HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյանը պատասխանում է ընթերցողների հարցերին

Ա. Արսեն-Պարոն Բաղդասարյան, եթե, այնուամենայնիվ, երկրորդ փուլ դուրս գան Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, ու՞մ կհորդորեք, որ ձայները տան ձեր ընտրողները:

Պատասխան - Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը ընտրություններին մասնակցում է հաղթելու համար, ոչ թե «եթե»-ներով: Բնականաբար, այն տեսակետը, որ մենք քննության չենք առնում, պատասխանելը ևս ճիշտ չէ, նաև մեր համախոհների համար: Նաև նշենք, որ քանիցս արտահայտվել ենք ընդդիմության համախմբման օգտին և կարծում ենք, որ դա տեղի կունենա վաղ թե ուշ, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում:

ԵրկրիՍ ապագայի մասին մտածող մարդ - Ի՞նչ կասեիք Սարգիր Ասատրյանի այն հայտարարության մասին, որ ձեր կուսակցությունը նման է Եհովայի վկաներին (հարցին չպատասխանելու դեպքում ես համապատասխան հետևություններ կանեմ, չնայած գիտեմ, որ Սարգիս Ասատրյանը բավականին երիտասարդ, բայց և միաժամանակ սապոնից լավ հասկացող ծախու շուն է:

Պատասխան - Դուք Ձեր հարցի մեջ դիպուկ բնութագրելով Սարգիս Ասատրյանին` պատասխանեցիք նաև Ձեր իսկ հարցին: 

 Արտակ Նիկողոսյան (US, Riverside)
 -Հարգելի պարոն Բաղդասարյան
1. Արդյոք համաձա՞յն եք, որ 1995 թվականից մինչ օրս բոլոր պետական նշանակության ընտրությունները կեղծվել են:
Եթե այո…
2. Չեք կարծու՞մ, որ այսօր մենք արդեն այլընտրանք չունենք լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում:
Եթե այո…
3. Չեք գտնու՞մ, որ առաջնային է պայքարել միասնաբար արդար ընտրություններ ապահովելու համար, քան անհատապես պայքարել նախագահ դառնալու համար: Իմանալով, որ ոչ ոք, բացի իշխանության թեկնածուից , պարտություն է կրելու հենց առաջին փուլում: Հայաստանի ապագան պայմանավորված է օրինական ընտրությունների նախապայմանով: 

Պատասխան - Այսօր փաստ է, որ 1995 թ. մինչև օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ ուղեկցվել են կեղծիքներով և միջազգային կոշտ գնահատականներով: Այո, մենք ի սկզբանե կարևորել ենք միասնաբար հանդես գալը և այդ մասին խոսել ենք հրապարակային: Ներկայումս նույնպես Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, համադրել ընդդիմադիր դաշտի հնարավորությունները` պայքարելու ընտրակեղծիքների և խախտումների դեմ /այդ թվում նաև ընտրական հանձնաժողովներում/: 

Գիտեք, միասնական ընդդիմադիր թեկնածուն կձևավորվի քարոզարշավի ընթացքում, և ես համոզված եմ, որ դեռևս առողջ համախմբումներ կլինեն: Այսօր արդեն մեծ թվով հասարակական կազմակերպություններ և որոշ քաղաքական կառույցներ հայտարարել են մեզ պաշտպանելու, մեզ հետ համատեղ ճանապարհ գնալու պատրաստակամության մասին: Մոտ 20 քաղաքական կառույցներ և բազմաթիվ ՀԿ-ներ հայտարարել են ՀՀ առաջին նախագահին աջակցելու մասին: Այսինքն` ընդդիմադիր երկու հիմնական բևեռներում համախմբման գործընթաց արդեն տեղի է ունենում, վստահ եմ, որ մյուս թեկնածուները ևս ինչ-որ քայլեր այս ուղղությամբ կատարում են: 
Ժամանակը արդար դատավոր է, որ ունի համոզելու բացառիկ կարողություն, իսկ համախմբումը պետք է միտված լինի բոլորովին նոր ապագայի կառուցմանը: Ընդ որում` տարբեր միավորումներ կարող են լինել ինչպես մինչև առաջին փուլը, այնպես էլ առաջին փուլից հետո: 

Levon
 - Spb-Պարոն Բաղդասարյան, Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրել է նախընտրական պայքարի հանրահավաքային ձևը, ինչպիսի՞ն են լինելու պայքարի Ձեր մեթոդները:

Պատասխան 
- Ա. Բաղդասարյան- Մենք նույնպես մեր զինանոցում կիրառելու ենք ինչպես հանրահավաքային պայքարի միջոցները, այնպես էլ հարաբերվելու ենք մեր ժողովրդի հետ կենդանի հանդիպումների, ուղիղ կապի, ԶԼՄ-ների միջոցով:

Համբարյան Ազնիվ (ուսանողուհի) 
-Համագործակցելու՞ եք ընդդիմության այլ ուժերի հետ, եթե այո, ապա ի՞նչ ձևով:

Պատասխան - Մենք առողջ համագործակցության կողմնակից ենք և պատրաստ ենք է’լ ավելի ակտիվացնել մեր շփումները, մերձեցնել մեր դիրքորոշումները, գտնել համախմբման և միասին պայքարելու նոր եղանակներ:    

Վաղինակ
 - ռադիոինժեներ-Ո՞ր աշխարհաքաղաքական ուժերն են Ձեզ աջակցում:

Պատասխան - Արթուր Բաղդասարյանին աջակցում է նախ և առաջ իր ժողովուրդը, որը բազմիցս ապացուցել է իր քվեարկություններով: Դրանք անկաշառ և արդար ձայներ են, և դրանց թիկունքում չկան վարչական բիրտ ճնշումներ կամ ընտրական կաշառքներ: Նա փայլուն քաղաքական կապեր ունի թե’ Ռուսաստանում, թե’ Եվրոպայում, և թե’ ԱՄՆ-ում: 

Հարություն Օհանյան - Ընտրակեղծիքների և ընտրակաշառքների դեմ ինչպե՞ս եք պայքարելու:

Պատասխան
 - Բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով անելու ենք ամեն ինչ` ձայներին տեր կանգնելու համար, պատրաստ ենք նաև համագործակցել ընդդիմության մյուս թևերի հետ: 

Վաղիկ -Պարոն Արթուր Բաղդասարյան, անկախ բոլոր սոցիոլոգիական հարցումների տվյալներից` Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում 2008 թվականի նախագահական ընտրություններում Ձեր հաղթելու հնարավորությունները այսօրվա դրությամբ: Եվ ի՞նչը Ձեզ հատկապես շատ կօգնի ընտրությունների ժամանակ:

Պատասխան - Հաղթելու հնարավորությունները համարում ենք խիստ իրական, և առաջին օգնությունը, որի կարիքն ունենք, դա ժողովրդի աջակցությունն է: Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` այս ընտրությունները չի կարելի համեմատել ո’չ թաղային, և ո’չ էլ պատգամավորական ընտրությունների հետ: Սա ազգի, յուրաքանչյուր ընտանիքի ընտրությունն է, թե ինչպիսի՞ երկրում պետք է ապրի հայ ժողովուրդը, հայ ընտանիքը: 

Ինչ վերաբերում է հաղթելու գրավականին, վստահությունը, սկզբունքայնությունն ու պայքարի ուժը Արթուր Բաղդասարյանի ամենամեծ զենքն է: Որովհետև նա ուզում է դառնալ այն առաջնորդը, որը կլինի մարդու իրավունքների պաշտպանը մեր երկրում, կուժեղացնի Հայաստանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ: Նա այն առաջնորդն է, որը Հայաստանը կդարձնի ազատ, զարգացող, ուժեղ և մրցունակ պետություն, որը սերմանում է համարձակություն, նորարարություն և ստեղծարարություն:

Ի գիտություն Արթուր Բաղդասարյանի
 - Ես գիտեմ, որ դուք Վանաձորում ունեք շատ հզոր կառույց և բավականին շատ ձայներ եք այնտեղ ստանում, բայց ուզում եմ ձեզ զգուշացնել, որ ձեր վանաձորյան կառույցի ղեկավարն այս անգամ շատ պասիվ է լինելու, քանզի իշխանական թևը հարցերն արդեն լուծել է ձեր հատկացրած 15000-ը կրկնապատկելով: Երևի հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը: Իմ խնդրանքն է ուղղակի աչալուրջ լինել Ձեր վանաձորյան կառույցի և այնտեղից ստացվող ձայների նկատմամբ:

Պատասխան
 - Շնորհակալություն, եթե Ձեր մտահոգությունն, իրոք, անկեղծ է, սակայն թույլ տվեք վստահեցնել, որ վանաձորյան մեր կառույցը մեր ամենահուսալի սյուներից մեկն Է, նրա ղեկավար Խաչիկ Հարությունյանը` նույնպես:

Մասնավոր մտածող
 -Դուք ներկայացնում եք նորանկախ Հայաստանի քաղաքական երիտասարդ, նոր սերունդը: Թերևս Դուք և ձեր կուսակցությունը ևս պետք է լինեք Հայոց Համազգային ու Ղարաբաղյան շարժման առաջնորդների և նոր սերնդի միջև կապող օղակը:
Լևոն Տեր Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան. սրանք այն լիդերներն են, որոնք սերնդափոխության բնական ճանապարհով առաջ են տանում հայ հավաքականությանը: Դուք բավական երիտասարդ տարիքից քաղաքականության մեջ եք, աշխատել ու շփվել եք վերոհիշյալ քաղաքական գործիչների հետ:

Հարց 1
Ի՞նչ կարծիքի եք նրանց մասին (առանձին - առանձին):
Հանրապետության առաջին հիմնադիր նախագահը մի խումբ համախոհների հետ միասին, իր վրա վերցնելով այս նոր, բարդ անցումային շրջանի, շարժման առաջնորդի բեռը, իրազեկում է հասարակությանը իր իշխանության տարիներից դառը մանրամասներ, կատարում է շրջադարձային պահերի մեկնաբանություններ` կիրառելով հանրահավաքային պրակտիկան, ինչին չարամտորեն հետևում են բացառապես բոլոր մնացածները:

Հարց 2
ա/ Դուք ձեզ տեսնու՞մ եք ժողովրդին առաջնորդող լիդերի դերում:
բ/ Դուք ձեր մեջ տեսնու՞մ եք հռչակագրային մտքեր ու առաջնորդող գաղափարներ կրողին:

Հարց3
Վազգեն Մանուկյանն իր վերջին ելույթում, չնայած թեզիսային ձևով, մեր ժողովրդի գոյաձևն ու ապագան մոդելավորող բավական ֆունդամենտալ հեռանկարային գաղափարներ է առաջ քաշում: Դուք համամի՞տ եք այդ գաղափարների հետ, թե՞ ունեք ավելացնելու կամ պակասեցնելու ինչ որ բան:

Պատասխան 1-ին
 - Թեկնածուների առաջադրման այս փուլում կոռեկտ չենք համարում բնութագրել քաղաքական գործիչներին, նրանց անձը: Յուրաքանչյուրի գնահատականը տալիս է ժողովուրդը: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է ընտրում պայքարի իր ձևը եւ ճանապարհը: Արթուր Բաղդասարյանը մասնակցում է ընտրություններին հաղթելու վճռականությամբ և գտնում է, որ ունի բավարար ներուժ` գնալու այդ ճանապարհով, նրա կարծիքով` մեր երկրում պետք է ունենալ ընտրված, լեգիտիմ նախագահ, որը չի լինի ո’չ պիտակներով, ո’չ էլ փշալարերով: 

Պատասխան  2-րդ
 - Արթուր Բաղդասարյանը ոչ միայն տեսնում է, այլև վստահ է, որովհետև զգում է ժողովրդի շունչը, վստահ է, որովհետև հավատում է մեր հայրենակիցներին և համախոհներին, ովքեր տարաբնույթ ճնշումների միջով անցնելուց հետո էլ համոզմունքով քվեարկեցին նրա օգտին: Իսկ այդ հարյուր հազարավոր ձայների թիկունքում երբևէ չեն եղել ո’չ վարչական բիրտ ճնշումներ, և ո’չ էլ ընտրական կաշառքներ: Դրանք ազնիվ, անկաշառ քվեներ են եղել: Ճիշտ է, նախագահական ընտրություններում հաղթելը կարևոր է, բայց այն երբեք չպետք է  ձեռք բերվի` օգտվելով մարդկանց համատարած աղքատությունից, ժողովրդին զանգվածաբար կաշառելու և լայնամասշտաբ ընտրական հանցագործությունների, շղթաների և ազգային արժանապատվության հաշվին: Մեր ազգին և հայրենիքին պետք է  արդար և ժողովրդական  նախագահ, անխոցելի և լեգիտիմ իշխանություն, որոնք կարող են դիմակայել մի շարք ներքին և արտաքին մարտահրավերներին. սա ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի համոզմունքն է: 
 
Պատասխան 3-րդ - Արթուր Բաղդասարյանն իր քաղաքական ողջ գործունեության ընթացքում ապացուցել է, որ երբեք նրան չի լքել պայքարի ոգին, չի հեռացել ապագայի հանդեպ ունեցած հավատից, ավելին` ազգային արժեքներին ու գաղափարներին ծառայելու նվիրումը նրա համար առաջնային դիրքերում են: Այդ են վկայում վճռական պայքարով լեցուն նրա ելույթները, որ ժողովուրդը ոչ թե պետք է ապրի զրկանքների և դժվարությունների, անարդարությունների և ապօրինությունների, երեսպաշտության և քաղքենիության, չարության և նախանձի, ատելության և անհանդուրժողականության, այլ ազատության և ժողովրդավարության, նորարարության և բարեփոխումների, սիրո և բարության, վերջապես` օրենքի և արդարության Հայաստանում: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի գաղափարներին, ապա դրանք շատ դեպքերում խիստ հիմնավորված են: Արթուր Բաղդասարյանի մոտեցումների հետ դուք կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային էջում:

Հասմիկ Մանուկյան, 22 տարեկան, իրավաբան: Ք. Երևան -Դուք երիտասարդ քաղաքական գործիչ եք և կարծում եմ` հեռանկարային: Չե՞ք կարծում, արդյոք, որ եթե այսօր պաշտպանեք Լևոն Տեր-Պետրոսյանին, 5 տարի հետո կլինեք նախագահի լավագույն թեկնածուն: Իսկ եթե պաշտպանեք Սերժ Սարգսյանին, մինչև թոշակի անցնելն էլ, իհարկե, հնարավոր է լինեք հարուստ մարդ, սակայն քաղաքական կարիերա չեք ունենա:
Կանխավ շնորհակալություն

Պատասխան
 - Շնորհակալություն Ձեր գնահատականի համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս 2007 թ. սեպտեմբերին իր վարչության որոշմամբ 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրել է Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը այն ժամանակ, երբ դեռ հայտնի չէր, թե ով է մասնակցելու ընտրություններին: Եվ մենք մասնակցում ենք ոչ թե զուտ մասնակցելու, այլ հաղթելու համար, իսկ Արթուր Բաղդասարյանի քաղաքական ապագան հիմնվում է ժողովրդի սիրո, հարգանքի, վստահության, անաչառ ու անկաշառ քվեների վրա: Բացի այդ` մենք պաշտպանում ենք առողջ համագործակցությունը ընդդիմադիր դաշտում: Ի վերջո, ժամանակն արդար դատավոր է:

ՎԱՅՔ - Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք վերաբերվում ձեր հանդեպ հնչած բազմաթիվ մեղադրանքներին, նամանավանդ որ դրանք կրում են քրեական բնույթ, էլ չասենք բայոյականի մասին, արդյո՞ք անտարբերությունը լավագույն զենքն է այս պարագայում, քանի որ օրենսդրությունը տալիս է նման մեղադրանքներին պատասխանելու եվ ձեր պատիվն ու բարի համբավը պաշտպանելու հնարավորություն:

Պատասխան 
- Ո’չ քրեական, և ո’չ էլ բարոյական բնույթի մեղադրանքներ Արթուր Բաղդասարյանի հասցեին չեն հնչել և երբևէ չէին կարող հնչել, քանի որ նրա ամբողջ կյանքը թափանցիկ է մեր հասարակության առջև և բյուրեղային է: Իսկ Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի դեմ կիրառվող սև քարոզչությանը և կեղտոտ տեխնոլոգիաներին պատասխանել ենք և պատասխանելու ենք: 

Դ.Հ.-
Հարց 1. Պարոն Բաղդասարյան, ինչու՞ հանրահավաք չեք անում: 
Տարբերակ 1. գիտակցում եք, որ հանրահավաք հրավիրելու դեպքում թէ’ պետական, թե’ մասնավոր լրատվամիջոցները կհայտարարեն ձեր կազմակերպած հանրահավաքի մասին և կխառնե՞ն ամբողջ խաղաքարտերը, գործընթացը կտապալե՞ն, այսինքն` հասարակությունը կմտածի` էս ինչու՞ ԼՏՊ-ի հանրահավաքի մասին բոլոր լրատվամիջոցները մի մարդու նման լռում էին, իսկ Բաղդասարյան Արթուրի հանրահավաքի մասին իրար հերթ չեն տալիս, որպեսզի հայտարարեն, ու կհասկանան, որ դու՞ք էլ դհոլի նման ական եք ընդդիմադիր դաշտում:
Տարբերակ 2. համոզված եք, որ ոչ մի լրատվամիջոց չի հայտարարի, և դուք էլ կամաչեք դիմել թռուցիկային տարբերակին (ինչպես արեց ԼՏՊ-ն), որովհետև կգնաք ձեր իսկ գաղափարներին դեմ, քանի-որ միշտ հպարտ կեցվածքով հայտարարել եք, թէ իբր մենք ապրում ենք զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, և կպարզվի, որ ամենևին էլ այդպես չէ, քանի որ դուք դեռ օգտագործում եք 1917 թվականներին հարիր միջոցներ, այսինքն` մարդկանց տեղեկացնում եք թռուցիկների միջոցով:

Հարց 2. Ինչու՞ չեք միանում ուժեղ ընդդիմադիրի համբավ ձեռք բերած ԼՏՊ-ին: Սպասում եք    ` առանձին- առանձին ջախջախիչ պարտություն կրե՞ք, մի քայլո՞վ էլ հետ գցեք Հայաստանը, որ մյուս նախագահական ընտրություն կոչվածի ժամանակ էլ էդ թռուցիկների տարբերակն էլ չունենաք ու ջունգլիական ձայնային ազդանշաններով ժողովրդին կանչեք հրապարակ, թե՞, իբր, հավաքվեք` բան ունենք ասելու: Ինչու՞ եմ ասում թռուցիկների տարբերակն էլ չեք ունենա, որովհետև ընտրությունից հետո բոլոր տպարաններին հրամայվելու է, որ առանց վերեւներին տեղյակ պահելու ոչինչ չտպեն, ու մեզ վերջնական կսարքեն մի ջունգլիական ցեղախումբ` իր բոլոր օրենքներով: 
Շնորհակալություն, ակնկալում եմ անկեղծ պատասխաններ: 

Պատասխան - Մենք չենք բացառում պայքարի հանրահավաքային ձևը: Մեզ համար նորություն չէ այդ հարցում լրատվամիջոցների թե’ պասիվ դիրքորոշումը, թե’ կողմնակալ լուսաբանման նրանց մոտեցումը, և թե’ կեղտոտ քարոզչությունը, որ իրականացվում է: Ձեր այն հարցին, թե ինչու՞ չմիացանք Լևոն Տեր-Պետրոսյանին. որովհետև դեռևս սեպտեմբերին մենք արդեն ունեինք վարչության որոշում` սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու մասին: Մենք, սակայն, պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ, իրոք երկիրը բարեփոխելու համար պայքարելու իրական ձգտում ունեցող ուժերի հետ, համագործակցել և մերձեցնել մեր դիրքորոշումներն առաջիկայում:      

Անցորդ -Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է, արդյոք, այն միտքը, որ Դուք չմիացաք ԼՏՊ-ին, քանի որ իշխանությունը Ձեր վրա հսկայական կոմպրոմատներ ունի: Գուցե կարողանա՞ք համոզիչ կերպով հերքել:

Պատասխան - Դրանք անհիմն ու դատարկ խոսակցություններ են: Եթե իշխանություններն ունենային Ձեր մատնանշած կոմպրոմատները, ապա դրանք վաղուց արդեն օգտագործվել էին` դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի մոռացեք նաև, որ դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանությունների ողջ հակաքարոզչության թիրախը հանդիսանում էր ՕԵԿ-ը: Ընդ որում` այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ առաջադրվելու մասին խոսք անգամ չկար:  

Սերոբ -Դուք համարում եք, որ Քոչարյան-Սարգսյան երկվորյակի իշխանությունը լեգա՞լ է: Եթե ոչ, ապա ինչու՞ եք այդքան հուզվել «ավազակապետություն» բառից: 

Պատասխան 
- Նախ` ոչ թե հուզմունք, այլ անհամաձայնություն, ինչը պայմանավորված է «ավազակապետություն» բառի ոչ տեղին օգտագործմամբ, քանի որ պետությունը ոչ թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, այլ ժողովուրդը:  

Արտակ -Ինչու՞ եք միտումնավոր աղավաղում Տեր-Պետրոսյանի խոսքերը: Ինչու՞ «կոռումպացված, հանցավոր վարչախումբը կազմաքանդել» արտահայտությունը դարձրիք «պետաիշխանական բուրգը քանդել»: Դուք ընդհանրապես դե՞մ եք հանցավոր վարչախմբերը կազմաքանդելուն: Դուք ասել եք, որ ձեր համար անընդունելի է «պետաիշխանական բուրգի քանդումը»: Դուք համարում եք, որ իշխանությունը «բրգաձեւ՞» պիտի լինի, թե՞ պիտի գործի իշխանությունների տարանջատման սկզբունքը: 

Պատասխան
 - Առաջին` խորհուրդ կտանք կարդալ տեքստն ամբողջությամբ, որը տպագրված է, և երկրորդ` համագումարին Արթուր Բաղդասարյանն արտահայտել է սոսկ քաղաքական դիրքորոշում, որին հետևել է ոչ քաղաքական մեկնություն, որից էլ օգտվելով` իշխանությունը սկսեց իր քարոզչամեքենայով հակասություն մտցնել երկու թեկնածուների և նրանց թիմերի միջև: Մենք կողմնակից չենք կոռումպացված և կրիմինալ խմբավորումներին: Ավելին, պայքարել ենք դրանց դեմ բաց և հրապարակային: Իսկ իշխանությունը պետք է լինի ոչ թե բրգաձև, այլ սահմանադրորեն, որտեղ պետք է գործեն օրենսդիր, գործադիր և դատական  թևերը անկախ և արդյունավետ: Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նկատի է ունեցել ոչ թե պետաիշխանական համակարգը, այլ հանցավոր և կոռումպացված խմբավորումները կամ բուրգը, ապա դա մենք պաշտպանում ենք:

Գևորգ Հակոբյան -Ո՞րն է ձեր թիմը: Ի՞նչ թիմով եք գնում ընտրությունների:

Պատասխան
 - Արթուր Բաղդասարյանի քաղաքական թիմում ընդգրկված են բազմաթիվ պարկեշտ, արդարամիտ և հայրենասեր մարդիկ` ինչպես հանրությանը ծանոթ, այնպես էլ անծանոթ վառ անհատականությունների մեծ բազմություն, որոնք իրենց ներուժը կօգտագործեն քարոզարշավի ընթացքում: Արթուր Բաղդասարյանի քաղաքական թիմը բաց է իրապես հայրենիքի և ազգի ճակատագրով մտահոգ և ասելիք ունեցող մարդկանց առջև, ովքեր ցանկություն ունեն պայքարելու այս վիճակից դուրս գալու և որակական նոր փոփոխություններ իրականացնելու համար: Ի վերջո, մեզ նոր սկիզբ է հարկավոր, որ վերջ կդնի ցինիզմին և ամենաթողությանը, որը թուլացնում է մեր ազգային կամքը և էռոզիայի ենթարկում մեր նպատակները: Տնտեսապես ուժեղ, ազատ և մրցունակ երկիր ստեղծելու կողմնակիցները պետք է միավորվեն: 

Նժդեհ Հովսեփյան -Պարոն Բաղդասարյան,
Նախ` ես ձեզ շատ հարգում էի` որպես պետականամետ և ՀՀ-ի` Եվրամիության շարքն ընդգրկվելու ջատագով, սակայն ձեր վերջին ժամանակների պահվածքը մի քիչ այլ բան է ենթադրում: Նախ` պարզ չէ, թե ինչու դուք չմիացաք Տեր-Պետրոսյանին: Մի՞թե պառլամենտական ընտրություններում հավաքելով 8 տոկոս` այժմ դուք հավակնություններ ունեք դառնալ ՀՀ նախագահ: 
Ես ձեզ կոչ եմ անում միանալ Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը և երեք տարի հետո դառնալ ՀՀ լիակատար և լեգիտիմ նախագահ: Խնդրում եմ միացեք: Լավ, մեկ հարց էլ… ինչու՞ չեք մի հատ հանրահավաք անում եվ մեզ ապացուցում, որ Տեր-Պետրոսյանի ռեյտինգից բարձր է ձեր վարկանիշը: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանը արդեն 3-րդ հանրահավաքի արդյունքում հավաքեց հարյուր հազար մարդ: Շնորհակալ եմ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: Խնդրում եմ չխուսափել և կոնկրետ պատասխանել: 

Պատասխան - Արթուր Բաղդասարյանը մշտապես հայտարարել է, որ կուսակցությունը բաց է համագործակցության համար ընդդիմադիր բոլոր առանցքային դերակատարում ունեցող քաղաքական ուժերի հետ` ապահովելու համար առաջիկա ընտրությունների արդարությունն ու օրինականությունը: Ես համոզված եմ, որ համախմբումներ դեռ կլինեն:
Ինչ վերաբերում է հանրահավաքներ կազմակերպելու Ձեր մտահոգությանը, ասենք, որ մեր ծրագրերում ընդգրկված է հանրահավաքներ կազմակերպելու ռազմավարությունը:

Մանվել Սարդարյան
 -  1. Ինչքանո՞վ է նորմալ, որ Ձեր կուսակցության հիմնական թեզն օրենքի երկիր կառուցելն է: Չէ՞ որ դա պետք է ենթադրվեր ամեն դեպքում ու բոլորի համար, անկախ կուսակցության պլանային, թե շուկայական, ազգայնական, թե կոսմոպոլիտ ուղղվածություններից: Թե՞ գտնում եք, որ այս երկիրը լիովին անօրեն է:

2. Դուք, թերևս, միակն եք մեր լուրջ կուսակցական լիդերներից, որը շարժման առաջնորդների համեմատ տարիքային առումով նոր սերունդ է ներկայացնում: Բայց ինչքան փորձում եմ բացահայտել Ձեր գործելաոճում ու գաղափարներում ինչ-որ նորություններ ու թարմություն` համեմատ նախորդների, չեմ կարողանում: Դուք ա՞յլ կարծիքի եք:

3. Անկեղծ ասած` այս տարվա ընտրություններում ինձ համար ամենամեծ անակնկալը Ձեր կուսակցության հաջողությունն էր: Ի վերջո, ավելի բարձր արդյունք ունեցողները այս կամ այն չափով օգտվել են պետական ապարատի ծառայություններից: Այդ առումով, այդ ընտրությունների հաղթողն եք: Ունե՞ք դրան այլ բացատրություն` բացի նրանից, որ պիտի մատնանշեք ժողովրդի սրտում Ձեր գաղափարների տեղ ունենալն ու Ձեր հանդեպ վստահությունը:

4. Եթե ասեմ, որ Ձեր կուսակցությունն իշխանության եղած ժամանակ, հանրապետականների նման, համատարած ձևով կատարում էր անդամների ցուցակագրում, որի մի քանի օրինակներ ինքս էլ գիտեմ (օրինակ` շրջանների դպրոցներում), պիտի հերքե՞ք ասածս:

5. Հայտնի դեպքերի հետևանքով Ձեր կուսակցությունում տեղի ունեցած «առնետավազքից» (ներող եղեք արտահայտությանս համար, բայց հայկական լեկսիկոնում ավելի դիպուկ բառ դեռ չկա) հետո ինչպիսի՞ հետևություններ և ի՞նչ քայլեր եք արել:

6. Ի՞նչ եք արել հոկտեմբերի 27-ի բացահայտման համար` հատկապես իշխանության մեջ եղած տարիներին: Արդյոք դրա բացահայտումը հիմա կարևորու՞մ եք: Եթե կարևորում եք, ի՞նչ եք մտադիր ձեռնարկել:

7. Խնդրում եմ, եթե կարող եք անկեղծ պատասխանեք. Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա ու էլի նման մեծություններ տված ազգի կրթության ու դաստիարակության գործը ղեկավարող անձի կերպարը ինչպիսի՞ն եք պատկերացնում: Կարո՞ղ եք ներկայիս գործիչներից մեկի անունը նշել (վստահ եմ` հաշվի առնելով Ձեր ինտելեկտը, այդ մարդու կերպարը համեմատելի չի լինի Ս. Երիցյանի կերպարի հետ, և հաշվի առնելով Ձեր վեհանձնությունը` ժողովրդին ուղղված ներողամտահայաց խոսք կգրեք): Ի դեպ, նույն հարցը, նույն երանգավորմամբ, կարող էի տալ նաև մշակույթի և Հ. Հովեյանի հետ կապված… բայց կրթական գործն ավելի եմ կարևորում ու այնտեղի սխալները` առավել աններելի:

8. 05/02.2005թ. հայտնի ֆրանսահայ ազգամշակութային գործիչ Ալեքսանդր Վարպետյանը, ի թիվս այլ բարձր պաշտոնյաների, նաև Ձեզ` որպես ԱԺ նախագահի, բաց նամակ էր գրել` խնդրելով պարզաբանել, թե ինչու՞ իրեն պարզապես չեն թողնում մուտք գործել Հայաստան: Դա հրապարակվել է մի քանի լրատվամիջոցներում: Անձամբ ես այս տարի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների դիմել եմ այդ հարցի պարզաբանման խնդրանքով: Այդ հարցով լուրջ հետաքննություն է վարել «Հետքը»: Բայց ոչ մի լուրջ պատասխան ու բացատրություն այդպես էլ չի եղել: Անկեղծ ասած` հույս չունեմ, որ Դուք տեղյակ եք ու կբացահայտեք այդ «առեղծվածը», բայց գոնե կասե՞ք, թե ինչու չեք արձագանքել Վարպետյանի այդ նամակին: Ի դեպ, դեռ 15/12.2005թ. այն ժամանակվա օմբուդսմեն Լ. Ալավերդյանը մի որոշում է ընդունել (գործ` թիվ 2-0340), ուր շատ հստակ արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Այնուամենայնիվ, առ այսօր Վարպետյանը չի կարողանում մուտք գործել իր հայրենիք: Արդյոք «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» անվանմամբ կուսակցության առաջնորդին չպե՞տք է հետաքրքրի այս հարցը:

Պատասխան 1 - Մենք գտնում ենք, որ օրենքի իշխանության հաստատումը, սահմանադրական կարգերի գործարկումն առաջնահերթ քաղաքական խնդիր է Հայաստանում: 

Պատասխան 2
- Ծրագիրը շուտով կհրապարակվի, և դուք կարող եք կարդալ: Մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները ոչ միայն կհրապարակենք, այլ նաև լայն հանրային քննարկման կներկայացնենք: Դրանք առաջարկում են որակական նոր փոփոխություններ, արմատական ու համարձակ բարեփոխումներ մեր պետական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, որովհետև հենց բարեփոխումները և նորարարությունը պետք է դառնան մեր հիմնական կռվանները: Այսօր Հայաստանում շատ հաճախ իրականացվում են երևութական կամ իմիտացիոն բարեփոխումներ: Խոսվում է, իբր, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց իրականում կոռուպցիոն դրսևորումները զարգանում են բուռն թափով, պետական կառույցներն իրենց համար եկամտի աղբյուր դարձրած որոշ արտոնյալների թեթև ձեռքով, խոսվում է ազատ տնտեսական մրցակցության մասին, բայց բիզնեսի եկամտաբեր ոլորտները բաշխվում են իրենց մերձավորների միջև, խոսվում է բազմակարծության մասին, բայց 100 տոկոսով վերահսկվում է հեռուստաեթերը և բանտարկվում է ազատ խոսքը, խոսվում է անկախ դատական իշխանության մասին, բայց պատժում են անհնազանդ դատավորներին: Այսինքն` մենք ունենք սահմանադրական գրված նորմեր, որոնք, սակայն, ոտնահարվում են յուրաքանչյուր քայլափոխի: Այսինքն` գլխավոր խնդիրը սահմանադրական կարգի գործադրման մեջ է: Յուրաքանչյուր նախընտրական ծրագիր պետք է միտված լինի դրան: Ավելին, մենք համոզված ենք, որ ամեն մի իրական խոստում, ամեն մի կիսատ գործ չիրականացված ոսկյա հնարավորություն է, որը մենք պետք է ներառենք մեր նախընտրական ծրագրում և որից մենք պետք է օգտվենք վճռականորեն:
Էլ չենք խոսում իրականացվող կիսատ-պռատ ծրագրերի և չհիմնավորված մոտեցումներով առաջնորդվելու մասին, որոնք վաղը մեզ են վերադառնալու ավելի շատ հարցականներով: Օրինակ` վերջերս իշխանության թեթև ձեռքով կատարված հերթական հարկային օրենսդրական փոփոխությունը, որի արդյունքում արդեն հաշված օրեր անց` 2008 թ. հունվարից, լուրջ հարված կհասցվի 20-30 հազար մանր ու միջին ձեռներեցների: Տնտեսական կյանքում ազատ մրցակցությունը պետք է լինի կանոն, մինչդեռ Հայաստանում մոնոպոլիաներն են կանոն. կան մարդիկ, ովքեր պետական բյուջեից հարուստ են հենց իրենց գերիշխող դիրքի արդյունքում: Եվ հենց սա է պատճառը, որ մենք մեր ծրագրերում պաշտպանում ենք փոքր և միջին գործարարությունը, որը քաղաքակիրթ երկրներում մուծում է բյուջեի 70-85%-ը, այլ ոչ թե օլիգարխիկ տնտեսությունը: Մեր ծրագիրն ասում է հետևյալը. «Հույս, գումարած վստահություն, հավասար է արդյունքի», իսկ Հայաստանում հույսով և հավատով ապրողների թիվը մեծ չէ: Ինչ վերաբերում է վստահությանը, ապա վստահություն ևս չկա, որովհետև մարդիկ տեսնում են, որ օրենքն անզոր է ուժի և ամենաթողության առաջ, երբ իշխանության հովանավորություն ունեցող մարդասպանը, «գժի թուղթ» հանելով, կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, իսկ հինգ կիլոգրամ սուրճ գողացողը` հինգ տարվա: 

Պատասխան 3-
 Գիտեք, քվեն փամփուշտից զորեղ է: Վերջին երեք խորհրդարանական ընտրություններում ստացած քվեները մեր աշխատանքին ժողովրդի տված գնահատականն է, և մենք շնորհակալ ենք բոլորից: Դրանք արդար ու անկաշառ քվեներ են, որոնց թիկունքում չկան ո'չ վարչական ճնշումներ, և ո'չ էլ` փող:

Պատասխան 4- Մենք երբեք ցուցակագրմամբ կամ պարտադրանքով անդամագրում չենք անցկացրել: Հիշե'ք, հարգելի'ս, որ պարտադրանքը ծնում է ատելություն:

Պատասխան 5- Հայաստանում իշխանությունը խրախուսում է դավաճանությունը` ասելով գործարարին. «Դավաճանի’ր ընկերոջդ, որ բիզնեսդ չխլեմ»: Սա անընդունելի է: Այո, մենք տեսանք ճնշումներ և դժվարություններ, բայց, փառք Աստծո, գիտենք  նաև, թե ինչպես դրանք հաղթահարել:

Պատասխան 6- Առաջնորդին պատկերացնում ենք ազնիվ, սկզբունքային, հետևողական, իր ազգի շահերի իրական պաշտպան:

Պատասխան 7
- Որպես ԱԺ նախագահ` Արթուր Բաղդասարյանն Ա.Վարպետյանից  նամակ չի ստացել, սակայն պաշտպանում է նրա օրինական վերադարձը հայրենիք և տեղյակ չէ մերժման պատճառների մասին:

Հասմիկ -Պարոն Ա. Բաղդասարյան, ո՞րն էր իշխանությունների հետ Ձեր տարաձայնությունների իրական պատճառը, որը հանգեցրեց ԱԺ նախագահի պաշտոնից Ձեր հրաժարականին, և արդյոք այդ հրաժարականը պարտադրվա՞ծ չէր:

Պատասխան - «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ եղած տարիներից ի վեր, թե’ խորհրդարանի ամբիոնից, և թե’ իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ իրենք եկել են իշխանության ոչ թե այն վայելելու, այլ իշխանությունը բարեփոխելու համար: ՕԵԿ-ը պայքարել է իշխանության ներսից իրական բարեփոխումների համար, պայքարել է իր ըմբոստ կեցվածքով ու ժողովրդաշահ գործունեությամբ, իր սկզբունքային հարցադրումներով ու շիտակ հայրենասիրությամբ: Այդ 3 տարիների ընթացքում ՕԵԿ-ը երբեք չի լռել, աչք չի փակել երկրում կատարվող անարդարությունների, ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, ծաղկող կաշառակերության, ստվերային մեծ տնտեսության դեմ, ավելին` չի եղել ժողովրդին հուզող որևէ խնդիր, որի շուրջ Արթուր Բաղդասարյանը ցուցաբերած լինի անտարբերություն, ԱԺ-ի ամբիոնից բաց քննադատությամբ մշտապես խոսել է այդ երևույթների մասին: Այդ էր պատճառը, որ հաճախ «Օրինաց երկիր»կուսակցությանը մեղադրում էին, թե` նրանք իշխանությու՞ն են, թե՞ ընդդիմություն: Իսկ 2003 թվականին Արթուր Բաղդասարյանը և քաղաքական իր թիմակիցները մարդկանց տվել էին ծրագրեր ու խոստումներ և պարտավոր էին տեր կանգնել այդ խոստումներին: Այնպես աշխատել, որ իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին հուսախաբ չանեին: Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը մշտապես եղել է պայքարի գոտում և հանդես է եկել ակտիվ նախաձեռնողական կեցվածքով, այլ ոչ թե պասիվ կրավորական դիրքերից: 
Եթե մի փոքր անկեղծ ու շիտակ լինենք, կընդունենք նաև, որ եթե այսօր Հայաստանում մանկապարտեզներ, դպրոցներ, գրադարաններ այլևս չեն մասնավորեցվում, դա այս քաղաքական ուժի հետևողական արդյունքն է: Ի վերջո, ԱԺ նախագահ եղած տարիներին Արթուր Բաղդասարյանի զգոնության և հետևողական լինելու շնորհիվ կասեցվեց պետական մենաշնորհ համարվող ՀՀ ատոմակայանի սեփականաշնորհման հարցը: Վերջ դրվեց երկրում բազմաթիվ ուղղություններով զարգացող կոռուպցիային, այսինքն` համաձայն քաղաքական այս ուժի ընդունած մի շարք օրենքների` երկրում այլևս չի կարող իրականացվել առողջապահության և կրթության ոլորտների մասնավորեցում`օրենքից դուրս: ՕԵԿ-ի բազմաթիվ նախաձեռնությունների արդյունքում լուծվել են հարյուր հազարավոր մարդկանց վերաբերող կոնկրետ խնդիրներ: Լինելով ԱԺ նախագահ` երեք տարիների ընթացքում Արթուր Բաղդասարյանը ստացել է երեսուն հազարից ավելի նամակներ, որոնց տրվել է սպառիչ պատասխան: 
Արթուր Բաղդասարյանը բազմիցս ասել է, որ հեշտ չէր դուրս գալ իշխանությունից, հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, ի վերջո, դա ԺԷԿ-ի պետի պաշտոն չէր: Իրենք էլ կարող էին մնալ և վայելել, սակայն իշխանական համակարգը չհանդուրժեց այլակարծությունը և ազատությունը, իրական բարեփոխումներն ու նոր արժեքային փիլիսոփայությունը: Արդյունքում ՕԵԿ-ը դուրս եկավ իշխող կոոալիցիայից` հանուն այն փոփոխությունների, որոնք պետք է իրականացնեին, դուրս եկավ, որպեսզի լինի ժողովրդի հետ:   

Լիանա
-Ներկայացրեք, խնդրում եմ, Ձեր դիրքորոշումը երկքաղաքացիության հարցի վերաբերյալ:

Պատասխան
 - Մենք խիստ կարևորում ենք երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը, ինչը հնարավորություն կընձեռի սփյուռքի մեր հայրենակիցներին կապվել հայրենիքի հետ և զբաղվել ակտիվ տնտեսական, հասարակական գործունեությամբ: Միաժամանակ խիստ կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանության ձևավորմանը մասնակցեն Հայաստանի Հանրապետությունում հիմնականում բնակվող քաղաքացիները, որոնք նաև կատարել են երկրի նկատմամբ իրենց քաղաքացիական պարտքը: Միաժամանակ, այս հիմնախնդրի շուրջ պետք է իրականացվի քննարկման գործընթաց Հայաստանի և սփյուռքի հասարակական և քաղաքական գործիչների, գիտնականների, միջազգայնագետ-իրավաբանների մասնակցությամբ:

Կարդացող-Պրն Բաղդասարյան, խնդրում եմ պատասխանեք առանց խուսանավելու. Արտաշես Գեղամյանին ընդդիմություն համարու՞մ եք:

Պատասխան - Յուրաքանչյուր քաղաքական գործչի, այդ թվում եւ Արտաշես Գեղամյանի գնահատականները տալիս է ժողովուրդը:

Ընթերցող
-Պարոն Բաղդասարյան, Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Մհեր Շահգելդյանն իր ստորագրությամբ հաստատեց, որ հանրաքվեին մասնակցել է մոտ 1,5 միլիոն մարդ, եւ, առհասարակ, ՕԵԿ-ը որեւէ կերպ կասկածի տակ չդրեց հանրաքվեին ժողովրդի մասնակցության այդ աննախադեպ  «ակտիվությունը»: Ավելի ուշ, երբ ՕԵԿ-ն իրեն հռչակեց որպես ընդդիմադիր ուժ, Վանաձորում ունեցած Ձեր ելույթի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կա ընդամենը 1 միլիոն ընտրող: Այս իրողության մասին ինչու՞ չհիշեցիք հենց հանրաքվեի ժամանակ, երբ դեռ իշխանություն էիք:

Պատասխան- Սա շատ ծեծված հարց է ու բոլորին հայտնի: Արթուր Բաղդասարյանը մամուլով բազմիցս քննադատել է հանրաքվեի ընթացքում տեղ գտած փաստերը և, որպես ԱԺ նախագահ, նրա ձեռքի տակ եղած խախտումների մասին տեղեկություններն ուղարկվել են դատախազություն: Այդ մասին հստակ նշվել է նաև ԵԽԽՎ որոշման մեջ, որը վերաբերում էր հանրաքվեին, եղել են բազմաթիվ հրապարակումներ մեր մամուլում: Հետաքրքիր է, որ դուք դրանից տարօրինակ կերպով անտեղյակ եք: Իսկ Մհեր Շահգելդյանն իրականացրել է բացառապես քարոզչության ընդհանուր ղեկավարությունը: 

Գեղամ-Պարոն Բաղդասարյան, անցյալ տարի Ձեր ղեկավարած Եվրոպական համալսարանի առաջին կուրսի ուսանող տղաներին անօրինական ձեւով, խախտելով նախնական պայմանները, զորակոչեցին բանակ։ Տղաները դիմել էին ձեր բուհ` իմանալով նախապես, որ տարեկետման իրավունք ունեն, իսկ ընդունվելուց հետո խաբվեցին։ Դուք մատը մատին չտվեցիք անարդարությունը վերացնելու համար։ Կարող էիք նախաձեռնել եւ պատգամավորների ստորագրություններ հավաքելով` դիմել Սահմանադրական դատարան։ Գոնե փորձ անեիք։ Բայց ոչինչ չարեցիք։ Եթե այդ հարցի վերաբերյալ ոչինչ չարեցիք, ինչպե՞ս հավատանք ձեր խոստումներին։

Պատասխան
 - Արվել է այդ ուղղությամբ ամեն հնարավոր բան, բայց քանի որ կար իշխանական պատվեր և քաղաքական որոշում, ձեռնարկված քայլերը չէին կարող արդյունք ունենալ: 

Մերի-Պարոն Բաղդասարյան, այստեղ ձեր հասցեին հնչող վատաբանությունների մեծ մասի հեղինակները ԼՏՊ-ապաշտներն են, որոնք ինտերնետներում ընկած` փնտրում են մեկին, որ չի միանում ԼՏՊ-ին ու հարձակվում։ Այնպես որ, մի ընկճվեք։ Ես ձեզ հարգում եմ առաջին հերթին այն պատճառով, որ Դուք այն հազվագյուտ քաղաքական գործիչներից եք, որ ձեր հակառակորդին չեք հայհոյում եւ պիտակներ չեք կպցնում։ Բայց կարծում եմ` դժվար է դիմանալ, մանավանդ հիմա, երբ հարձակումը վերուվարից է։ Բայց անկեղծորեն, ինչպե՞ս եք տանում այդ հայհոյանքները, հատկապես «Հայկական ժամանակի» հայհոյանքները, որոնք մեծ հաճույքով կրկնեց «Հայլուրը»։ Ես չեմ ուզում կրկնել այդ զզվելի ձեւակերպումները, բայց, ամեն դեպքում, դրանք կարող են ազդել որոշ մարդկանց վրա։ Ինչպե՞ս եք տանում նման վիրավորանքները, անկեղծորեն, եւ չեք պատրաստվու՞մ պատասխանել։

Պատասխան
 - «Հայկական ժամանակ»-ում նշվածը ոչ միայն անհիմն էր, այլ նաև հասցեատերն ամենևին էլ Արթուր Բաղդասարյանը չէր: Եվ դա մեզ պարզաբանել են թերթից: Արտահայտվել է սոսկ քաղաքական դիրքորոշում, հետևել է ոչ քաղաքական մեկնություն, որից էլ օգտվելով` իշխանությունը սկսեց իր քարոզչամեքենայով հակասություն մտցնել երկու թեկնածուների և նրանց թիմերի միջև: 

Հայկ-Պրն Բաղդասարյան, քանի՞ անդամ ունի Ձեր կուսակցությունը: 

Պատասխան - «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայումս ունի 100 000 անդամ:

Գաբրիել
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու` ազատելու համար Հայաստանի գրեթե ստրկական կախվածություը Ռուսաստանից: Եվ պատրաստվու՞մ եք, արդյոք, կառուցել Իրան - Հայաստան գազատար ավելի մեծ չափսերով: /Գազպրոմից ներկայիս փոքրիկն ազատագրելուց հետո, իհարկե/:

Պատասխան
 - Մենք գտնում ենք, որ ՀՀ հարաբերությունները ցանկացած երկրի, այդ թվում նաև ՌԴ-ի հետ պետք է կառուցվեն գործընկերության և հավասարության սկզբունքի վրա` ելնելով և’ ազգային շահերի, և’ ազգային արժանապատվության գերակայությունից: Արթուր Բաղդասարյանն այդ մասին բազմիցս և հրապարակային հայտարարել է: Միաժամանակ չենք կարող համաձայնել ձեր կողմից կիրառվող  «ստրկական» արտահայտության հետ և կարծում ենք, որ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները կարևոր են մեր երկրի համար: Իսկ Իրան - Հայաստան երկրորդ ավելի մեծ և տարանցիկ գազամուղի կառուցման հրամայականի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք: 

Ապրեսյան Ա.-Կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Դուք երբեւէ եղե՞լ եք Ղարաբաղում:

Պատասխան
 - Այո, Արթուր Բաղդասարյանը եղել է Ղարաբաղում, իսկ ինչ վերաբերում է խնդրի լուծման տեսլականին, ապա այդ մասին ՕԵԿ կայքում արդեն նշված է: 

Կարինե-Ձեր կուսակցությունը լքել են օլիգարխները, այժմ ովքե՞ր են ֆինանսավորում ՕԵԿ-ը: Ճի՞շտ է, արդյոք, որ Ձեզ Սերգեյ Երիցյանի միջոցով ֆինանսավորում են իշխանությունները: 

Պատասխան - «Օրինաց երկիր»-ը մշտապես ներքին աղբյուրներից ֆինանսավորվող կուսակցություն է եղել և կա: Յուրաքանչյուր անդամ իր հնարավոր ներդրումն է կատարում: Եվ այսօր նույնպես կուսակցության շարքերում կան սկզբունքային բազմաթիվ մարդիկ, որոնք մանր և միջին գործարարներ են և հստակորեն կանգնած են իրենց գաղափարների և արժեքների պաշտպանության համար: Մեր կուսակցությունը ֆինանսավորում են նրա 100 000 անդամները և մեր նվիրյալները, իսկ անհեթեթ լուրերը չենք մեկնաբանում:

Արտյոմ -Եթե երկրորդ փուլ անցնեն Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ու՞մ եք դուք տալու Ձեր կուսակցության ձայները:

Պատասխան - Մենք մասնակցում ենք ընտրություններին հաղթելու համար և «եթե/ապա»-ներով չենք առաջնորդվում: Հարցը ճիշտ չէ ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլ ընդհանրապես քարոզարշավին մասնակցող յուրաքանչյուր թեկնածուի համար: Բայց կրկնում ենք, որ կողմ ենք համախմբմանը ընդդիմադիր թեկնածուների շուրջ:

Անցորդ -Դուք ծառայե՞լ եք բանակում:

Պատասխան
 - Արթուր Բաղդասարյանը ծառայել է բանակում: Կցում ենք նաև զինծառայության տարիների նրա լուսանկարը, քանի որ հարցը շատ է շահարկվում:

Արթուր Ղազարյան
-Խնդրում եմ վերջապես պարզաբանեք Արցախյան հարցի կարգավորման Ձեր տեսակետը: Ես հետևում եմ, որ դեռ ոչ մի անգամ Դուք չեք պատասխանում այս հարցին: Ինչու՞ եք խուսափում: Կո՞ղմ եք Դուք Արցախի անկախությանը և տարածքների վերադարձին:

Պատասխան 
- Արթուր Բաղդասարյանը բազմիցս պատասխանել է այդ հարցերին և’ մամուլով, և’ հեռուստատեսությամբ: Արցախյան խնդրում մենք պաշտպանում ենք հետևյալ հիմնարար մոտեցումները. Արցախը տևական ժամանակ կերտում է անկախ պետականություն և Արցախի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման հարցը սակարկման առարկա լինել չի կարող: Մենք պաշտպանում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը և համոզված ենք, որ անհրաժեշտ է գործադրել նոր մոտեցումներ նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter