HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Առանց հողի ի՞նչ բյուջե

Գետահովիտցիները սպառնում են բոյկոտել նախագահական ընտրությունները

Տարեվերջ է, համայնքներում կազմվում է 2008 թ. բյուջեի նախագիծը: Տավուշի մարզի Գետահովտի համայնքապետարանում այս առումով անորոշ վիճակ է, չգիտեն` պաշտոնապես վիճելի համարվող, սակայն փաստացի համայնքից խլված շուրջ 85 հա հողերից ստացվելիք եկամուտները ներառե՞լ համայնքի եկող տարվա բյուջեում, թե՞` ոչ:

Այս պատմությունը սկսվեց դետեկտիվ պատմության նման, թաքուն: 2005 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 2417-Ն որոշումը, որով Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ համայնքի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 84.2 հա հողը մտցվել է Իջեւան քաղաքի վարչական սահմանների մեջ: 2500 բնակիչ ունեցող Գետահովտի համար այս կորուստը նշանակալի է, որովհետեւ գյուղը սակավահող է. հողի սեփականաշնորհման ժամանակ այստեղ մեկ հողաբաժինը կազմել է ընդամենը 1600 քմ: Ի դեպ, այդ նույն որոշմամբ հարեւան Գանձաքար գյուղի տարածքից Իջեւանին է միացվել 1800 հա հող: Դեռեւս 2006 թ. դեկտեմբերի 6-ին խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Մանուկ Գասպարյանի հարցին` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անկեղծորեն ասել էր, որ տեղյակ չէ կառավարության այս որոշումից: 

Կառավարության այս որոշումը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել էր այն ընդունելուց 8 ամիս անց` 2006 թ. հունիսի 5-ին: Որոշումը ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել, ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 21-ին: Դրանից 7 ամիս առաջ` 2005թ. նոյեմբերին հանրաքվեով փոփոխված Սահմանադրության 105.1 հոդվածը հռչակում է. «Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ, ինչպես նաեւ` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է»: Այսինքն` սահմանադրական հանրաքվեից հետո այդ հողերը չէին կարող օտարվել Գետահովիտ համայնքից: 

Ուշագրավ է, որ կառավարության 2002 թ. հուլիսի 18-ի թիվ 1026-Ն որոշմամբ հաստատվել է Գետահովիտ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, որը համաձայնեցված է եղել 13 նախարարությունների, գերատեսչությունների, նաեւ` Տավուշի մարզպետի հետ: Վիճելի համարվող 84.2 հա հողը ներառված է եղել Գետահովտի վարչական սահմանների մեջ: Զարմանալի է, որ կառավարության որոշումից հետո է միայն հարցը սկսել քննարկվել: Այն քննարկվել է ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման կառավարական հանձնաժողովի 2006 թ. փետրվարի 17-ի նիստում, ուր հարցը բավարար ուսումնասիրված չլինելու պատճառաբանությամբ` տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովին հանձնարարվել է տեղում լրացուցիչ ուսումնասիրություն կատարել: 4 օր անց նույն հանձնաժողովը Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է ունեցել, որի արձանագրության մեջ այդ 84 հա-ը բնութագրված է որպես «վիճելի տարածք հանդիսացող արդյունաբերական գոտի»: Սա, մեղմ ասած, իրականության հետ կապ չունի, քանի որ այդ տարածքում միակ արդյունաբերական ձեռնարկությունը քարի վերամշակմամբ զբաղվող «Քարարտն» է, որի կառուցման համար տարածքը օրինական հիմունքներով հատկացրել է Գետահովտի համայնքապետարանը: Այս տարածքը գտնվում է Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու հենց եզրին եւ այնտեղ գազալցակայաններ, բենզալցակայաններ, առեւտրական կետեր են կառուցված եւ կառուցվում են, այն շատ «գրավիչ» է:

Գետահովտի համայնքապետարանը, ավագանին, գյուղի բնակիչներն «վիճելի հողերի» հարցով բազմիցս դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: Ստացվող պատասխանը շուրջ 2 տարի նույնն է` հարցը կքննարկվի ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման կառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում: Գետահովտի համայնքապետ Սարգիս Ղազարյանը վարչապետ Սերժ Սարգսյանին այս հարցով վերջին անգամ համայնքի ավագանու դիմումը փոխանցել է 2007 թ. նոյեմբերի 11-ին, Վազաշենի 2000-ամյակին նվիրված հուշարձանի բացման ժամանակ: 

Որպես պատասխան` նոյեմբերի 29-ին ստացվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գրությունը, ուր ասվում է «...ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հ. Աբրահամյանի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հարցը կրկին անգամ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մարզերի եւ համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը»: Սակայն գետահովիտցիների աչքը տեսածից է վախենում. նրանք բոլոր հիմքերն ունեն չհավատալու Հովիկ Աբրահամյանին, քանի որ նա, 2006 թ. դեկտեմբերի 6-ին խորհրդարանում պատասխանելով խնդրի առնչությամբ Մանուկ Գասպարյանի հարցին, առանց երկմտելու ասաց, թե հարցը համաձայնեցված է Գետահովտի եւ Գանձաքարի համայնքապետերի հետ, ինչը շատ զայրացրեց վերջիններիս:

«Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իրեն պատկանող տեղական հեռուստաընկերությամբ պարծենում է, թե Իջեւան քաղաքի տարածքը 360 հա-ից հասցրել է 2500 հա-ի, կարծես այդ հողերը թուրքերից է խլել, Հովիկ Աբրահամյանն էլ նրան մեդալներ է տալիս»,- ասում է Գետահովտի համայնքապետը: Նա հայտնեց, որ ընթացիկ տարում նախատեսված 1 մլն դրամ տեղական տուրքից այդ պատճառով ոչ մի դրամ չեն կարողացել հավաքել. այդ տարածքում գտնվող «օբյեկտների» տերերը պատճառաբանում են, թե տուրքերը Իջեւանի քաղաքապետարանին պիտի վճարեն: «Մեր գույքահարկի զգալի մասը բաժին է ընկնում այդ հողերին, 2007 թ. տեղական բյուջեով նախատեսված էր կազմակերպություններից գանձել 2 մլն 700 հազար դրամ, դեկտեմբերի 1-ի դրությամբ գանձել ենք 1 միլիոն 825 հազար դրամ»,- վկայում է համայնքապետարանի հաշվապահ Սուսաննա Վանեսյանը:

Գետահովիտ համայնքի ավագանու անդամ Դորիկ Այդինյանը պատմեց, որ մի շաբաթ առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունել է Գետահովտի ավագանու ողջ կազմին եւ խոստացել հողերի հարցի փոխզիջումային լուծում: Համայնքապետարանի հողաշինարար Արարատ Ուլիխանյանն էլ նրան հերքում է` ասելով, որ կառավարությունն արդեն հաստատել է Իջեւան քաղաքի գլխավոր հատակագիծը` այդ հողերը ներառելով նրա վարչական տարածքում: Ամենազարմանալին այն է, որ Գետահովիտը քարտեզով նախկինում սահմանակից չի եղել Իջեւանին, գյուղը սահմանակցել է Գանձաքարին: Պրն Ուլիխանյանը մատնացույց է անում նոր քարտեզը, որտեղ աչքի է զարնում գծված սահմանների արհեստական, շինծու բնույթը: Փոխանակ երկու համայնքների սահմանների նշագրումն արվի բնական սահմանով, ասենք` գետով, նոր սահմանը ելուստաձեւ է, կտրտված եւ նույնիսկ անկլավներ է պարունակում:

«Հեռուստատեսությամբ անընդհատ խոսում են գյուղի զարգացման մասին, բայց մեր զարգացող գյուղից հողերը խլելով` այն, փաստորեն, գլխատում են»,- ասում է Գետահովտի համայնքապետ Սարգիս Ղազարյանն ու հավելում, որ երեք տարի շարունակ կառավարություն հողային հաշվեկշիռ չեն կարողանում ներկայացնել, թեեւ դա պետք է արվի ամեն տարի:

Ավագանու անդամ Դորիկ Այվազյանը հավաստում է, որ այս հարցում Գետահովտի համայնքապետարանը, ավագանին, գյուղի ողջ բնակչությունը միակամ են: Մի ժամանակ որոշել էին որպես բողոքի նշան փակել միջպետական ճանապարհը, սակայն «վերեւները» հավաստիացրին, որ հարցը լուծվելու է: Հիմա ավագանին որոշել է կառավարության որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարան: Գետահովիտցիներն ասում են, որ հարցն իրենց օգտին չլուծվելու դեպքում բոյկոտելու են առաջիկա նախագահական ընտրությունները:

Տավուշ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter