HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձանձրույթ սրճարանում

Ես 
կարող էի, 
ես 
չձանձրանալ սրճարանում,

եթե միայն 
մեկն իր մաղձը չդարձներ 
քաղաքագիտություն,
մեկն իր զայրույթը չդարձներ
գրականագիտություն,
մեկն իր զարմանքը չդարձներ
հայրենասիրություն,
մեկն իր կարոտը չդարձներ
կացութաձեւ,
մեկն իր բարդույթները չդարձներ
արվեստի տեսություն,
մեկն էլ իր մեծությունը չդարձներ
ծիծաղի առարկա։

Էլի կարող էի չձանձրանալ,
եթե միայն
մեկն իր վաստակն աչքս չխոթեր,
մեկն իր բարբառով չփորձեր մտնել
համաշխարհային գրականության մեջ, 
մեկն իր ու իմ ողջ կյանքը չկապեր
հրեաների, մասոնների, իսրայելյան,
ամերիկյան, ռուսական եւ այլ
գաղտնի ծառայությունների հետ,
մեկն էլ իր գիտելիքով զահլա չտաներ
ու չփորձեր համոզել, թե 
հնդկացիների ցեղասպանությունը
ցեղասպանություն չէ մերի համեմատ։

Ես անվերջ կարող էի չձանձրանալ,
եթե միայն
մեկն անընդհատ ի՛ր մասին չխոսեր,
մեկն անընդհատ իրե՛նը չպնդեր,
մեկն անընդհատ կաշվից դուրս չգար՝
համոզելու համար, 
թե ձմեռները ցուրտ են լինում
ոչ միայն կամ ոչ անպայման
բնական պատճառներով,
մեկն էլ անընդհատ չասեր՝
եթե հաղթել ենք, ուրեմն՝ վերջ։ 

Ես շարունակ կարող էի չձանձրանալ,
եթե սրճարանում
խոսակցություն չբացվեր
մշակույթի սխալ նախարարների մասին,
օժանդակ բայերի մասին,
այլանդակ իշխանությունների մասին,
անարդար ընտրությունների մասին,
խեղճուկրակ ընդդիմադիրների մասին,
մեկի՝ քաղբանտարկյալ լինելու,
մյուսի՝ չլինելու մասին,
ԱԼՄ-ի մասին, թե մեր դեմքն է
եւ ԱՄՆ-ի մասին, որի գ... դեսպանացուն
համառորեն չի արտասանում 
այն մի հատիկ քաղցր բառը՝
ցե-ղա-սպա-նու-թյուն։

Չձանձրանալու ռեսուրսն իմ 
չէր սպառվի, եթե 
մեկը չասեր.
«Այսպես էլ պետք է լիներ»,
իսկ մյուսը չհարցներ.
«Բա մենք սրա՞ն ենք արժանի»։ 

Ռեսուրսն իմ չէր սպառվի էլի,
եթե մեկը չլիներ սնապարծ,
եթե մյուսը չլիներ սնափառ,
եթե երրորդը փառամոլ չլիներ,
եթե չորրորդը խաղամոլ չլիներ,
ու հինգերորդը չլիներ աճպարար։

Ռեսուրսն իմ չէր սպառվի 
կամ չէր մաշվի դանդաղ,
եթե վերջին հույսը չլիներ հույսը նախորդ,
եթե վերջին շանսը չլիներ հեռանալը,
եթե վերջին բաժակը չլիներ ավելորդ
ու վերջին կինը չլիներ մատուցողը,
ում դեմքին գրվածն էլ արտագրում եմ 
այսօր։

օգոստոս 2007թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter