HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղի ցավը պիտի վերեւից լուծվի»

Մի քանի օր առաջ Դսեղ գյուղ է ժամանել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, գյուղապետարանում ժողով է հրավիրել, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, գյուղապետ Ռաֆիկ Վարդանյանին պարտադրել է դառնալ Հանրապետական կուսակցության անդամ ու անմիջապես նրան նշանակել ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ ու գնացել:

«Թու՜ քու տղամարդ ասողին, բա դա տղամա՞րդ ա»,- գյուղապետի հասցեին ասում էին գյուղամիջում հավաքված դսեղցի տղամարդիկ: «Բայց դա ու՞մ գործն է, թե որ կուսակցության անդամ եմ, չեմ մեկնաբանում,-ասաց գյուղապետ Ռաֆիկ Վարդանյան, սակայն հաստատեց,-այո, Սերժ Սարգսյանի Դսեղի նախընտրական շտաբի պետը ես եմ»: 

Շուրջ 2500 բնակչություն ունեցող Դսեղում գյուղացիներն ուզում են առանց վախի ու պարտադրանքի գնալ ընտրության եւ ընտրել նախագահի այն թեկնածուին, ով գյուղացուն աջակցության ավելի համոզիչ ծրագիր կներկայացնի: «Ինձ գիտե՞ք ինչ է հետաքրքրում` 9-ը նախագահի թեկնածու են, չէ՞, էդ ո՞նց է, թե միակողմանի մենակ Սերժի անունն ա հնչում: Սենց ենթադրենք, բա նեուժելի էդ մնացած թեկնածուներից մեկին հարեւանը, բարեկամը կամ մի որեւէ ընկեր չի սատարում, որ դրանք ապամոնտաժվում են, մենակ մի Սերժ ա հնչում: Գոնե մի հատ «էնթավուր» պատասխան չի հնչում, որ ասի` նախընտրական ծրագրերը լսելուց հետո կողմնորոշվեք»,- ասաց դսեղեցի Շուրիկ Ղուլյանը: Դսեղում գյուղացու կյանքն օրեցօր վատանում է: Գյուղի աղքատ վիճակն արտացոլվում է նաեւ համայնքային բյուջեում: Բյուջեի մասին գյուղապետ Ռաֆիկ Վարդանյանը հրաժարվեց խոսել` մեկ բացատրելով, թե Երեւանում է, իսկ մի երկու օր հետո պատճառաբանելով, թե Հ. Թումանյանի թանգարանի թաղամասում ջրագիծ է քաշում, ու քանի որ բյուջեի պլանավորված եկամուտների մուտքերի ու ծախսերի թվերն անգիր չգիտի, հարցերին կարող է պատասխանել միայն օրվա վերջում: Ակնհայտ էր, որ Դսեղի գյուղապետ Ռաֆիկ Վարդանյանը տեղյակ չէր ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, կամ էլ, դսեղեցու պարզամտությամբ, նրան թվում էր, թե Սերժ Սարգսյանի շտաբի պետ լինելը նշանակում է այլեւս աչքի առաջը չտեսնել: 
Դսեղի համայնքային բյուջեի 2007 թ. եկամուտները պլանավորվել են 23 մլն դրամ, որի փաստացի կատարողականը տարեվերջին կազմել է 16 մլն դրամ, սրանից 11 մլն դրամը գյուղապետը հատկացրել է համայնքի տեղական ինքնակառավարմանը, որն էլ կազմում է բյուջեի փաստացի կատարողականի 36%-ը: «Այլ սոցիալական ծախսեր» հոդվածով 2007 թ. տարեսկզբին պլանավորել են 3մլն դրամ, տարեվերջին ծախսվել է 5,3մլն դրամ, որը, ինչպես պարզվեց ուսումնասիրություններից, հիմնականում վճարվել է գյուղի ուսանողների ուսման վարձերի տեսքով: Գյուղապետարանն աշխատավարձի եւ սոցվճարների պարտքեր չունի: Սակայն արդյունավետ ծախսումների եւ խնայողության խնդիրներ ունի: Բյուջեից 595 հազար դրամ բենզինի եւ 155 հազար դրամ բջջային հեռախոսավճարի ծախս է կատարվել: Համայնքապետը 2007 թ. բյուջեում նախաձեռնություն չի ցուցաբերել գյուղացիների հողատարածքների մշակման գործին մեխանիզացիայով, պարարտանյութով եւ վառելիքով աջակցելու համար: Ինչպես պատմեցին դսեղցիները, գյուղի 750 հա վարելահողերից այս տարի կատարվել է հազիվ 50 հա աշնանացան, տարիներ շարունակ Դսեղը ապահովված չէ ոռոգման ջրով, որի պատճառով էլ շատ գյուղացիներ ճարահատյալ վարելահողերը դարձնում են խոտհարքներ: Գյուղին մեծ վնաս է պատճառել նաեւ աֆրիկյան ժանտախտը, որի մասին հենց առաջին պատահած դսեղցի Տարիել Հովակիմյանն ասաց. «Ժողովուրդը չի կարում հողը մշակել: Իմ խոզերն էլ սարում սատկեցին, էնքան ֆինանս չունեի, որ գյուղ տեղափոխեի ու ժամանակին մորթեի»: 

«Տեղյա՞կ է համայնքի բյուջեի մասին» հարցին Տարիել Հովակիմյանը պատասխանեց. «Ես որտեղի՞ց կիմանամ»: Դսեղցի Տեմիկ Արզումանյանն էլ ասաց. «Հողը մշակողներ էլ ունենք, չմշակողներ էլ: Չմշակողը ավելի շատ ա: Մինը` ես, չեմ կարում 6 հազար մետր հողս մշակեմ: Էս տարի խոզի ցավ կար, իմացած կլես: Իմ խոզերը չեն սատկել, հլե տեհանք սատկելու են, ռադ արինք, մորթեցինք ու ծախեցինք: Գյուղում 100-ով խոզ ունեցող կար, չիմ սարերումը սատկեցին, ըստի-ընդի վեր դառան, գտնեին էլ ոչ, որ գոնե օգուտվեն: Մեր սարը գնում ա մինչեւ Շալու դուզը, Կռոատեղ ունենք, Մատնանց ուրթ ունենք, Քիթելու թալա ունենք, էս բոլոր սարերում ցավ կար»: Գյուղամիջում կանգնած դսեղցիներ Դավիթ Վարդանյանը,Վահագ Գաբոյանը, Ռոբերտ Վանյանն ու էլի ուրիշներ դժգոհեցին գյուղացու վիճակից: «Քանի՞ հոգի ենք էստեղ կանգնած, ոչ մեկս չենք աշխատում: Հողը լիչնի ես չեմ մշակում, 8 հազար մետր հող ունեմ»,- ասաց Վահագ Գաբոյանը: Ռոբերտ Վանյանն էլ ավելացրեց. «Հողերը վարակված են, մեզ մոտ ասում են «արտաքոլ»` ինչ ցանում ես, չի լինում, կարտոլի մեջն է մտնում: Նախկինում` կոմունիստների ժամանակ, եթե էս հողի հեկտարից վերցրել ենք 40ց ցորեն, հիմա 10ց էլ չենք վերցնում: Ես դա բացատրում եմ նրանով, որ հողի սնուցումը, պարարտանյութը, ամեն ինչ թանկ ա, համ էլ մեխանիզացիա չկա, էդ ա, բացատրելու ուրիշ բան չկա»: 

Դսեղցիները հազար ու մի ենթադրություն էին անում իրենց հատկապես մեծ վնաս պատճառած ժանտախտի մասին. «Վարակը բերեցին: Ո՞նց բերեցին` չգիտեմ, վերեւներում միս են բերել, կուտակել, էս ժողովրդի հախիցը սենց եկան, եթե մտածված չէր վարակը, միայն մեր տարածքում էր, ինչու՞ ժամանակին չկանխեցին»,- ենթադրում էր մի դսեղցի, որը չցանկացավ ներկայանալ: Դսեղի անասնաբույժ Վերգինե Թադեւոսյանն էլ ասաց. «Ժանտախտը Դսեղում բռնկվել է օգոստոսի 15-ից, սկզբում ախտորոշելը դժվար է եղել, գյուղում շուրջ 2000 գլուխ խոզ է անկվել, սարերի խոզերը լրիվ ոչնչացել են կամ հարկադիր մորթի ենթարկվել, հիմա Դսեղում հազիվ 300 գլուխ խոզ կա»: Գյուղում բոլորը գիտեն, թե ումից ինչքան խոզ է սատկել ու թվարկում են` Հայկ Շեկոյանից` 60, Աշոտ Անտոնյանից` 40, մեծ թիվ են կազմում Ռազմիկ Եգանյանի, Հայկ Սահակյանի սատկած խոզերը: Սակայն Դսեղում ժանտախտից ամենամեծ կորուստը կրել է Սամվել Անտոնյանին պատկանող «Ագրո-Սան» ՍՊԸ-ն, որի գործադիր տնօրեն Լուսինե Գրիգորյանն ասաց. «Սեպտեմբերի 22-30-ը «Ագրո-Սան»-ում 608 գլուխ խոզ է սատկել»: Լ. Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ խոզերի ակտը նորմալ չի գրվել. Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Կարեն Մելիքյանը փոփոխության է ենթակել ակտը` նվազեցնելով սատկած խոզերի գլխաքանակը, իսկ ակտի մեկ օրինակը մինչեւ օրս չի տվել «Ագրո- Սան» ՍՊԸ-ին: Ընկերությունը բողոք-գրություն է ուղարկել Լոռու մարզպետին: Թեեւ իրենց նյութական մեծ կորուստների դիմաց որեւէ աջակցություն եւ փոխհատուցում առ այսօր Դսեղում չեն ստացել, սակայն դրան սպասում են: Դսեղցիները հավատացած են, որ իրեց ցավերը շատ են ու պետք է վերեւից լուծվեն. «Գյուղի ցավը օբշի ցավ ա, մեր ստից ուժերով ոչինչ չի փոխվի: Եթե էս վերջին տարին մի 40-50 մարդ էր գնում արտագնա աշխատանքի, հիմա 250-300 աշխատուժ գյուղից բացակայում է: Ի՞նչ անենք, ոչ մի հուսադրող բան չկա»,- զրույցը եզրափակեց դսեղցի Սերոժ Ռամազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter