HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շորժան օազիս է համատարած գորշության մեջ

472 բնակիչ ունեցող Շորժայի համար 2007 թ. համայնքային բյուջեն զարմանալիորեն մեծ է թվում` 38 միլիոն 575 հազար դրամ: «15 համայնքի բյուջե է»,- անթաքույց հպարտությամբ ասում է համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:

Ոչ պակաս զարմանալի է բյուջեի կատարման ցուցանիշը դեկտեմբերի 10-ի դրությամբ` 96,17 %: Հետեւապես, անհրաժեշտություն է առաջանում վերլուծել այս ցուցանիշները` հասկանալու համար, թե ինչու մյուս համայնքները չունեն նման ցուցանիշներ:

Շորժայի բյուջեի կատարման բարձր ցուցանիշները շատ եւ շատ համայնքապետեր կբացատրեն համայնքի` Սեւանա լճի նկատմամբ աշխարհագրական մերձակա դիրքով եւ տարիների պատմություն ունեցող հանգստավայրային ձեւավորված գոտով: Սակայն Շորժան եզակի չէ իր աշխարհագրական հնարավորություններով, մինչդեռ, իբր— հակափաստարկ, հարկ է նշել, որ համանման աշխարհագրական գոտիներում գտնվող ոչ քիչ համայնքներ շարունակում են աշխատել ապառքների «ճիտին պարտքով» եւ գոյատեւման չփոփոխվող ընթացքով:

«Երեւի մարզի միակ համայնքն ենք, որ ապառքներ չունենք»,- ասում է համայնքի ղեկավարը` նշելով, որ նախորդ տարիներից մնացած 700 հազար դրամ ապառքը մարվել է այս տարի, իսկ մարման գործընթացի սկիզբը դրվել է դեռ նախորդ տարվանից: 2007 թ. համայնքին տրամադրվել է 2 մլն 317 հազար դրամ դոտացիա, որը, ի տարբերություն բազմաթիվ այլ համայնքների, չի օգտագործվել աշխատավարձի ծախսերի համար: Համայնքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների` մանկապարտեզի, մշակութային համալիրի աշխատավարձի ֆոնդը կազմում է 9 մլն դրամ` ներառյալ 3 մլն սոցիալական վճարները, ինչն արդեն գերազանցում է համայնքին հատկացվող դոտացիան: Համայնքապետարանի աշխատակազմի միջին աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, իսկ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների միջին աշխատավարձը` 30 հազար դրամ: Հաջորդ տարում որոշել են իրականացնել հաստիքների կրճատում եւ դրա հաշվին բարձրացնել համայնքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը: Ներկայումս համայնքապետարանը 14 աշխատող ունի:

Համայնքի եկամուտների «առյուծի բաժինը» կազմում են հողի օտարման եկամուտները` 21 միլիոն դրամ: Համայնքի ղեկավար Ս. Շուշանյանը նշում է, որ իրենք արժեւորում են համայնքի յուրաքանչյուր հողակտորը` ոչ միայն լճի մերձակա տարածքներում, այլեւ` անգամ հեռավոր եւ բարձրադիր գոտիներում: Գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման գործընթացն իրականացնում են օրենքով նախատեսված կարգով, ավագանու որոշմամբ, հայտարարությունների հրապարակումով, իրական աճուրդներով եւ մրցակցային սկզբունքով: Հայտարարություններից հետո հարյուրավոր հայտեր են տրվում: Աճուրդների ընթացքում իրականացվում է նվազագույնը 2-5 քայլ: Սակայն հիմնականում հողի արժեքը բարձրանում է մի քանի, անգամ տասնյակ անգամներ: Եղել են աճուրդներ, որոնց ընթացքում հաճախ հողի մեկնարկային գինը բարձրացել է մինչեւ հազար անգամ: Աճուրդների մասին հայտարարություններն օրենքի պահանջին համապատասխան զետեղում են ոչ միայն մամուլում, այլեւ փակցնում են համայնքապետարանում: Կայանալիք աճուրդների մասին անհատական նամակներ են հղում նաեւ համայնքի այն բնակիչներին, ովքեր վճարունակ են եւ ցանկություն ունեն դառնալ նոր հողակտորների սեփականատերեր: Իրականացրած աճուրդների եւ հողի օտարման արդյունքում համայնքի հողակտորների սեփականատերեր են դարձել ինչպես Շորժայի եւ մեր հանրապետության տարբեր բնակավայրերի քաղաքացիներ, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ավստրիայի եւ այլ երկրների քաղաքացիներ: «Սանկտ Պետերբուրգից, Սախալինից հարկատու ունենք, վա՞տ է»,- հարցնում է համայնքի ղեկավարը:

Հողի օտարման եւ վարձակալության գումարները մուտքագրվում են համայնքի ֆոնդային բյուջե, որն այս տարի կազմում է 25 մլն դրամ: Այն կարելի է ծախսել միայն կապիտալ գործառնությունների եւ ոչ, ասենք, աշխատավարձի կամ օգնության նպատակով: Հողի օտարման, վարձակալության եւ պետական գրանցումից հետո հողի սեփականատերը կամ վարձակալը դառնում է հարկատու, եւ «տասնյակ տարիներ չօգտագործված, անխնամ մնացած հողը մեզ սկսում է եկամուտներ բերել,- նշում է Ս. Շուշանյանը,- եւ սա այն պարագայում, երբ Շորժան ունի ընդամենը 33 հա սեփականաշնորհված հող»:

Համայնքի գույքի օտարումից մուտքերը նույնպես փոքր չեն` 4 մլն դրամ: Հողի վարձավճարները` 6 մլն դրամ: Պլանավորվել է 1 մլն 700 հազար դրամ հողի հարկի հավաքագրում, սակայն սեպտեմբերի 1-ի դրությամբ հողի հարկը հավաքագրվել է 107,2 %-ով, որը կազմում է 1 մլն 780 հազար դրամ:

Չհրապուրվենք թվերով, այլ ներկայացնենք այն մոտեցումները, որոնք կիրառում է Շորժայի համայնքապետարանը հարկերի հավաքման գործընթացը պատշաճ իրականացնելու համար: Համայնքի ղեկավարը նշում է 3 մոտեցում`
1. հարկատուներն ինքնակամ են վճարում, որն ամենացանկալին է,
2. բացատրական աշխատանք է տարվում հարկատուների շրջանում, յուրաքանչյուր անպարտաճանաչ հարկատուի անհատապես հիշեցնում են հարկերի չվճարման դեպքում կիրառվող վարչական տույժերի մասին,
3. վարչարարական միջոցների կիրառում ծայրահեղ դեպքերում:

Վարչարարական միջոցները ներառում են անհատական գրավոր ծանուցումների ներկայացում, ինչպես նաեւ` կոշտ դիրքորոշում տեղեկանքների տրամադրման հարցում: Եթե անպարտաճանաչ հարկատուն հատկապես գումարային գործարքների կամ նպաստ ստանալու նպատակով յուրաքանչյուր տարի դիմում է համայնքապետարան տարաբնույթ տեղեկանքների համար, իրենք էլ բացատրում են` «մուծիր հարկերդ, որից հետո դիմիր տեղեկանք ստանալու հարցով»: Այս մոտեցումը, որ հաջողությամբ կիրառվում է ոչ միայն Շորժայում, շատ ու շատ համայնքապետարանների աշխատակիցների կարծիքով անօրինական չէ, այն անհրաժեշտ եւ միակ լծակն է համայնքային բյուջեների կատարման գործում: Որպես օրինակ` համայնքի ղեկավարը նկարագրում է մի իրավիճակ, երբ, ասենք, համայնքի բնակիչն իր անասունը վաճառելու համար դիմում է համայնքապետարան տեղեկանք ստանալու նպատակով: Նա չի վճարել արոտավայրի 1000 դրամ տարեկան վարձավճարը եւ հիմա 100-200 հազար դրամի չափով եկամուտ է ստանալու: «Հալալ լինի, բայց իր 1000 դրամ հարկը չվճարի՞»: Համայնքի ղեկավարը համոզված է, որ նման մոտեցումը մարդու իրավունքների խախտում չէ, ընդհակառակը` նման մոտեցումն օգնում է, որպեսզի քաղաքացին գիտակցի իր պարտականությունները:

Տարեկեսին նորանշանակ մարզպետ Նվեր Պողոսյանը գրությամբ դիմել է բոլոր համայնքներին` խնդրելով տրամադրել պետական եւ այլ կառույցներում աշխատող անպարտաճանաչ հարկատուների անունները: Համայնքապետը նշում է, որ Շորժան, երեւի, միակ համայնքն է, որ հարկահավաքման գործում չի օգտվել մարզպետի միջամտությունից: Ճիշտ է, իրենք նույնպես ունեն անպարտաճանաչ հարկատուներ, սակայն ամենօրյա աշխատանքի միջոցով կարողանում են «համոզել» նրանց: Մի բնակիչ, որ համայնքային բյուջեին պարտք էր 101 հազար դրամ, ամբողջությամբ մարեց պարտքը իր խոտի դեզի հրդեհվելուց ամիսներ հետո, երբ հրդեհից անմիջապես հետո համայնքը նրան տրամադրեց 50 հազար դրամ ֆինանսական աջակցություն 5 տ խոտ ձեռք բերելու համար: Սա աննախադեպ երեւույթ էր, սակայն ՏԻՄ ներկայացուցիչների համար կարեւորն այն էր, որ այդ ընտանիքը կարողացավ գնահատել համայնքի աջակցությունը:

2005 թ. Շորժայի համայնքապետարանը տեղական բյուջեի հաշվին ձեռք է բերել ծառայողական «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, 2006 թ.` բազմաֆունկցիոնալ տրակտոր: Այս տրակտորի միջոցով 2007 թ. ընթացքում համայնքում կազմակերպվել է աղբահանություն: Համայնքում ճամփեզրերին տեղադրվել են 32 աղբամաններ, — շաբաթական 2 անգամ մեքենան տեղափոխում է հավաքված աղբը, որն այրում են ՀՀ կառավարության որոշմամբ այդ նպատակով Շորժա համայնքին հատկացրած 1 հա աղբատեղում:

2007 թ. համայնքի ամենամեծ ձեռքբերումը հացահատիկահավաք կոմբայնն է` 11 մլն դրամով: Կոմբայնի շուկայական արժեքը համարժեք է շուրջ 470 հազար ԱՄՆ դոլարին, սակայն Ճապոնիայի կառավարությունն այն նվիրել է Հայաստանին: Կոմբայնի շահագործման համար համայնքապետարանը ձեռք է բերել դիզելային որակյալ վառելանյութ, որը մեծածախ գնով տրամադրում է համայնքի այն բնակիչներին, ովքեր ցանկություն են հայտնում օգտվել հացահատիկահավաք կոմբայնի ծառայությունից: 1 հա հնձելու համար համայնքի բնակիչը վճարում է 20 լ դիզվառելիքի շուկայական արժեքը` 4800 դրամ, եւ 7 հազար դրամ հնձելու համար: Այս տարի կազմակերպել եւ 3-4 օրում հնձել են համայնքի ողջ բերքը, որպեսզի կոմբայնը լրացուցիչ վազք չկատարի: Իրենց համայնքի աշխատանքներից հետո հացահատիկահավաք կոմբայնը տրամադրել են նաեւ այլ համայնքների, սակայն դիզվառելիքն արդեն հաշվարկել են շուկայական մանրածախ գնով, իսկ 1 հա հնձելու համար սահմանել են 12 հազար դրամ վճար: Միայն այս տարի հացահատիկահավաք կոմբայնի ծառայությունից բյուջե է մուտք արվել շուրջ 300 հազար դրամ:

2007 թ. կատարված աշխատանքների շարքում է բուժկետի շինարարությունը` «Հայկական Կարիտաս» կազմակերպության աջակցությամբ: Բուժկետը համատեղ կահավորվել է նույն կազմակերպության եւ համայնքի միջոցներով: Վերանորոգվել է համայնքում գտնվող 16-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, հիմնանորոգվել ու կանաչապատվել է գերեզմանատունը: Վերանորոգվել են ներհամայնքային ճանապարհները 1 կմ ընդհանուր երկարությամբ եւ 8 մ միջին լայնությամբ պոլիմերային ասֆալտապատման միջոցով: Ասֆալտապատման այս եղանակը նորություն է, որի արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն: 2 կմ ընդհանուր երկարությամբ կառուցվել են բետոնե մայթեզրեր: Հիմնանորոգվել է համայնքի ջրամբարներից մեկը: Հացահատիկի ցանքսերի եւ խոտհարքների մասսայական արածեցումը կանխելու նպատակով հանդապահի համար ձի են գնել: Շարունակվել է համայնքի` 2005-ին սկսված գազաֆիկացումը, եւ ներկայումս գազաֆիկացված է համայնքի շինությունների շուրջ 99 %-ը: Նյութական աջակցություն է տրամադրվել գյուղի 5 բնակիչների:

Այս բոլոր աշխատանքներն, անշուշտ, իրականացվել են ավագանու համապատասխան որոշումներով: Ուստի մեզ հետաքրքրեցին նաեւ ավագանու նիստերի մասին իրազեկության ապահովման հարցերը: Ինչպես նշեց աշխատակազմի քարտուղար Ջեմմա Մելքոնյանը, ավագանու անդամները գրեթե ամեն օր համայնքապետարանում են եւ նիստերի մասին տեղեկանում են բանավոր կարգով: Բնակչությանը հայտարարության միջոցով տեղեկացնելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ ավագանու անդամներն այդ տեղեկությունները հաղորդում են համայնքի անդամներին: Համայնքի ղեկավարի ասելով` ավագանու որոշումների հրապարակման անհրաժեշտություն նույնպես չի առաջանում: Եթե ավագանու նիստի արձանագրությունն էլ փակցնում են հայտարարությունների տախտակին, շատ քիչ մարդիկ են հետաքրքրվում: «Եթե ավագանուն ընտրել է ժողովուրդը, ապա ի՞նչ կարիք կա տուն-տուն ընկնել ու ժողովրդին ասել, որ 24 հազար դրամ հատկացրել ենք հոսանքի վարձին»,- փոքր-ինչ վրդովվում է համայնքի ղեկավարը: Որպես լրացում նշենք, որ համայնքի ղեկավարին նույնպես ընտրել է ժողովուրդը, եւ նա նույնքան հաշվետու է իր ընտրողներին, որքան եւ ավագանին: 

Համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության ու թափանցիկության պահանջներն ամրագրված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: Հետեւապես, այսքան լավ ցուցանիշներ արձանագրած համայնքի համար օրենքի պահանջների պահպանումն առավել քան ողջունելի կլինի: Համայնքի փոքր լինելը դեռ չի նշանակում փոքր բյուջե, ինչը հավաստվում է հենց Շորժայի օրինակով, իսկ բյուջեի կատարումը ենթադրում է հաշվետու վերաբերմունք, եւ հաշվետու լինելու մասին պահանջներն ամրագրված են «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով:

Որպես ամփոփում` կցանկանայինք ընդգծել, որ տեղական ինքնակառավարման համակարգում գորշությունն այնքան համատարած է, որ Շորժայի օրինակը, իր թերացումներով հանդերձ, օազիս է թվում գորշությանն ընտելացած աչքի համար: Ուզում ես հավատալ, որ անապատում օազիսներ լինում են:

Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter