է Ղարաբաղի հարցի կարգավորմանը: Ես չեմ ասում, որ այնտեղ տրված է լուծում, բայց այնտեղ ներկայացված են այն մոտեցումները, որոնք ես ունեմ Ղարաբաղյան հարցի առնչությամբ:
Արամ Նիկողոսյան - (ԱՄՆ, Լոս Անջելես)- Հարգելի պրն Մանուկյան, աշխարհում եւ մեր տարածաշրջանում իրադարձությունները ստիպում են մեզ, որ մեր երկրում վերջապես ձեւավորվի օրինական իշխանություն արդար ընտրությունների միջոցով: Կարծում եմ` սա պատմական եւ ապագային միտված հրամայական է մեզ համար, եւ արդար ընտրությունների պարագան ավելի է կարեւորվում է, քան անձի ընտրությունը: Ինչպիսի՞ լուծում, դիտողություն կամ մեխանիզմ կառաջարկեք այս հարցի առնչությամբ:
Վ. Մանուկյան - Նախ նշեմ, որ ամբողջությամբ համաձայն եմ Ձեզ հետ: Եվ նույնիսկ, եթե տարածաշրջանային պրոբլեմներ չլինեին, միեւնույն է, առանց ազատ, մաքուր ընտրությունների երկիրն առաջ գնալ չի կարող: Եվ դա ոչ թե այս ժամանակահատվածի պրոբլեմն է, այլ այն միշտ էլ կանգնած է եղել մեր առջեւ:
Ցավոք սրտի, ընտրությունների ազատ անցկացման մեխանիզմները հիմնականում գտնվում են իշխանության ձեռքում` հանձնաժողովները, դատական համակարգը, ներքին գործերի նախարարությունը եւ այլն, եւ այլն: Եվ մենք` ոչ միայն մեր կուսակցությունը, այլ նաեւ բոլոր թեկնածուները, անխտիր բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ջանք են թափելու, որպեսզի ընտրություններն անցնեն այնպես, ինչպես Դուք եք ասում: Բայց շատ բան է կախված 2008 թ. իշխանությունների քաղաքական կամքից, ինչը ես, ցավոք սրտի, չեմ տեսնում: Եթե այս իշխանությունների քաղաքական կամքը չլինի, ապա մնում է ժողովրդի ակտիվությունն ու ճնշումը: Կլինի՞, արդյոք, դա 2008 թ., թե՞ ոչ, կյանքը ցույց կտա:
Աննա - Հարգելի պրն Մանուկյան, կարեւոր չէ` Դուք կհաղթե՞ք, թե՞ ոչ, Դուք Ձեր առաջադրմամբ մարդկանց հույս եք տալիս, պատկերացրեք, եթե ընտրությունը մնար միայն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Մարդիկ պարզապես չեն գնա ընտրության: Իսկ հիմա կա թեկնածու, որն արժանի է ձայնի, եւ մի վախեցեք ոչնչից, Դուք մի անգամ արդեն հաղթել եք նրանց երկուսին միասին վերցրած (չէ՞ որ 1996-ին այս զույգը միասին էր եւ պայքարում էր Ձեր դեմ): Իսկ հարցս հետեւյալն է. պատրաստվու՞մ եք Դուք մարտահրավեր նետել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին` նրանց հրավիրելով հեռուստատեսային դուելի:
Վ. Մանուկյան - Շնորհակալություն բարի խոսքերի եւ ցանկությունների համար: Ասեմ, որ անձից առավել ինձ համար կարեւոր է ժողովրդի կամքը: Եվ պատահական չէ, որ 2003 թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մենք միացանք մեզ համար անծանոթ Ստեփան Դեմիրճյանին, որովհետեւ դա ժողովրդի հրամայականն էր: Եվ բոլոր ընտրություններին ինձ համար կարեւոր է ժողովրդի կամքը:
Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա եթե մնան Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, դա շատ համարձակ ենթադրություն է, եւ այժմ ես չէի ցանկանա քննարկել այդպիսի անհավանական տարբերակներ:
Ինչ վերաբերում է հեռուստատեսային դուելին, ապա ես մեծ սիրով կմասնակցեի դրան. իմ հրավիրելով չէ. քաղաքական դաշտը կամ կգա դրան, կամ` ոչ: Ես կարծում եմ, որ վերջում կլինեն այդպիսի հաղորդումներ: Բայց, մյուս կողմից էլ, չէի ցանկանա, որ Դուք գերագնահատեք այդ հեռուստադուելների դերը, որովհետեւ այլ երկրներում ես ականատես եմ եղել այդպիսի հաղորդումների, եվ այն թեկնածուն, որն, ըստ իս, շատ ավելի լավ կկառավարեր երկիրը, ճարտասանության մեջ տանուլ է տվել: Ես չեմ կարծում, որ դուելներն են որոշում, թե ով ավելի լավ կկառավարեր երկիրը, բայց մեծ սիրով կմասնակցեմ դրանց:
Թադեւոսյան Ա. - Կարդացե՞լ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները եւ Հայաստանը» աշխատությունը: Ի՞նչ կարծիք ունեք Լեւոն Տեր-Պետրոսյան գիտնականի մասին։
Վ. Մանուկյան - Ես այդ գիրքը չեմ կարդացել: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի գիտնական լինելուն, ապա, երբ հարց առաջացավ նրան ընդունել Ղարաբաղ կոմիտե, ես իր մասին հարցրեցի Ռաֆայել Իշխանյանին, ով Տեր-Պետրոսյանի դասախոսն էր: Եվ Իշխանյանը երաշխավորեց` ասելով, որ նա գերազանցիկ ուսանող է եղել: Ես հարցրեցի նաեւ իր մյուս կոլեգաներից, որոնք բարձր կարծիք հայտնեցին իր գիտական մակարդակի մասին: Եվ դա ինձ համար շատ որոշիչ նշանակություն է ունեցել, երբ ես համաձայնել եմ ու երաշխավորել եմ, որ Տեր-Պետրոսյանը դառնա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ:
Մերի - Ինչու՞ են մեղադրում ձեզ, Արթուր Բաղդասարյանին եւ մյուսներին, որ չեն միանում Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ոչ ոք չի մեղադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ չի միանում ձեզ կամ ուրիշ քաղաքական գործչի: Ինչու՞ դուք եւ մյուս գործիչները չեք առաջարկում ինքը միանա ձեզ, եւ ինչու՞ է միայն ինքը խնդրում, ապա պահանջում, որ բոլորը միանան իրեն: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի նա միանար ձեզ կամ Դաշնակցությանը, քանի որ դա առիթ էր` քավելու իր մեղքերը. նա ձեզնից գողացել է ձեր ձայները 1996 թվին եւ Դաշնակցությանն ավերել է` նրա ստեղծած հիմնարկները, մամուլը ու բազմաթիվ դաշնակցականների ձերբակալելով։
Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր կոչվող մամուլին, մասնավորապես «Հայկական ժամանակին», որ հայհոյանքների տարափ է թափում այն գործիչների վրա, որոնք հրաժարվում են միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Վ. Մանուկյան - Ինձ համար էլ հասկանալի չէ, թե ինչու՞ պետք է բոլորը համախմբվեն հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ ոչ թե ուրիշի շուրջ: Բայց դա մի կողմ թողնենք: Ինչ վերաբերում է կոչերին, ապա ես էլ ասել եմ, որ ավելի ճիշտ կլիներ ինքն ինձ միանար, կամ նույնիսկ իր թեկնածությունը չդնելով` նպաստեր այն թեկնածուի առաջխաղացմանը, որը գաղափարներով իրեն ավելի մոտիկ է եւ մոտիկ է հաղթանակին: Ցավոք սրտի, այդպիսի բան տեղի չունեցավ: Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած թույնին, ինձ համար էլ դա ընդունելի չէ, եւ Ձեր հարցից հետո դեպքեր են տեղի ունեցել, եւ այսօր իրար վրա թույն են լցնում ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, այլ ամբողջ քաղաքական դաշտը: Վերջերս առիթ եղավ հեռուստացույցով ասելու, որ, այնուամենայնիվ, այս հարցում շատ եմ մեղադրում իշխանություններին, որովհետեւ քաղաքական դաշտում ամենահզոր ուժը իշխանությունն է: Եվ իշխանությունն իր զսպվածությամբ ու հանդուրժողականությամբ պետք է օրինակ ծառայեր ամբողջ հասարակությանը: Դա մյուսներին չի արդարացնում, բայց, այնուամենայնիվ, իշխանությունների վրա կան լրացուցիչ պարտավորություններ:
Ընտրող - Հաճախ ասվում է, որ Դուք 96-ին հավաքել եք 54 տոկոս ձայն։ Եթե ընտրությունը կեղծվել էր եւ Դուք, մտնելով ԱԺ, այդպես էլ չկարողացաք վերանայել արդյունքները, որտեղի՞ց հայտնվեց այդ թիվը։ Սա ինձ հետաքրքրում է, որովհետեւ 96-ին ես էլ եմ ձայն տվել ձեզ:
Վ.Մանուկյան - Ընտրությունների օրն այն ժամանակվա գործող օրենքով քվեատուփը բացելուց եւ ձայները հաշվելուց հետո արձանագրություն էին տալիս նաեւ թեկնածուի ներկայացուցչին: Երբ մենք հավաքված էինք Ազատության հրապարակում, ամեն տեղամասից գալիս էին արձանագրված արդյունքները, եւ Պարույր Հայրիկյանը դրանք բարձրաձայն ընթերցում էր: Այդ փաստաթղթերի համաձայն` ես 60-ից ավելի տոկոս ունեի: Այսինքն` բոլոր այն տեղերից, որտեղից մենք հասցրեցինք արձանագրություններ վերցնել, որովհետեւ ինչ-որ պահից սկսած` արձանագրությունները դադարեցին մեզ տալ, մեր ներկայացուցիչներին դուրս շպրտեցին հանձնաժողովներից, եւ հաշվարկը մեզ համար դարձավ սեւ արկղ: Եվ մենք չգիտեինք, թե այնտեղ ինչքան ձայներ կան: Բայց մինչեւ այդ մեր ձեռքի տակ ունեինք հարյուրավոր արձանագրություններ: Եվ մինչեւ հիմա դրանք, ինչքան հիշում եմ, պահպանված են: Համաձայն դրանց` ես ունեի 60-80 տոկոս, հենց դրա վրա էր հիմնված մեր եզրակացությունը:
Հետագայում, ընտրություններից հետո, ինչքան ինձ հայտնի է, այդ տուփերի ստուգման հարցը հանձնարարված է եղել դատախազությանը, եւ դատախազությունից եկած ինֆորմացիայի համաձայն` իսկապես, բոլոր տուփերում իմ ձայները գերակշիռ մեծամասնություն էին կազմում: 1996թ. սեպտեմբերի 26-ին մենք գնացինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այն ժամանակ գտնվում էր Ազգային ժողովում: Դա պատահականություն էր, եւ մենք գնացել էինք ոչ թե Ազգային ժողով, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք այնտեղ չէինք գնացել պահանջելու, որ վերանայեն ընտրությունների արդյունքները եւ ինձ հռչակեն նախագահ, այլ շատ հստակ առաջարկել էինք,որ ամեն մարզից 3 պատահական քվեատուփ բացվի, եւ ստուգվեն արդյունքները: Մենք համաձայնվելու էինք միջինացված այդ արդյունքին:
Ես երկար բանակցություններ էի վարում այն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Վերջնականապես հարցն այնպես դրվեց, որ պետք է Կենտրոնական հանձնաժողովն ամբողջությամբ հավաքվի եւ որոշի` թույլ տալի՞ս են, թե՞ ոչ տուփերը բացել: Բայց այդ ժամանակ սկսվեցին կրակոցները, ցանկապատների տապալումը եւ այլն, եւ ես ժողովրդին դուրս հանեցի Ազգային ժողովից` հայտարարելով, թե այսօր տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, եւ մեր պահանջները կկատարվեն: Բայց դրանից հետո բանը բանից անցել էր:
Զառա Կարապետյան - Սկսած 2003-ից` դուք Արամ Զ. Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Գ. Սարգսյանի եւ այլոց հետ «Արդարություն» դաշինքում էիք։ Ի՞նչն էր ձեզ միավորում:
Վ. Մանուկյան - Ես կարող եմ ասել, թե ինձ ինչն էր միավորել իրենց հետ, թե իրե'նց իրար հետ ինչն էր միավորում, չեմ կարող ասել: Երեւի ամեն մեկին առանձին -առանձին պետք է հարցնել: Ինձ միավորում էր այն, որ 2003 թվականի ընտրությունների առաջին փուլում տեղի ունեցան այնպիսի վայրագություններ, որ ինքդ քո սկզբունքները հարգելու համար պետք է միավորվեիր այն թեկնածուի հետ, որն արժանացել է ժողովրդի քվեին եւ անցել երկրորդ փուլ:
Զառա Կարապետյան - Ի՞նչ զգացողություն ունեցաք 96-ին, երբ իմացաք, որ ձեր ղեկավարած շարժման մարդիկ ծեծել են ձեր երբեմնի մտերիմ ընկերոջն ու կոմիտեական զինակցին։ Առիթ ունեցե՞լ եք ներում խնդրելու Բաբկեն Արարքցյանից:
Վ. Մանուկյան - Երբ ես իմացա, որ Բաբկեն Արարքցյանին ծեծի են ենթարկել, շատ վատ զգացի: Ոչ միայն այն պատճառով, որ ես, ընդհանրապես, բռնությանը կողմնակից չեմ, այլ նաեւ` նա եղել է իմ ընկերը եւ, բացի դրանից, ես իր դուստրերի կնքահայրն եմ: Իսկ ինձ համար դա կարեւոր նշանակություն ունի: Բայց դեպքերն այնքան անկանխագուշակելի եւ անկառավարելի ընթացք ունեցան, որ այդպիսի քաոսային վիճակում այդպիսի դեպքերը դժվար կլիներ բացառել: Ես առիթ չունեցա այդ մասին խոսելու, որովհետեւ այդ գիշեր ձերբակալվեցին Դավիթ Վարդանյանը, որը դարձյալ մեր զինակիցն էր ու ընկերը, Ռուբեն Հակոբյանը, Կիմ Բալայանը եւ մյուսները, ում տանելով ԿԳԲ` ձեռքներն ու ոտքերը կապել էին ու դաժան ծեծի ենթարկել: Դա արդեն ինձ բարոյական իրավունք չէր տալիս ներողություն խնդրել մի բանի համար, երբ սանկցավորված բռնություններ կատարվեցին ԱԺ պատգամավորների նկատմամբ: Բայց ես, իհարկե, ցավում եմ այդ դեպքերի համար:
Սարգիս Կ. - Ձեր ելույթում դուք ասել եք. «Ինչո՞վ ենք մենք գաղափարապես տարբերվում «Ժառանգությունից»։ Այդ դեպքում ինչո՞ւ չհաջողվեց Ձեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միավորումը ԱԺ ընտրություններից առաջ։ Ասում են` խանգարողը եղել է երկուսիդ վառ անհատականությունը:
Վ. Մանուկյան - Երբ գաղափարներն իրար մոտ են, դա դեռ չի նշանակում, որ հնարավոր է միավորվել, որովհետեւ միշտ ուրիշ պատճառներ էլ են դեր խաղում: Երբ ԱԺՄ-ն անջատվեց ՀՀՇ-ից, այդ անջատման պահին մեր քաղաքական հակասությունները լուծելի հակասություններ էին: Այսինքն` այդ պահին կային հակասություններ, բայց գաղափարական այն մեծ ճեղքը չէր, որը հնարավոր չէր փակել: Տարիների ընթացքում գնալով այդ ճեղքը` գաղափարական, մեծացավ: Բայց միշտ նշանակություն ունի մարդկային գործոնը, նաեւ` պրակտիկ քաղաքականությունը եւ ոչ միայն գաղափարները:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միավորվելու հարցին, ապա այստեղ գաղափարները չէ, որ խանգարում էին, այլ այն սկզբունքը, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ միավորումը: Նույնիսկ այստեղ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղի հարցը չէր: Բայց քանի որ ես դրա մասին արդեն խոսել եմ, եւ այդ նյութը շատ երկար է, թույլ տվեք ինձ չշարունակել այդ բացատրությունները: Բայց ես կրկնում եմ, որ միայն գաղափարները դեռ բավարար չեն միավորվելու համար:
Ինչ վերաբերում է վառ անհատականություններին, ապա այդպիսի վառ անհատականություններ կան եւ' ԱԺՄ-ում, եւ' «Ժառանգությունում», ինչը երբեք չի խանգարել միավորվելուն:
Գարեգին - Ձեր կուսակցությունը բազմամարդ չէ եւ, բնականաբար, չի կարող գոյատեւել անդամավճարների հաշվին։ Ինչպե՞ս է գոյանում կուսակցության բյուջեն։ Ինչո՞վ եք ապրում Դուք ԱԺ պատգամավորի աշխատանքը թողնելուց հետո:
Վ. Մանուկյան - Հայաստանում ընդհանրապես, բացառությամբ 2-3 կուսակցության, մյուս կուսակցությունները բազմամարդ չեն, բայց նույնիսկ այդ կուսակցություններում ես չեմ կարծում, որ կուսակցական ծախսերը փակվում են անդամավճարներով: Ինչքանով ինձ հայտնի է, որեւէ կուսակցության դա դեռ չի հաջողվել: Բոլոր կուսակցությունները գոյատեւում են նվիրատվությունների հաշվին: Նույնն էլ մեր կուսակցությյան դեպքում է:
Ինչ վերաբերում է իմ անձնական հարցերին, ապա իսկապես դեռ շատ ժամանակ չի անցել, որ ես պատգամավոր չեմ, եւ այդ պրոբլեմը դեռ շատ սրություն չի ստացել: Բայց առջեւում այդ պրոբլեմը կա` աշխատանքի եւ աշխատավարձի պրոբլեմը:
Լ. Խաչատրյան - Խնդրում եմ պարզաբանեք Ղարաբաղի հարցի լուծման ձեր տարբերակը։ Եվրամիություն հիշեցնող մոդելին մեր տարածաշրջանն ինչքա՞ն ժամանակում կմոտենա, եւ արդյոք Հայաստա՞նն է, որ պիտի դառնա այդ մոդելի նախաձեռնողը:
Վ. Մանուկյան - Իմ ելույթի մեջ այդ հարցը մասամբ պարզաբանվել է, ես չէի ուզենա այժմ ավելի մանրամասնել: Ուղղակի երեւի ժամանակը չէ այդպիսի երկարածավալ աշխատանքով զբաղվելու: Մի օր առիթ կունենամ դրա մասին առավել ամբողջական հոդված գրելու:
Լ. Խաչատրյան - Մի հարցազրույցում դուք նշել եք, որ որոշ տարածքներ գրավվել են առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի իմացության։ Եթե դա ճիշտ է, ինչպե՞ս էր հաջողվում Տեր-Պետրոսյանին արտաքին քաղաքականություն վարել:
Վ. Մանուկյան - Այդ ժամանակաշրջանում բավականին հակասություններ կային Հայաստանի իշխանությունների ներսում, ինչպես նաեւ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանությունների միջեւ: Ես չեմ կարծում, որ հիմա ժամանակն է անդրադառնալ այդ հարցերին: Փառք Աստծո, մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթել ենք, եւ այդ հաղթանակում ամեն մեկն ունի իր դերակատարությունը: Հետագայում թող պատմաբաններն այդ հարցը փորփրեն, տեսնեն` ով ինչ է արել: Կարեւորն այն է, որ գնանք այնպիսի ճանապարհով, որ պատերազմը չվերսկսվի: Որովհետեւ, եթե կինոյով պատերազմի մասին դատողություններ անողների համար դա արկած է, ապա պատերազմ տեսած մարդկանց համար, իսկ ես այդ մարդկանցից մեկն եմ, դա սարսափելի մի երեւույթ է, որից պետք է հնարավորինս խուսափել:
Մասնավոր մտածող - Բոլոր նախագահական թեկնածուներն անխտիր, այդ թվում նաև իշխանական թեկնածուն, իրենց ծրագրերում, նախընտրական խոստումների մեջ նախատեսում ու կանխատեսում են համակարգային լուրջ, նույնիսկ թռիչքային փոփոխություններ: Բոլորն անխտիր խոստանում և կանխատեսում են Հայաստանին բարեկեցիկ/ եվրոպականին հավասար/ ապագա: Դա գալիս է ենթադրելու, որ, իրոք, մենք թևակոխում ենք պատմական նոր ժամանակաշրջան` անկախ նրանից, թե ով կլինի նախագահը: Ի՞նչ հիմքեր եք տեսնում Դուք նախագահաթեկնածուների այս օպտիմիստական հիստերիայի մեջ:
Վ. Մանուկյան - Նախեւառաջ, բնական է, որ նախագահի ցանկացած թեկնածու պետք է ասի, որ իր օրոք Հայաստանը թռիչքաձեւ զարգանալու է եւ այլն, եւ այլն, եւ այլն: Դա բնական է: Բոլորը պետք է միաժամանակ ասեն ժողովրդավարություն, ազգային արժեքներ, ազատություններ, մարդու իրավունքներ, բնության պահպանում եւ այլն: Եվ այդ պատճառով կարեւոր է դառնում ոչ թե ով ինչ է ասում, այլ թե ասածի հետեւում ով կամ ինչ է կանգնած: Մարդն իր անցած ճանապարհով ապացուցե՞լ է, որ ինքն այդ արժեքներով հետեւողականորեն առաջնորդվել է, եվ երկրորդ` նույնիսկ ցանկության դեպքում նա ի վիճակի՞ է, թե՞ ոչ: Դա արդեն թողնվում է ընտրողի հայեցողությանը:
Կարապետ - Ձեր կնոջ եւ երեխաների դերը ձեր քաղաքական գործունեության մեջ։
Վ. Մանուկյան -«Ղարաբաղ» կոմիտեն ստեղծելուց հետո, սկզբում, երբ մենք չունեինք շենք, բոլոր նիստերը տեղի էին ունենում մեր տանը: Եվ կինս ու երեխաներս իրենց ամբողջ օրն անցկացնում էին Շարժման մեջ: Մեր տուն զենք էին բերում, զենք էին տանում, ջոկատներ էին գալիս ու գնում: Այնպես որ, ուզած-չուզած, մեր ամբողջ ընտանիքը մասնակցել է այդ պայքարին: Եվ բնական է, որ առաջացել են շատ գիտելիքներ, եւ իրենք շատ լավ գիտեն Շարժման նրբությունները: Շարժման ձգտումներն ու երազանքները նրանց մեջ շատ խորն են նստած. առավել եւս, որ իմ կինը Ռաֆայել Իշխանյանի դուստրն է, եւ մինչեւ ամուսնությունն ինքն արդեն ստացել էր համապատասխան դաստիարակություն:
Արման - ԱԺՄ-ի համագումարի Ձեր ելույթում ասում եք, որ մարզպետները պետք է նշանակովի չլինեն, այլ ընտրովի, եւ նոր սահմանդրություն է պետք ընդունել, որով մարզերի ղեկավարությունը պետք է ընտրովի լինի, մարզերն ունենան ներկայացուցչական մարմին։ Ի՞նչ կտա դա Հայաստանին, չէ՞ որ այժմ համայնքապետերն ընտրովի են, եւ համայնքներն ունեն ներկայացուցչական մարմիններ`ավագանիներ, բայց դրանից կյանքը չի լավանում, եւ այդ ընտրություններն էլ ֆիկտիվ են:
Վ. Մանուկյան - Մի բանում ես համաձայն եմ Ձեզ հետ. եթե ընտրությունները ֆիկտիվ են, ապա ոչ մի ընտրություն Հայաստանին օգուտ չի բերելու: Բայց, եթե ընտրությունները տեղի ունենան ազատ եւ արդար, այդ դեպքում մարզերի ղեկավարները, մարզային կառույցներն արդեն պատասխանատու կլինեն ոչ միայն երկրի ղեկավարության առջեւ, այլ նաեւ կդառնան իրենց ժողովրդի կամքի արտահայտողը` ժամանակ առ ժամանակ բանավիճելով նաեւ կենտրոնական իշխանության հետ, եթե նրա գործունեությունը չի համապատասխանում իրենց մարզի ժողովրդի ցանկությունների եւ կարիքների հետ:
Արամ Ազարյան - Վերջերս Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ ու գիտնականներ իրենց բողոքն արտահայտեցին «Հ1»-ի անբարո վարքի դեմ։ Դուք` որպես քաղաքական գործիչ, ինչու՞ չեք նախաձեռնում նման ակցիաներ, եթե ձեզ համար թանկ է մամուլի ազատությունը:
Վ. Մանուկյան - Ինձ համար թանկ է մամուլի ազատությունը, եւ ես ողջունում եմ այդ մտավորականների նամակը: Քանի որ ես քաղաքականության մեջ եմ, լրատվամիջոցների ազատության եւ անկողմնակալ լինելու պահանջը թե' մեր կուսակցությունը, թե' բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ բարձրացնում են արդեն 10-15 տարի: Բայց արդյունք չկա:
Արամ Ազարյան - Ինչպե՞ս եք գնահատում մամուլի ազատությունը մինչեւ 98 թ. եւ 98-ից հետո։ Նմանություններ եւ տարբերություններ։
Վ. Մանուկյան - Ես չեմ ցանկանում մանրամասն վերլուծել այդ հարցը, բայց կարող եմ ասել, որ մամուլի ամենաազատ ժամանակաշրջանը 1998 թ. կողմերն էր, երբ մի իշխանությունն արդեն գնացել էր, մյուսը եկել էր, բայց դեռ չէր տիրապետում իրավիճակին, եւ մամուլն ու հեռուստատեսությունը չէին կառավարվում իշխանությունների կողմից: Այդ վիճակը երկար չտեւեց. շատ շուտով իշխանությունները սկսեցին կամաց-կամաց ուժեղացնել իրենց վերահսկողությունը, մանավանդ հեռուստատեսության նկատմամբ, եւ այժմ ունենք այն, ինչ ունենք:
Ստեփան - Այսօր բյուջեն լցնելու համար մանր ու միջին բիզնեսի ջարդ է գնում։ Հստակ է, որ բյուջեն լցնելու այս տենդը Ադրբեջանի հետ մրցավազքի արդյունք է։ Սակայն փոքր ու միջին բիզնեսը ջարդելով` հերթը կհասնի ավելի խոշորին, իսկ հետո ձեռնարկություն չի մնա, որ հարկեր մուծի, ու երկիրը կավերվի։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս պրոցեսը կանխելը:
Վ. Մանուկյան - Ես լիովին համաձայն եմ Ձեր գնահատականի հետ, այն առումով, որ իսկապես Հայաստանի ղեկավարությունը մրցույթի մեջ է մտել Ադրբեջանի ղեկավարության հետ եւ ցանկանում է իր բյուջեն դարձնել համարժեք կամ էապես ոչ ավելի ցածր, քան Ադրբեջանինը: Բայց նա գնում է սխալ ճանապարհով: Այդ ճանապարհով գնալիս որդեգրել է երկու սկզբունք` բյուջեն լրացնել` ճնշելով գործարարներին, եւ մեկ էլ ընդերքը վաճառելով` առանց հաշվի առնելու հետեւանքները: Թեղուտի անտառի օրինակը դրա վառ արտահայտություններից է:
Ինչ վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսին, ապա այն ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում բիզնեսի ողնաշարն է: Շատ զարգացած երկրներում, ընդհուպ Միացյալ Նահանգներում, աշխատատեղերի մոտ 40-70 %-ն ապահովում է փոքր եւ միջին բիզնեսը: Եվ ամենամեծ խնամքով պետք է վերաբերվել դրան: «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները: Մեզ համար այդ օրենքը շատ հոգեհարազատ է, որովհետեւ այն ԱԺՄ-ի 1995-1996 թթ. ծրագրի մեջ էր: Մենք եղել ենք դրա ջատագովը: Իրենք պատճառաբանում են, որ այդ օրենքից օգտվում են նաեւ խոշոր հարկատուները: Օրենքը հետեւյալն է. տարեկան 50 մլն շրջանառության դեպքում 5% հարկ է վճարվում` ազատվելով ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից: Դա հսկայական իմպուլս տվեց միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում: Դրանից օգտվեցին նաեւ խոշոր հարկատուները` իրենց ձեռնարկությունները մանրացնելով եւ շրջանառությունը դարձնելով 50 միլիոնից պակաս, որպեսզի իրենք էլ օգտվեն այդ օրենքից: Եվ հիմա նրանց դեմ պայքարելու պատրվակով, փաստորեն, այս նոր փոփոխություններով ոչնչացնում են միջին բիզնեսը: Պարզեցված հարկը մնում է, բայց դրանց համար այնքան լրացուցիչ պայմաններ են դրված, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են մղվում այդ ասպարեզից, վճարելու են 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, 20 տոկոս շահութահարկ, եւ որպեսզի իրենց բիզնեսը լինի շահութաբեր, ստիպված են լինելու բարձրացնել գները:
Այսինքն` իրենք սրանով հարված են հասցնում փոքր եւ միջին բիզնեսին` իմ կարծիքով առանձնապես չմեծացնելով բյուջեն` միաժամանակ նպաստելով գների բարձրացմանը: Ես շատ բացասաբար եմ վերաբերվում դրան:
Դրա դեմ պայքարի ձեւերից մեկն էլ այն է, որ ունենանք ոչ թե կոճակ սեղմող Ազգային ժողով, այլ Հայաստանի ժողովրդի եւ պետության շահն արտահայտող: Բայց այս Ազգային ժողովում այդպիսի բան չի լինի: Ես ճանաչում եմ բազմաթիվ պատգամավորների, ովքեր դեմ են եղել այս փոփոխություններին, բայց գնացել, կոճակը սեղմել են, որովհետեւ վերեւում այդ են պահանջել:
Ստեփան -Դուք միակ քաղաքական գործիչն եք, որ խոսում է պատերազմի վտանգի մասին եւ տեսնում է այդ վտանգը։ Այդ վտանգի զգացողությունը բացակայում է մյուս քաղաքական ուժերի մեջ, ինչը խորը մտահոգություն է առաջացնում: Չե՞ք պատրաստվում մյուս քաղաքական ուժերի հետ համախմբվելու նախաձեռնություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ծրագրեր մշակելու համար։ Ի վերջո, միայն նախագահական ընտրություններով կյանքը չի ավարտվում, անհաջողության դեպքում խնդիրները մնում են ակտուալ, բայց մոտ ապագայում կարող է ավարտվել Հայաստանի եւ Արցախի անկախության ծրագիրը։
Բոլոր քաղաքական ուժերը կողմ են խոսքի ազատությանը, բայց նրանցից իշխանության եկողները սահմանափակում են այն, որ իրենց հասցեին տհաճ հաղորդումներ չլսեն։ Ի՞նչ է ձեզ համար խոսքի ազատությունը, կա՞ մի իրավիճակ, որ դուք էլ անհարժեշտ կհամարեք սահմանափակել այն։
Վ. Մանուկյան - Եթե ես լինեի իշխանության մեջ, երբեք չէի վերահսկի մամուլի ազատությունը, բացի, միգուցե, ռազմական իրավիճակից, երբ ինչ-որ չափով ինֆորմացիան պետք է սահմանափակվի, բայց միայն օրենքով եւ որոշակի ժամանակահատվածում: Բայց իմ բարի կամքը քիչ է: Պետք է լինեն օրենքներ, եւ այդ օրենքների կատարման փորձ ու ավանդույթ, անկախ դատարաններ, որպեսզի խոսքի ազատությունը պաշտպանված լինի:
Ինչ վերաբերում է պատերազմին, ապա քանի որ ես եղել եմ պաշտպանության նախարար եւ բազմիցս եղել եմ ռազմաճակատում, տեսել եմ ու գիտեմ եւ կրկնում եմ, որ պատերազմն արկածային կինոնկար չէ, դա սարսափելի բան է, երբ դու տեսնում ես զոհված մարդկանց` անկախ ազգությունից, որովհետեւ, այնուամենայնիվ, մարդը մնում է մարդ: Այսինքն` պատերազմն ինձ համար բացարձակապես անընդունելի բան է: Մյուս կողմից էլ պատերազմի հավանականությունը գնալով կարող է մեծանալ այն դեպքում, երբ դու թուլանում ես, իսկ դիմացինդ` ուժեղանում: Այդ դեպքում պատերազմի վտանգը էապես մեծանում է. դրա համար իմ կոչերը` ազգային ժողովրդավարական պետություն, տնտեսության զարգացում, համաշխարհային ազգ, այդ բոլոր ծրագրերի հիմքում, բացի զարգացումից, ընկած է նաեւ անհանգստություն, որ եթե այդպես չլինի, ապա մենք չենք կարողանա կանխել պատերազմը: Շատ մեծ նշանակություն ունի նաեւ համաեվրոպական պայմանավորվածությունները սովորական զենքերի սահմանափակման մասին:
Ըստ այդ համաձայնագրի` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սովորական սպառազինությունները (տանկեր, թնդանոթներ, ռազմական ինքնաթիռներ եւ այլն) չեն կարող գերազանցել որոշակի քանակություններ, որոնք նույնն են երեք հանրապետությունների համար: Եթե այդ թվերը պահպանվեին, ինչքան էլ մեկը կատարելագործեր իր տանկերը` համեմատած մյուսի տանկերի հետ, միեւնույն է, չէր հարձակվի, որովհետեւ մի երեք անգամ պետք է ուժեղ լինել այդպիսի քայլի դիմելու համար: Ցավոք սրտի, հիմա այդ եվրոպական պայմանագիրն էլ չի աշխատում: Ռուսաստանն այն ժամանակավոր սառեցրեց:
Ինչ վերաբերում է միասին քննարկմանը, ապա ես կարծում եմ, որ դա պետք է լինի անկախ ընտրությունների արդյունքներից: Դա պետք է լինի իշխանության եւ ընդդիմության միասնական մտահոգությունը, որովհետեւ եթե իշխանությունն ու ընդդիմությունը իրար հետ վիճում են, դա չի նշանակում, որ պետք է վիճեն բոլոր հարցերում: Կան հարցեր, որոնք ընդհանուր են ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի համար: Կան հարցեր, որոնք ընդհանուր են Հայաստանի քաղաքացիների համար, բոլորի համար: Եվ կան հարցեր, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է նույն ձեւով մտածեն: Ձեր նշած հարցը այդ հարցերից մեկն է, եւ ես գտնում եմ, որ Դուք շատ ճիշտ եք:
Մասնավոր մտածող - 2008 թվականին հայաստանաբնակ հայ հավաքականությունն իր էվուլյուցիոն վերափոխումների ճանապարհին կկատարի ևս մի ճիգ` դուրս գալու համար քաղաքակիրթ զարգացման ուղի: Հասարակական շարժումների ղեկավարման փորձ ունեցող յուրաքանչյուր անհատի առջև դրված է խնդիր` առաջնորդել այդ շարժումն ու առաջ քաշել և դաստիարակել նոր լիդերներ: 1996 թվականի սեպտեմբերյան շարժումը, որը ձախողվեց, պետք է հասնի իր տրամաբանական ավարտին: Կան նոր ֆորմացիայի անցման շարժիչ ուժերն ու նախադրյալները:
Դուք լիիրավ տիրապետում եք այն գիտելիքին ու հնարավորություններին, ինչը հայ ժողովրդին հնարավորություն կտա կատարելու այդ կարևոր պատմական անցումը:
Վ. Մանուկյան - Ես մասամբ տիրապետում եմ այդ գիտելիքներին եւ հնարավորություններին: Ոչ ոք չի կարող տիրապետել ամբողջությամբ, մանավանդ` մեծ արագությամբ փոխվում է եւ' Հայաստանը, եւ' աշխարհը: Եվ դրանից հնարավորություններն էլ են փոխվում: Եվ իսկապես, պետք է գան նոր մարդիկ, երիտասարդ լիդերներ, ովքեր ավելի համաչափ են քայլում աշխարհի հետ, ավելի ադեկվատ են օդի մեջ կախված փոփոխություններին: Ես փորձում եմ թերթերի հարցազրույցների, կուսակցության ներսում երիտասարդների հետ աշխատելով` մասամբ փոխանցել նրանց իմ գիտելիքներն ու փորձը: Բայց դա քիչ է. իրական փորձի փոխանակում, իրական փորձի անցում մի սերնդից մյուսը տեղի է ունենում, երբ պետության մեջ մեխանիզմներ են աշխատում` նորմալ ընտրություններ լինեին, նորմալ երիտասարդներ գային Ազգային ժողով, նոր երիտասարդներ իրենց կարիերան սկսեին կուսակցության շրջանակներում եւ կուսակցության ներսում անցնեին քաղաքական այդ դպրոցը, ինչը շատ մեծ նշանակություն կարող էր ունենալ:
Մենք մի ժամանակ կուսակցությունում ունեինք քաղաքական դպրոց. ցավոք սրտի, հիմա այն չի գործում: Այնտեղ հավաքում էինք երիտասարդներին, հրավիրում էինք տարբեր մասնագիտությունների դասախոսներ համալսարաններից, ովքեր, այդ թվում եւ ես, դասավանդում էին: Եվ ես կարծում եմ, որ դա պետք է լինի ամեն մի կուսակցության ձգտումը, բայց, ավաղ, այսօր կուսակցությունների միջոցով չի կարգավորվում քաղաքական կյանքը:
Գայանե Նալբանդյան, Երեւան - Լեւոն Տեր-Պետրոսյանին չեք սիրում, դա պարզ է։ Ի՞նչ հարաբերություններ ունեք «Ղար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել