19 տարի անց կամ լույս կա՞ թունելի վերջում
Ավարտվեցին փորձագետների տեսակետների եւ հարցազրույցների հերթական ցիկլի հրապարակումները Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում։ Ի՞նչ ցույց տվեցին դրանք։
Առաջին հերթին` այդ խնդրի նկատմամբ հասարակության տարբեր շերտեր ունեն տարբեր մոտեցումներ։ Փախստականների հետ հարցազրույցները շատ բանով նման են իրար։
Հակամարտության անմիջական զոհերին առաջին հերթին միավորում է վերապրած սարսափների ցավը, որը չի մեղմացել նույնիսկ շատ տարիներ անց։ Նրանցից յուրաքանչյուրի կյանքը հստակորեն բաժանվում է երկու շրջանի` հակամարտությունից առաջ եւ հետո։ Ընդ որում` նրանց համար առաջին շրջանը երջանիկ օրերի եւ հեռավոր կախարդական հեքիաթի ժամանակ էր ( Ռոզա Իբրահիմովա եւ Բաբիր Զեյնալով), երբ շուրջը լավ հարեւաններ էին եւ բոլորն ապրում էին մի մեծ ընտանիքով, երջանիկ էին (Վիկտորիա Օհանյան եւ Նինա Բեջանյան)։ Իսկ ահա երկրորդ շրջանը փախստականների եւ բռնի տեղահանվածների համար հանուն գոյատեւման մղվող պայքարի, կորուսյալ անցյալի մասին հիշողությունների շրջան է, կարծես կյանքը նրանց համար ավարտվել է։ Պատերազմը մարդկանց զրկեց սովորական կենսակերպից, եւ նույնիսկ ինչ-որ աշխատանք գտնելով` նրանք անկարող են վարժվել կյանքի նոր պայմաններին։ Քաղաքային պայմաններին վարժվածները չեն կարողանում ապրել գյուղերում եւ հակառակը։ «Մեզ ոչ ոք չի օգնել եւ չի օգնում» բառերը կրկներգի նման անցնում են բոլոր փախստականների հարցազրույցների միջով։ Նրանք ոչ մի կերպ չեն հարմարվում իրենց ներկա կարգավիճակին, քանի որ, ինչպես նրանցից մեկն է ասում, նրանք օտար են յուրայինների եւ յուրային չեն օտարների մեջ։
Ճիշտ է, փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցազրույցներում կան նաեւ տարբերություններ։ Երկու կողմերն էլ սիրով եւ կարոտով հիշում են այն հողը, որի վրա ծնվել են իրենք եւ իրենց նախնիները։ Սակայն հայ փախստականներն արդեն չեն մտածում Ադրբեջան վերադառնալու մասին, նրանց համար ամեն բան անցյալում է, նրանք մտածում են իրենց կյանքը Հայաստանում, նոր միջավայրում դասավորելու մասին։ Նրանց եւ հատկապես նրանց երեխաների համար Հայաստանը դարձել է նոր հայրենիք։ Հայաստանի հասարակությանն ինտեգրվելու ընթացքը մասամբ թեթեւանում է այն հանգամանքով, որ հայրեը, նույնիսկ գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս, պահպանել են հոգեւոր կապն իրենց հայրենիքի եւ ժողովրդի հետ, ձգտել են պահպանել իրենց էթնիկ ինքնությունը։ Դրա շնորհիվ, ապրելով Ադրբեջանում, հայերը երիտասարդ սերնդին պատմել են «մայր հայրենիքի» մասին, նրանց տանը միշտ եղել են հայ ժողովրդի պատմության գրքեր, որ նրանց թույլ է տվել երեխաներին դաստիարակել հայրենասիրական ոգով. «Իմ երեխաները սիրում էին կարդալ այդ գրքերը, հայկական պոեզիա» (Վիկտորիա Օհանյան)։ Ուստի, նույնիսկ լավ չիմանալով հայոց լեզուն, փախստականների այս խումբը չի մտածում իրենց օջախը վերադառնալու մասին։ Թեկուզ մեծ դժվարությամբ, բայց նրանք սկսում են հարմարվել նոր կյանքին եւ առաջին հերթին մտածում են երեխաների մասին։
Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանցի զոհերի հայացքներն այս դեպքում սկզբունքորեն հակադիր են։ Նրանք ընկալում են իրենց ներկա կարգավիճակը եւ կենսակերպը որպես ժամանակավոր մի բան եւ ջերմեռանդորեն հավատում են, որ վաղ թե ուշ կազատագրեն իրենց հողերը եւ կվերադառնան հայրենի օջախներ։ Փախստականների մեծ մասը ոչ միայն մտածում, այլեւ ցանկանում է վերադառնալ հայրենի օջախներ (Ռոզա Իբրահիմովա)։ Եւ այդպես մտածում է ոչ միայն հին, այլեւ նոր սերունդը. «Իհարկե, մենք մտածում ենք վերադառնալու մասին։ Թե՞ ինչ-որ մեկը լրջորեն համարում է, թե Շուշին կարող է չլինել մերը» (Բաբիր Զեյնալով)։ Հետաքրքիր է, բայց եթե հայ փախստականներն իրենց հիշողություններում ջերմ բառեր էին գտնում` ուղղված իրենց ադրբեջանցի հարեւաններին, ապա ադրբեջանցիներն ավելի կոշտ են տրամադրված եւ համարում են, որ պատերազմի վերքերը շատ խորն են եւ ապագա սերնդի համար շատ ավելի դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել հայերի հետ (Ռոզա Իբրահիմովա)։
Իսկ ինչպիսի՞ն է եղել հասարակության վերաբերմունքը այդ խնդրի նկատմամբ այս տարիներին։ Ըստ էության, թե Ադրբեջանում, թե Հայաստանում տարվել եւ հիմա էլ տարվում են աշխատանքներ փախստականներին եւ բռնի տեղահանվածներին տարբեր ոլորտներում օգնություն ցուցաբերելու համար։
Դրա հետ միասին, փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Իմրան Վելիեւի եւ Լեւոն Ներսիսյանի հարցազրույցներում աչքի է զարնում այն, որ նրանց ներկայացրած վիճակներն իրարից շատ չեն տարբերվում, խիստ նման են աշխատանքի մեթոդներով, շատ ընդհանուր բան կա նաեւ իրադրության գնահատականներում։
Բնականաբար, այս ամենից հետո անհրաժեշտ էր ծանոթանալ այս թեմայի վերաբերյալ երկու կողմերի քաղաքական գործիչների եւ քաղաքագետների կարծիքներին։ Այստեղ կարծիքները խիստ տարբերվում են, եւ հավանաբար դա կապված է հարցազրույց տվողների մասնագիտության հետ։ Այսպես, Մանվել Սարգսյանի կարծիքով, Հայաստանը այդ խնդրի լուծմանը ցուցաբերել է համակարգային մոտեցում, չի ձգտել քաղաքականացնել այն եւ փորձել է լուծել հնարավորությունների սահմաններում։ Բայց քանի որ հայ փախստականների կեսից ավելին հեռացել է հանրապետությունից, ապա նրանք դադարել են քաղաքական գործոն լինել Հայաստանի համար։ Այնուհետեւ Մ. Սարգսյանը իր ողջ պաթոսն ուղղում է Ադրբեջանի դեմ, որն այդ հարցերին մոտեցել է տրամագծորեն հակառակ տեսակետից։
Նրա ադրբեջանցի գործընկեր Էլդար Նամազովի տեսակետն այլ է։ Ըստ նրա` փախստականները եւ բռնի տեղահանվածները պայթյունավտանգ, կրիտիկական մեծ զանգված են, որը կարելի է օգտագործել որոշակի իրադրության մեջ եւ ծառայեցնել անհրաժեշտ նպատակների։ Հասկանալի է, որ ըստ Է. Նամազովի` փախստականները եւ բռնի տեղահանվածները որոշակի դեր են խաղում իրենց բնակության երկրի հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում, բայց ոչ` իրենց կամքով, այլ որովհետեւ նրանց իր շահերին է ծառայեցնում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Օրինակ` ղարաբաղյան հարցն ակտիվացնելու համար, ինչպես նաեւ որպես ընտրազանգված, բայց ընդհանուր առմամբ` որպես մութ ուժ, որպես ամբոխ, որը կարող է գնալ առաջնորդների, որոշակի կարգախոսների ետեւից։ Այդ զանգվածը պատրաստ է ամեն ինչի, քանի որ առավելապես բաղկացած է սոցիալական աղետի եզրին գտնվող մարդկանցից, առանց նյութական կամ այլ փոխհատուցման, առանց փաստացի կազմակերպական կառույցի, աշխատանքի, դուրս ընկած կյանքի սովորական ընթացքից։ Ընդհանուր առմամբ` դրանք մարգինալներ են, որոնք չեն գտել իրենց տեղը նոր պայմաններում։
Այսպիսով, փախստականների եւ բռնի տեղահանվածների դրության համառոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկա վիճակը ձեռնտու է բոլորին, բացի իրենցից` փախստականներից եւ բռնի տեղահանվածներից։ Ահա թե ինչու, օրինակ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքագետները վերը նկարագրված խնդիրները լուսաբանում են տարբեր դիրքերից. նրանք, ովքեր անմիջապես աշխատում են փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ, համարում են, որ հնարավոր է երկու լուծում. ա) նրանց հարազատ վայրեր վերադարձնելը, բ) նոր տեղում հասարակությանը նրանց ինտեգրելը։ Ընդհանուր առմամբ նրանք իրադրությունը գնահատում են օբյեկտիվորեն եւ իրատեսորեն, բայց նրանց հանձնարարականները պատասխան չեն տալիս կենտրոնական հարցերին` ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ ձեւերով կարող է լուծվել խնդիրը։ Թեեւ հասկանալի է, որ այն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի, տարածքային վեճի հետ։ Հենց դրանց լուծումն էլ կարող է ճանապարհ բացել փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդրի լուծման համար։
Ընդհանուր մասնագիտական հետաքրքրություններ ունեցող քաղաքագետները խնդրի լուծման հիմքում դնում են փախստականների եւ բռնի տեղահանվածների վերդարձը հարազատ վայրեր եւ դա համարում են խաղաղության տանող քայլերից մեկը։ Բայց այդ մոտեցումը բոլորովին իրատեսական չէ։ Այդ քաղաքագետները խնդրից շատ հեռու են կանգնած, եւ նրանց հանձնարարականները շատ բարձր դիրքից տրված խորհուրդների բնույթ ունեն։ Եւ այդ խորհուրդները տրվում են վերացական տոնով, իսկական օլիմպիական հանգստությամբ։
Իսկ իրենց` փախստականների եւ բռնի տեղահանվածների մակարդակում խնդիրներն ի հայտ են գալիս այլ տեսանկյունից։ Նրանք կարեւոր են համարում ստանալ գլխավոր հարցի պատասխանը` վերջապես ե՞րբ հասարակությունները ուշադրություն կդարձնեն նրանց վրա։ Ընդ որում` ադրբեջանցիների համար հիմնական խնդիրը հարազատ վայրեր վերադառնալու հարցն է։ Հայաստանում գտնվող հայ փախստականների համար ավելի կարեւոր է լուծել նոր տեղերում հասարակությանն ինտեգրվելու խնդիրը։ Միաժամանակ, երկու կողմի համար էլ կարեւոր է ստանալ հետեւյալ հարցի պատասխանը. եթե ոչ իրենք, ապա գոնե իրենց երեխաները, թոռները ընդհանուր լեզու կգտնե՞ն։ Երկու կողմերն էլ համարում են, որ իրենց մինչեւ վերջ չեն հասկանում ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում, քանի որ մինչեւ չընկնես հակամարտությունից տուժածի վիճակի մեջ, չես հասկանա փախստականների եւ բռնի տեղահանվածների ողբերգության ողջ խորությունը։ Մեծ հաշվով, նրանք դարձել մեծ տերությունների, պաշտոնական Բաքվի եւ Երեւանի, ինչպես նաեւ տեղական բիզնես-կառույցների աշխարհաքաղաքական խաղի զոհերը, քաղաքագետների մտավարժանքների առարկան։ Նման եզրակացություններ են հետեւում միջպետական եւ միջէթնիկական հակամարտությունների ուրիշ գոտիներում տիրող համանման իրավիճակներից։
Ռաուֆ Հուսեյնով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել