HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քննիչն ու դատախազը ավելի արտոնյալ չեն, քան հասարակ քաղաքացին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, շարունակվում է Ստեփանավանի նախկին դատավոր Արման Թովմասյանի կողմից հանցագործության կատարվելու վերաբերյալ ՀՔԾ ներկայացված անպատասխան դիմումի քննությունը:

Սամվել Հարությունյանը պնդում է, որ Ստեփանավանի (նախկին) դատավոր Արման Թովմասյանը, դատական կարգադրիչների հետ որդուն՝ Աշոտ Հարությունյանին ծեծի ենթարկելով, այնուհետև սուտ մատնություն է կազմակերպել նրա դեմ և կեղծ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, թե իբր որդին է անհարգալից վերաբերմունք դրսևորել ու բռնություն գործադրել դատավորի ու կարգադրիչների նկատմամբ:

Սամվել Հարությունյանը դատավորի գործողությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել ՀՔԾ, բայց դրանք անհետևանք են թողնվել: Այդ հաղորդումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որևէ որոշում չի կայացվել: Իր հաղորդումների հիման վրա Սամվել Հարությունյանը երկու անգամ կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության, մանրամասն հարցաքննվել, բայց դրանք չեն էլ արձանագրվել: Այժմ ՀՔԾ-ի գործողությունները Սամվել Հարությունյանը վիճարկում է դատական կարգով:

Նախորդ դատական նիստը չկայացավ պատասխանող կողմի՝ ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանի և գլխավոր դատախազության դատախազ Կորյուն Փիլոյանի՝ նիստին չներկայանալու և գործի նյութերը դատարան չներկայացնելու պատճառով: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այս անգամ էլ չէին ներկայացել դատարան: Երկուսն էլ պատճառաբանել էին, թե ծանրաբեռնված են այլ գործերով: Հայցվոր կողմը առարկություն չհայտնեց նիստը առանց պատասխանողի անցկացնելու վերաբերյալ և դատարանին ներկայացրեց բողոքի բովանդակությունը:

Դատավորը հայտնեց, որ քննիչ Գաբրիել Պետրոսյանը նյութեր՝ որոշումներ է ուղարկել դատարանին. ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանը Աշոտ Հարությունյանի վերաբերյալ գործն ուղարկել է Լոռու մարզի քննչական բաժին, Լոռու մարզի քննիչը նորից ուղարկել է իրեն, ինքը նորից վերադարձրել է Լոռու մարզի քննչական բաժին:

Դատավորը հայտնեց նաև քննիչի պատճառաբանությունը, ըստ որի՝ իր քննության արդյունքում դատավոր Ա. Թովմասյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել: Կարգադրիչների մասով էլ ՀՔԾ-ում քննություն չի կատարվել, քանի որ, քննիչի հիմնավորմամբ, նրանք հատուկ պետական ծառայություն իրականացնող աշխատակիցներ չեն:

«Եթե գործի նյութերին ծանոթացել եք, սա մի ամբողջական գործ է, և քննիչի որոշումը կցված է գործին, էս որոշմանը պիտի տեղյակ լինեիք: Ամեն դեպքում ստացվում է, որ Սամվել Հարությունյանի հաղորդման վերաբերյալ գործը ուղարկված է եղել»,- ասաց դատավոր Գ. Կարախանյանը:

«Այդ որոշումը դեռ այն որոշումը չէ, որ օրենքը պահանջում է»,- դատավորին պարզաբանեց հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը կրկին դատարանին ներկայացրեց, որ դատավոր Թովմասյանի գործողությունների վերաբերյալ Աշոտ Հարությունյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, առանձին հաղորդում է ուղարկել ՀՔԾ, որի հիման վրա քննիչը պարտավոր էր 10-օրյա ժամկետում որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու կամ գործն ըստ ենթակայության ուղարկելու մասին:

Այնինչ, ՀՔԾ ուղարկած իր մի քանի նույնաբովանդակ հաղորդումների վերաբերյալ Սամվել Հարությունյանը պատասխան փաստաթուղթ չի ստացել: Այն դեպքում, երբ նա բողոք է ներկայացրել 3 հանցակազմով, 3-ն էլ՝ դատավոր Թովմասյանի վերաբերյալ:

Դատավորը, հղում անելով քննիչի ուղարկած գրությանը, ըստ որի՝ քննության արդյունքում դատավոր Թովմասյանի գործողություններում հանցակազմ չի հայտնաբերվել, դիմեց հայցվորին. «Ի՞նչ կասեք այս մասին»:

Փաստաբանը պատասխանեց, որ ինչպես քննիչն է դատավարության կողմ, նույնկերպ Սամվել Հարությունյանն է կողմ, իսկ կողմերը նախապատվության իրավունք չունեն: Քննիչն ասում է, որ դատավորի գործողություններում չի եղել հանցակազմ, Սամվել Հարությունյանն էլ ասում է, որ 3 հանցակազմ կա: Դատարանը նրա համար է, որ որոշի՝ քննիչը որոշում կայացրե՞լ է՝ ըստ Սամվել Հարությունյանի հաղորդման, թե՞ ոչ: Սամվել Հարությունյանը դատարանին հայտնեց, որ ՀՔԾ-ից իրեն երկու անգամ կանչել են հարցաքննության, որոնց վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

«Մենք դա չենք քննարկում, հարգելի դիմող, մենք չենք հարցնում՝ ձեզ կանչել են, չեն կանչել: Ձեր բողոքը վերաբերում է նրան, որ հաղորդում եք ներկայացրել, քննիչը դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ուղարկել»,- հայցվորին իր հայցի բովանդակությունն էր բացատրում դատավորը:

Բայց Սամվել Հարությունյանն ու նրա փաստաբանը դատավորին արդեն որերորդ անգամ բացատրեցին, որ բողոքի մի մասը հենց դրան է վերաբերում: Վիճարկվում է նաև այդ հանգամանքը, որ քննիչը հարցաքննել, բայց արձանագրություն չի կազմել:

Դատարանը պահանջեց հայցվորից դատարան ներկայացնել հաղորդման կոնկրետ ժամկետները, որպեսզի համոզվի՝ արդյոք 10-օրյա ժամկետում քննիչը որոշում չի՞ կայացրել: Որոշվեց հաղորդման ժամկետները դատարանին ներկայացնել հաջորդ նիստին:

Անդրադառնալով պաշտոնատար անձանց՝ երկրորդ անգամ դատարան չներկայանալուն՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ նման պահվածքը երկու բան է նշանակում. կամ համոզված են դատավորի կայացնելիք որոշման մեջ և դատարան գալու ու ասելու բան չունեն, կամ էլ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի նկատմամբ: Այնինչ, նրա համոզմամբ, պետական պաշտոնատար անձինք պետք է պետական գործերով զբաղվեն:

Պետության ներկայացուցիչը, ըստ Տիգրան Հայրապետյանի, օրենքով, Սահմանադրությամբ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով: Առավել ևս, վերադաս դատախազն ու քննիչը պետք է ներկայանան դատարան, քանի որ իրենց գործողությունն է վիճարկվում:

«Գլխավոր դատախազը պետք է իմանա, որ իր աշխատակիցը ժամանակ կամ ցանկություն չունի դատարան գալու, կամ՝ երկուսը իրար հետ»,- ասում է փաստաբանը:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից իրավապահ մարմինների ներկայացուցիչներին բերման ենթարկելուն, նշում է, որ այդ հարցում դատավորներն առայժմ առաջնորդվում են իրենց հայեցողությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter