HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային խնդիրները լուծվում են միայն կառավարության բարեհաճ լինելու դեպքում

Նարեկ Խաչատրյան

Իսկ ո՞ւր մնաց ինքնակառավարումը

Արտաշատը մարզկենտրոն է, որի կարգավիճակը հանրապետությունում ունի ընդամենը տասը քաղաք: Դրանով իսկ մարզի մյուս քաղաքների նկատմամբ Արտաշատն ավելի արտոնյալ վիճակում է:

Միայն այն հանգամանքը, որ այս տարի մարզին ՀՀ կառավարության բյուջեից լրացուցիչ հատկացրած 1 մլրդ դրամից 130 մլն-ը մարզկենտրոնին է հատկացվել, խոսում է քաղաքի նկատմամբ ցուցաբերվող բարեհաճ վերաբերմունքի մասին: 

Քաղաքապետ Գագիկ Մուրադյանը դժգոհ չէ կառավարության ու մարզպետարանի վերաբերմունքից (մինչ քաղաքապետ ընտրվելը նա գործող մարզպետի խորհրդականն է եղել): «Մարզպետարանի հետ երբեւիցե խնդիրներ չեն առաջացել, կառավարությունն էլ իր հերթին է աջակցում քաղաքին»,- ասում է նա: Մասնավորապես վերջին տարիներին միջոցներ է հատկացրել քաղաքամիջյան ճանապարհների ասֆալտապատման, բարձրահարկ շենքերի վերանորոգման եւ այլ աշխատանքներ իրականացնելու համար: 

Վերջին մեկ-երկու տարիներին քաղաքում ակտիվորեն վերանորոգվում են բնակելի շենքերը, հատկապես տանիքները, նաեւ` մուտքերն ու նկուղները: Ընդհանուր առմամբ, քաղաքում եղած 126 բազմաբնակարան շենքերից այս տարի շուրջ 40-ում վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Վերջնականապես լուծել են նաեւ թատրոնի ջեռուցման հարցը: Նշված աշխատանքների մի մասն իրականացվել է կառավարության նվիրաբերած 130 մլն դրամի շրջանակում: Այդուհանդերձ, 30-40 տարի առաջ կառուցված մի քանի բազմաբնակարան շենքերում լուրջ խնդիրներ կան, որոնց հիմնանորոգումը հնարավոր է իրականացնել բացառապես կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Արտաշատը «մի քիչ» գյուղատնտեսական քաղաք է եւ շուրջ 800 հա գյուղատնտեսական նշանակության հող ունի: Գյուղատնտեսական հողահանդակների ոռոգումը հիմնականում իրականացվում է արտեզյան հորերից եւ Մխչյանի ջրանցքից: Սպասարկումը կատարում է ջրօգտագործողների տվյալ տարածքի ընկերությունը: Քաղաքապետի ներկայացմամբ` ոռոգման ոլորտում լուրջ դժվարություններ չկան, չհաշված մատակարարման հետ կապված մանր-մունր խնդիրները, այդուհանդերձ, 2008 թ. կառուցվելիք հերթական արտիզյան հորից հետո հողատարածքները լիովին կապահովվեն ոռոգման ջրով: 

Քաղաքապետի տեսակետը չկիսեցին մեզ հանդիպած հողատեր արտաշատցիները: «Ջրի մատակարարման առումով տեր-տիրական չկա, ով զոռբա է, ով ջրի գլխին է, ում ուժը պատում է, ջրում է, մնացածը տարին մեկ-երկու անգամ կռիվ-դավիով ջրեն, թե` չէ: Անցած տարի հսկա ծիրանանոց են քանդել: Ծարավից չորացել էր: Ջրամատակարարում չկա, միայն փող են հավաքում: Քաղաքապետարանն օրենքով ջրամատակարարման հետ որեւէ կապ չունի, որ կարողանա օգնել կամ չօգնել»,- ասում է Արտաշատի բնակիչ Գրիգորը: 

Քաղաքում անմխիթար վիճակում է նաեւ խմելաջրի մատակարարումը: «21-րդ դարում քաղաքաբնակներս դույլերով, մեքենաներով, կաշկաներով, կանեստրներով խմելու ջուր ենք կրում: Ի՞նչ քաղաք, կենտրոնական փողոցից 100 մ խորացիր` որ ուղղությամբ ուզում ես, շատ սովորական, մյուսներից ոչնչով չտարբերվող գյուղ է: Չնայած` մարզում գյուղ չի լինի, որտեղ խմելու ջրի վիճակն այդքան վատ լինի, որքան Արտաշատում»,- իրավիճակն էր ներկայացնում «ատամնաբուժարանի» փողոցում ապրող Ռոզա անունով մի կին: 

Մինչ այդ, իհարկե, քաղաքապետ պրն Մուրադյանը ներկայացրել էր խմելու ջրի վիճակը` նշելով, որ «կենցաղային նպատակներով օգտագործման համար ջուրը մատակարարվում է արտեզյան հորերից, իսկ խմելու եւ սննդի մեջ օգտագործելու համար շենքերի բակերում, փողոցներում տեղադրված են Գառնիից մղվող ջրի ծորակներ»: Համաձայն կառավարության եւ «Հայջրմուղի» (կառավարումն իրականացնող ֆրանսիական ընկերությունը) հետ ձեռք բերված պայմանավորվածության` 2008 թ. շուրջ 3 մլն դոլարի ներդրում է կատարվելու Արտաշատ քաղաքը խմելու ջրով ապահովելու համար: Քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հավաստիացմամբ` մինչեւ եկող տարվա վերջ Արտաշատ քաղաքը խմելու ջրի հետ կապված խնդիր ընդհանրապես չի ունենա: 

Ցավոք, նույնը հնարավոր չէ ասել քաղաքամիջյան ճանապարհների ասֆալտապատման առումով: Անցած տարի քաղաքի բյուջեի միջոցներով 160 մլն դրամի ճանապարհաշինություն է իրականացվել, եւս 40 մլն դրամի աշխատանքներ են կատարվել կառավարության ֆինանսավորմամբ: Այս տարի գյուղատնտեսության նախարարության օգնությամբ 8000 քմ ճանապարհ է ասֆալտապատվել: Եկող տարվա համար էլ բավականին գումար են նախատեսել, բայց քաղաքում բարեկարգման սպասող ճանապարհների վերջը, կարծես, չի երեւում: Դրանում համոզվեցինք անձամբ, նույնը հաստատեցին նաեւ արտաշատցիները: Տիգրան Հարությունյանը տաքսու վարորդ է, նրա պնդմամբ` կենտրոնական մի քանի փողոցներից բացի քաղաքն աներթեւեկելի է, եւ շատ փողոցներում ասֆալտից միայն կղզյակներ ու կոշտուկներ են մնացել: Վերջինս առաջարկեց իր մեքենայով շրջել քաղաքում` իրական պատկերը տեսնելու համար: 

Քաղաքում լիովին լուծված չէ նաեւ աղբահանության հարցը, չնայած, քաղաքապետի ասելով, տարեցտարի այն ավելի բարձր մակարդակով է իրականացվում: Ոլորտում բարեփոխումներ են իրականացվում, եւ մշակվել է նոր կարգ, համաձայն որի մրցույթով աղբահանության իրավունքը շահած կազմակերպությունը պետք է պայմանագիր կնքի քաղաքի բնակչության հետ: «Աջակցում ենք, որպեսզի կարողանանք այդ դժվարին գործընթացը հունի մեջ գցել: Բանն այն է, որ մինչ այդ բնակիչներն աղբահանության համար կամ չեն վճարել, կամ խորհրդանշական գումար են վճարել եւ այսօր հոգեբանորեն պատրաստ չեն ավելին վճարելու: Դրա համար ժամանակ է պետք»,- ասում է Արտաշատի քաղաքապետը: 

Մինչդեռ բնակիչները պնդում էին, որ կենտրոնից մի քիչ հեռու, սեփական տների հատվածներում ամիսներով աղբատար չի երեւում, եւ համոզվածություն հայտնում, որ դա չի ժխտի անգամ կոմունալի պետը: Հասկանալի է, որ այսօրվա իրավիճակում, երբ քաղաքապետարանի բյուջեն անգամ նվազագույն կարիքների բավարարմանը չի հերիքում, միանգամից, մեկ-երկու տարվա ընթացքում բոլոր ցավոտ հարցերին լուծում տալ չի կարող: «Խնդիրներն այնքան շատ են, որ բյուջեով կարողանում ենք միայն ընթացիկ, ոչ շատ ծախսատար հարցեր լուծել»,- ասում է Գագիկ Մուրադյանը: 

Քաղաքի բյուջեն 2007 թ. նախատեսվել է 450 մլն դրամ, դրան գումարվել է կառավարության հատկացրած 148 մլն դրամ դոտացիան: Դեկտեմբերի սկզբներին կատարվել էր հավաքագրումների 70%-ը: Քաղաքապետը վստահ էր, որ հարկերի հավաքագրումը մինչեւ տարեվերջ կհասցնեն 80-85%-ի: «Կաղում» են առավելապես հողի հարկերը հավաքագրելիս, որովհետեւ բնակիչների մի մասը վճարունակ չի: Տարի է լինում, որ բնական աղետների հետեւանքով մարդիկ ոչ միայն անվճարունակ են դառնում, այլեւ ապրելու առումով լուրջ խնդիրներ են ունենում: Նաեւ այդ պատճառով նախկինից բավականին պարտքեր են կուտակվել: Պրն Մուրադյանը լավատես է այդ հարցում. «Ժողովուրդը հիմնականում պարտաճանաչ է, ուղղակի պետք է իրավիճակը ճիշտ գնահատել, մարդկանց հետ ճիշտ աշխատել: Առաջիկա տարիներին այս հարցերը հնարավորինս կլուծվեն»: Չվճարված հարկերը բյուջեով նախատեսում են որպես ապառք եւ փորձում են հավաքագրել նախորդ տարիներից մնացած պարտքերը: «2000 թ. պարտք ունեցողներ կան, եւ բնակիչները պարտավոր են վճարել այդ գումարները, դրանք վաղեմության ժամկետ չունեն»,- ասում է նա: Իհարկե, երբեմն քաղաքապետարանը ստիպված է լինում նման հարցերը լուծել դատական կարգով, բայց ավելի շատ` գույքահարկը գանձելու դեպքում եւ երբ համոզված են, որ հարկատուն ոչ թե հնարավորություն, այլ ցանկություն չունի պարտավորությունները կատարելու: «Նման մի քանի հայց ենք ներկայացրել եւ բոլորն էլ շահել ենք»,- տեղեկացրեց քաղաքապետը:

Քաղաքում գործող վերամշակման ձեռնարկությունների հետ քաղաքապետարանի «համագործակցությունը» սահմանափակվում է ընդամենը հարկեր գանձելու մակարդակով: Վերջիններս, որ հանրապետության չափանիշով բավականին զորեղ ընկերություններ են, քաղաքին որեւէ աջակցություն չեն ցուցաբերում: 

Հարկերի հավաքագրման ավելացմանը զուգընթաց տարեցտարի պետության դոտացիոն աջակցությունն էլ է մեծանում: Ինչ վերաբերում է պետության հատկացրած միջոցների տնօրինմանը, դրանց օգտագործման թափանցիկությանը, ըստ քաղաքապետի` «մարզպետարանի վերահսկողությունն անպակաս է, մյուս կողմից` բոլոր որոշումներն ընդունում, հաստատում է ավագանին, որի բոլոր անդամները չէ, որ իմ կողմնակիցներն են, բավականին լուրջ ընդդիմություն ունեմ: Բացի այդ, նիստերին մասնակցում են մարզային եւ քաղաքային լրատվամիջոցները, երկու-երեք թերթ եւ մարզային հեռուստատեսությունը, որ հետո հրապարակում են մեր որոշումները: Այնպես որ, կամա-ակամա մեր գործունեությունը հրապարակային է»,- ասում է քաղաքապետը: 

Վերջինս իրենց աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաեւ` հրապարակայնությունը պայմանավորում է հատկապես ավագանու դերակատարությամբ: Քաղաքի այդ ինստիտուտը ներկայացնող 15 անդամներից 13-ը բարձրագույն կրթություն ունեն, երկուսը` միջնակարգ մասնագիտական: Ավագանու անդամները տարբեր կուսակցություններ են ներկայացնում: Սրանց մի մասն ընտրվել է երկրորդ-երրորդ անգամ եւ ավելի փորձառու է: Ավագանու անդամներից շատերը մասնակցել են GTZ-ի եւ «Հայաստանի ավագանիներ» հ/կ-ի կազմակերպած տարբեր դասընթացների: Այնպես որ, ավագանին ինտելեկտի, իր իրավունքների ու պարտականությունների, քաղաքապետարանի անելիքների իմացության առումով խնդիրներ չունի: «Ընդհակառակը, երբեմն խնդիրներ են առաջացնում որոշումներ ընդունելիս: Այնպես չէ, որ հարցը դրվում եւ ընդունվում է»,- ասում է քաղաքապետը: 

Չնայած քաղաքապետի լավ տրամադրվածությանը, ինքնակառավարման մեխանիզմների նկատմամբ ունեցած գոհունակությանը, այդուհանդերձ, այս քաղաքում լուրջ խնդիրները լուծվում են միայն կառավարության բարեհաճության դեպքում: Դրանից չի՞ հետեւում, արդյոք, որ փոքրիշատե լուրջ հարց լուծելու համար տեղական մարմինները շարունակ ձեռքերը պարզելու են կառավարությանը: Այդ դեպքում ու՞ր մնաց ինքնակառավարումը: 

Արարատ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter