Ի՞նչ անել, որ գյուղը չմեռնի
Գոհար Գեւորգյան
Միակ լուծումն աշխատող hամայնքապետ ունենալն է
Կոտայքի մարզի Արգել գյուղն իր աշխուժությամբ տարբերվում է հանրապետության մյուս գյուղերից: Հանրապետության տարբեր մարզերում մեր տեսած համայնքապետարանների նման հին ու սրտաճմլիկ տեսարանն, ի զարմանս մեզ, այս գյուղում չկար:
Արգելում շատ բան հաճելի նորություն էր, ինչն, անկեղծ ասած, անսպասելի էր:
Համայնքապետն այնքան բանիմաց ու գրագետ է, որ գյուղի վիճակը բարելավելու համար ծրագրեր է նախագծում, դիմում բոլոր հնարավոր ֆինանսավորողներին: Արգելի համայնքապետարանի պատին գյուղում իրականացվող ծրագրերի մասին հայտարարություններն ու համայնքի ավագանու վերջին որոշումներն էին փակցված, ինչը բացառիկ օրինակ է: Համայնքի ղեկավար Մաթեւոս Ավագյանն ասում է, որ գյուղում բոլոր աշխատանքները կատարելուց առաջ ժողովուրդը, հատկապես ակտիվիստները, հավաքվում եւ իր հետ միասին որոշում են համայնքի առաջնահերթությունները:
Արգել (նախկինում` Լուսակերտ) գյուղը, որ հիմնադրվել է Գյումուշ ՀԷԿ-ը կառուցելու շրջանում որպես բանավան, այսօր ունի 3500 բնակիչ եւ մոտ 650 տնտեսություն: Արգելում գործազուրկների քանակը մոտ 25 % է, սակայն սեզոնային աշխատանքներն ավարտվելուն պես նրանց քանակն զգալի ավելանում է: Համայնքապետ Մաթեւոս Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի բնակչությունը հիմնականում աշխատում է Գյումուշ ՀԷԿ-ում` մոտ 70 մարդ, փականքային իրերի գործարանում աշխատում է մոտ 20 մարդ, բնակիչներից ոմանք աշխատանք են գտել Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում, Նոր Հաճընի ադամանդների գործարանում: Սակայն, ինչպես նշեց համայնքապետը, գյուղի աշխատուժն ամենից շատ ներգրավված է շինարարական աշխատանքներում, ինչը, ցավոք, սեզոնային է:
Քաղաքատիպ ավանի կարգավիճակ ունեցող գյուղը 1991 թ. կանգնել է երկընտրանքի առջեւ` բանավանի կարգավիճակը ոչինչ չէր կարող տալ բնակիչներին, ուստի նպատակահարմար համարվեց գյուղի կարգավիճակ ստանալը: Սակայն սա էլ մեծ առավելություն չուներ սեփական հողատարածքից զուրկ Արգելի համար: Բնակիչներին սեփականաշնորհվել է ընդամենը 200 հա հող, որոնք, սակայն, անջրդի լինելու պատճառով անմշակ են մնացել մինչեւ վերջերս: Արգելի համայնքապետ Մ. Ավագյանը, ներկայացնելով գյուղում իրականացվող աշխատանքները, նշում է, որ 45 մլն դրամանոց ծրագրի արդյունքում անջրդի այդ հողերն այժմ ջրովի են դարձել եւ պիտանի կլինեն գյուղաբնակների համար: Բնակիչները ջրովի հողերում սկսել են այգիներ տնկել: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրում համայնքապետարանը սեփական բյուջեից 8 մլն դրամի ներդրում է կատարել, որը հազվադեպ պատահող բան է փոքրիկ բյուջե ունեցող համայնքապետարանի համար:
Մարզերում ամենից հաճախ հանդիպող հոգսերն այս գյուղում չկան: Համայնքապետի ներկայացնելով՝ գյուղի 80 %-ն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով: Խմելու ջրի հիմնախնդիրը լուծվել է ջրային կոմիտեի եւ կառավարության 10 մլն դրամի ֆինանսական աջակցությամբ. «Ես 10 մլն դրամի ծրագիր եմ ներկայացրել, իրենք հաստատել են, բայց, եթե անկեղծ ասեմ, շատ ավելին են ներդրել»: Համայնքապետարանը 1 մլն 200 հազար դրամով բոլորովին վերջերս գազիֆիկացրել է Արգելի միակ չգազիֆիկացված շենքը:
Զարմանալի էր նաեւ այդ փոքրիկ գյուղի բյուջեի կատարողականը: Մաթեւոս Ավագյանի ներկայացմամբ՝ գյուղի 2007 թ. մոտ 28 մլն դրամանոց բյուջեն հողի հարկի մասով կատարվել է 90%-ով, տեղական տուրքերի հավաքումը` 66%-ով, սակայն բարդ է վիճակը վարձակալած հողերի հարկերի մասով. «Կատարել ենք 36%-ով, բայց մինչեւ տարեվերջ, հույս ունեմ, ավելին կհավաքենք»: Գյուղի բյուջեն, համայնքի ղեկավարի հավաստմամբ, ծախսվում է աշխատավարձերի, արվեստի դպրոցի մասնաճյուղը պահելու, խմելու ջրի ներքին ցանցի վնասվածքները վերացնելու վրա:
Գյումուշ ՀԷԿ-ի կողքին կառուցված համայնքն ունի 53 թ. կառուցված եւ վատթար վիճակում գյուղին ժառանգված մշակույթի տուն, որը ներկայումս վերանորոգման ընթացքում է համայնքապետի ներկայացրած ծրագրի շնորհիվ: Կառավարության հաստատած շուրջ 75 մլն դրամանոց այս ծրագիրն իրականացվելու է երեք փուլով. առաջին փուլով վերանորոգել են շենքի տանիքը, կոյուղին եւ սանհանգույցները: Մյուս փուլերով տրամադրվելիք գումարով կվերանորոգվի մշակույթի տան դահլիճը, որի առաստաղը սարսափելի վիճակում էր, կվերանորոգվեն խաղասենյակները, կտեղադրվեն նոր դռներ եւ պատուհաններ, կկառուցվի կաթսայատուն: Համայնքապետի ներկայացրած աշխատանքների մեջ հավաստիացանք գյուղում շրջելով:
Եկող տարի արգելցիները կունենան ոչ միայն վերանորոգված մշակույթի տուն, այլեւ, համայնքապետի համոզմամբ, վերանորոգված դպրոց: Ավարտվել է նաեւ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը: «Փրկենք երեխաներին» կազմակերպության 11 մլն եւ համայնքապետարանի 2 մլն դրամի ներդրմամբ այժմ վերանորոգված մանկապարտեզ է հաճախում մոտ 50 երեխա: Մանկապարտեզը, սակայն, չի ջեռուցվում, այդ պատճառով գյուղական շատ մանկապարտեզների նման նրա դռներն էլ ձմռան ամիսներին փակ են: Դեռեւս առկախ է գրադարանի վերանորոգման հարցը, որը ժամանակավորապես տեղավորված է դպրոցում: Համայնքի ղեկավարը նշում է, որ գյուղի կենտրոնական փողոցների մոտ 40%-ը լուսավորված է, բայց դեռ անելիք կա. «Խորհրդային շրջանի փլուզումից հետո էդ լույսերի սյուները տարել, հանձնել են»:
Համայնքապետի մտահոգությունը բնակիչ-համայնքապետարան կապը սերտացնելն է, որը խզվեց այն ժամանակներից, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) իրավասությունը վերցվեց համայնքապետարաններից ու հանձնվեց ՔԿԱԳ-ին: «Գյուղում երեխա է ծնվում, մարդիկ են ամուսնանում, ծննդյան, մահվան վկայականներ վերցնելու դեպքում արգելցիները ստիպված են լինում հասնել վարչատարածքային կենտրոն` Եղվարդ: Համայնքապետարանում շատ հաճախ տեղյակ էլ չեն, որ գյուղում մարդ է մահացել, որի համար պետք է ցավակցել, կամ երեխա է ծնվել, որի համար պետք է շնորհավորել, նաեւ` խրախուսել ծնողներին: Նույն խնդիրն է նաեւ կադաստրի դեպքում»: Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններին ավելի շատ պարտականություն պիտի տրվեր: «Վատ չէր լինի, որ ՔԿԱԳ-ի ու կադաստրի որոշ ֆունկցիաներ համայնքապետարանին հանձնվեին` մարդիկ ժամանակ չվատնեին, գումար չծախսեին Եղվարդ հասնելու համար»,- հավելեց համայնքապետը:
Պարզ է, սակայն, որ այդ պարտականությունները կենտրոնական-մարզային գրասենյակները չեն ցանկանա փոխանցել համայնքներին, քանի որ այդտեղ մեծ գումարներ են պտտվում:
Մաթեւոս Ավագյանը մատնանշում է իր թիվ մեկ խնդիրը, ինչն անլուծելի է անգամ մայրաքաղաքի որոշ համայնքների համար: Արգելում օրումեջ աղբահանություն կազմակերպող համայնքապետը չգիտի` ու՞ր տանել համայնքի աղբը: «Բարձր մակարդակով աղբահանություն ենք կազմակերպում: Ամեն օր աղբի մեքենան շրջում է բակերով ու հավաքում աղբը, բայց այն կուտակելու տեղ չկա»,- պատմում է համայնքապետը: Որ գյուղում իսկապես աղբահանություն կատարվում է, ակնհայտ էր, քանի որ փողոցներում ու տների բակերում չերեւացին այս ու այն կողմ շպրտված աղբի մնացորդներ կամ փաթեթներ:
Պարզվում է` աղբավայր չունենալու խնդրի առջեւ կանգնած է ոչ միայն Արգելը, այլեւ հարեւան գյուղերը: Համայնքապետը նշում է, թե մոտ տարածքներում աղբավայր չունեն, իսկ աղբը հեռու տանելիս էլ ճանապարհին թափվում է, ինչն անթույլատրելի է. «Կողքի համայնքներն էլ են այդ խնդրի առաջ կանգնած: Եղվարդ կամ Ջրաշեն էլ եթե տանենք, աղբի կեսը կթափվի ճանապարհներին: Կստացվի, որ կեղտոտում ենք, ոչ թե մաքրում»,-ասում է համայնքապետը: Պրն Ավագյանի ասելով հարցը քննարկել են Կոտայքի մարզպետի հետ, բայց դեռ լուծում չի գտնվել: Եվ քանի դեռ հարցի լուծումը չի գտնվել, ճարահատյալ աղբն իրենց համայնքում են «պարտակում»: Սրան անմիջապես արձագանքում է մարզի բնապահպանության տեսչությունն ու ամեն անգամ 150 հազար դրամի ակտ է գրում: Համայնքապետը տուգանքը վճարում է, բայց էլի չի պատկերացնում, թե ի՞նչ պիտի անի հետո, որովհետեւ բնապահպանության տեսչությունը միայն տուգանում է եւ չի ասում, թե որտե՞ղ է պետք թափել աղբը: «Ինչու՞ 150 հազար դրամ, թող 1,5 մլն դրամ տուգանեն, բայց աղբը թափելու տեղը ցույց տան»,- սրտնեղում է նա:
«Բնապահպանության տեսչությունը ցուցումով գնում է, եթե տեսնում է աղբ է թափված, ստուգում է` այդ տարածքն աղբավայրի թույլտվություն ունի՞, թե՞ ոչ: Եթե ոչ, տուգանում է: Սա է նախարարության գործառույթը»,- մեզ բացատրում է բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Պեպանյանը: Տեսչության գործառույթը ներկայացնելուց հետո մամուլի քարտուղարն ընդգծում է, որ աղբավայրի թույլտվության, տարածքի հատկացման հարցով եւս նախարարությունը չի զբաղվում, եւ խնդրի կարգավորումը մյուս նախարարությունների եւ կառույցների իրավասության տակ է: Թե ո՞ր` դժվարանում է պատասխանել: Իսկ աղբավայրի տարածք ստանալու կարգը, ըստ նրա, համայնքապետն ինքը պետք է պարզի: Նախարարության խոսնակի ասելով` բնապահպանության նախարարությունը միջամտում է միայն այն ժամանակ, երբ աղբավայրի համար տարածքի թույլտվություն կա, եւ այն ուղարկվում է նախարարության եզրակացությունը ստանալու համար:
Տարածքային կառավարման նախարարությունից մեզ պատասխանեցին, որ նախարարությունը տեղյակ է խնդրին, եւ այն բազմիցս քննարկվել է մարզպետարանում: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Արգելի աղբավայրի խնդիրը քննարկվում է, համայնքի ղեկավարին հանձնարարվել է բնապահպանության նախարարության հետ տարածք փնտրել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել