HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետռեգիստրի տրամադրած տեղեկությունների համար վճարը ծանր բեռ է ԶԼՄ-ների համար

Մամուլը կենսական դեր է խաղում ժողովրդավարական հասարակությունում, այն պարտականություն ունի տեղեկատվություն տարածել հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ, իսկ հասարակությունը իրավունք ունի ստանալու այն, այլապես մամուլը կկորցնի «հանրային հսկիչի» իր կենսական դերը:

ԶԼՄ-ները մեծ հետաքրքրություն ունեն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ: Պատճառներից մեկն այն է, որ ընկերություններում պաշտոնյաներն ու նրանց ազգականներն ունեն բաժնեմասեր կամ 100-անոց սեփականատերեր են: Երբեմն չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը կամ օգտագործելով անձնական կապերը՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցները ծախսում են հենց իրենց ընկերությունների միջոցով` ապահովելով կլորիկ եկամուտ: Առաջանում է շահերի բախում` իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում է որոշում, որը ողջամտորեն մեկնաբանվում է որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով` տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ոչ միշտ է օրենքի պահանջով առաջնորդվում եւ տրամադրում հավաստի տեղեկություն:

Պետռեգիստրի գործակալությունը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին է, որն իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը, իսկ միասնական գրանցամատյանը էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է օրենքով նախատեսված տեղեկություններ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, ՀՀ եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների, ինչպես նաեւ ՀՀ-ում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց վերաբերյալ:

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները եւ գրանցված իրավաբանական անձանց կանոնադրությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքում` օրենքով նախատեսված դեպքում պետական տուրքը վճարելու պայմանով: Իսկ մասնակի տեղեկությունները` իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպաիրավական ձեւը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները, իրավաբանական անձի՝ լուծարման գործընթացում գտնվելը, տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:

Իրավաբանական անձանց պետական միասնական եւ պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող եւ ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի եռապատիկի չափով`3000 դրամ:

Տեղեկատվություն փնտրողը յուրաքանչյուր ընկերության համար վճարում է 3000 դրամ, որի համար պետք է ստանա հավաստի եւ ամբողջական տեղեկություն, օրինակ`ընկերության կանոնադրության պատճենը, սակայն պարզվում է, որ գործակալության կայքէջում ընկերության կանոնադրությունը չկա: Նման դեպքերը բազմաթիվ են`«ԿԱՏԱՆԱ» ՍՊԸ (12.04.2013թ. դրությամբ), «ՄԱՐՑ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (01.07.2013թ.), «ՎԵՆԵՐԻ» ՍՊԸ (11.07.2013թ.), «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ (24.07.2013թ.) եւ այլն:

Վճարելուց հետո պարզվում է, որ օրենքով հրապարակման ենթակա այլ տեղեկություններ եւս առկա չեն՝ մասնակցի`իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության եւ մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հետեւաաբար սխալ է ստացվում մասնակիցների բաժնեմասերի հանրագումարը:

Օրինակ`«ՄԵՅՆ ԱՎԻԷՅՇԸՆ ՏԵՔՆԻՔՍ» ՍՊԸ-ի վեց մասնակիցների մուտք գործելու ամսաթիվը նույնն է, նրանցից երեքը տարբեր տարիներին մասնակցությունը դադարեցրել են, իսկ մնացած երեք մասնակիցների անվան դիմաց բաժնեմասերը գրված են` 100%, 15% եւ 18.333333%: Բաժնեմասերի հանրագումարը ստացվում է 133. 333333%, ինչը ճիշտ չէ:

«ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ում գրանցված երկու մասնակիցների մասնակից դառնալու ամսաթիվը նույնն է, եւ նրանք ունեն համապատասխանաբար 51% եւ 49% բաժնեմաս, սակայն 49% բաժնեմաս է նշված եւս մեկ մարդու անունով, որի՝ ընկերություն մուտք գործելու ամսաթիվը նշված չէ: Այս դեպքում էլ բաժնեմասերի հանրագումարը ստացվում է 149%:

Մեկ այլ դեպքում`Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն պատկանող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ում գրանցված երկու մասնակիցներն էլ ունեն 100-ական տոկոս բաժնեմաս (23.07.2013թ. դրությամբ), եւ արդյունքում հանրագումարը ստացվում է 200%:

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի անվճար հրապարակված տվյալներով՝ հիմնադիրները չորսն են, սակայն 3000 դրամ վճարելուց հետո պարզվում է, որ երեք հիմնադիրները նույն օրն են մուտք գործել ՍՊԸ, իսկ մասնակիցներից մեկի մուտք գործելու ամսաթվի մասին տեղեկություններ ընդհանրապես չկան, ինչը լուրջ կասկած է առաջացնում, որ նա հիմնադիր է:

Վերը նշված օրինակները փաստում են, որ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկություններ փնտրող անձին չի տրամադրում հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն, փոխարենը «հաճույքով» գանձում է պետական տուրք ոչ պատշաճ մատուցած ծառայության համար:

Պետռեգիստրում անվճար հրապարակված տեղեկությունը սահմանափակ է եւ աղքատիկ: Պաշտոնական կայքում (www.e-register.am) հրապարակվում են ոչ թե իրավաբանական անձի այդ պահի մասնակիցների, այլ հիմնադիրների անունները, մինչդեռ վճարելուց հետո կարող է պարզվել, որ այդ հիմնադիրը դեռեւս 10 տարի առաջ դադարեցրել է իր մասնակցությունը ընկերությունում:

Անհամաչափ ծանր բեռ` լրատվամիջոցների համար

Տեղեկություններ տարածելով՝ լրատվամիջոցն իրականացնում է իր իրավունքները` հանրությանը տեղեկատվություն հաղորդելու իր առաքելությունը:  Մինչդեռ վճարովի հիմունքներով տեղեկատվություն տրամադրելու՝ օրենքով նախատեսված եւ պետռեգիստրի կողմից առաջարկած եղանակը միջամտություն է ԶԼՄ-ների իրավունքին այն աստիճան, որ իրավունքի իրականացումը դառնում է անհնար, կամ էլ լրատվամիջոցը հայտնվում է անհամաչափ մեծ բեռի տակ:

Տեղեկություն տրամադրելու այս եղանակը լրջորեն խոչընդոտում է հանրային տեղեկությունների մատչելիությանը կամ նման տեղեկություններ ստանալու օպերատիվությանը, որոնք բխում են հանրային շահից։ Հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող լրատվական նյութերում երբեմն հարկ է լինում պետռեգիստրից վճարովի եղանակով ստանալ 3-4 ընկերության տվյալներ, ինչը ֆինանսական մեծ եւ անհամաչափ ծանր բեռ է լրատվամիջոցի համար եւ ֆինանսական խնդիրներից ելնելով հնարավոր է լրատվամիջոցը չկարողանա իրականացնել իր առաքելությունը` տեղեկություն ստանալն ու տարածելը:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով սահմանված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը`առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից (հոդված 10): Նմանատիպ դրույթ նախատեսված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ (hոդված 27):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կետը սահմանում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման համար գանձում չի կատարվում տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս:

«Հետքը», որի հիմնական առաքելությունը հետաքննություններ իրականացնելն է, դիմել էր ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, այնուհետեւ վերադասության կարգով` արդարադատության նախարարին՝ խնդրելով էլեկտրոնային տարբերակով ստանալ գործակալությունում գրանցված բոլոր ընկերությունների մասին ամբողջական տեղեկատվություն:

Թե՛ գործակալությունը, թե՛ արդարադատության նախարարությունը մերժել էին տրամադրել տեղեկությունը էլեկտրոնային տարբերակով` պատճառաբանելով պահանջած տեղեկատվության վճարովի լինելը: Նախարարությունից մասնավորեցրել էին, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը չի վերաբերում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ամբողջական տեղեկությունների տրամադրմանը, քանզի վերջինիս կողմից ամբողջական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային փոստի (ինտերնետային ցանցի) միջոցով, այլ էլեկտրոնային փաստաթղթի ձեւով`նյութական կրիչի միջոցով կամ թղթային եղանակով, որի դիմաց իրականացվում է օրենքով սահմանված գանձում:

Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ գործակալության կողմից ամբողջական տեղեկությունների տրամադրման համար օրենքով նախատեսված պետական տուրքի գանձման պահանջը ամբողջովին իրավաչափ է եւ չի հակասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներին:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ խնդիրը հստակորեն կարգավորվում է օրենսդրությամբ, սակայն նման իրավակարգավորումը կարող է իսկապես խնդիրներ առաջացնել իրավաչափության տեսանկյունից:

«Իրավաչա՞փ է, արդյոք, 21-րդ դարում, ինտերնետի նման զարգացվածության պայմաններում սահմանել, որ տեղեկությունը կարող է տրամադրվել միայն էլեկտրոնային փաստաթղթի ձեւով, երբ այսօր նույնիսկ հրապարակային ծանուցումը կարող է կատարվել ինտերնետով։ Գուցե օրենքի այդ դրույթը փոքր-ինչ հնացած է և պետք է սահմանել, որ նման փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով։ Պետական տուրք գանձվում է որպես կանոն ծառայություն մատուցելիս`հանրային մարմնի կատարած ինչ-ինչ ծախսերի դիմաց, մինչդեռ էլեկտրոնային փոստով տեղեկությունն ուղարկելու դեպքում որեւէ ծախս չի կատարվում, կամ էլ ծախսը մինիմալ է, իսկ էլեկտրոնային փաստաթղթի դեպքում ծախսեր կատարվում են, եւ դրանով է պայմանավորված տուրքի սահմանումը։ Այդ դեպքում ողջամիտ է տուրք սահմանելը, ուստի կենտրոնական հարցը կրկին մնում է տեղեկատվությունը տրամադրելու նման եղանակի իրավաչափության հարցը»,-ասում է Արա Ղազարյանը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ անհամաչափ պահանջը կարող է լրջորեն վնասել տվյալ լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքին, որից կտուժի տեղեկատվություն ստանալու հանրային շահը: Հանրությունն ունի տեղեկացված լինելու իրավունք, որը ժողովրդավարական հասարակության կարեւորագույն իրավունքներից մեկն է: Այս ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում անվնաս, այլեւ այնպիսիների, որոնք վրդովեցուցիչ, ցնցող կամ անհանգստացնող են:

Նշենք, որ կառավարությունը` ի դեմս արդարադատության նախարարության, առաջիկայում հասարակական քննարկման կներկայացնի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոփոխությունները դեռ «գաղտնազերծված» չեն, ուստի չենք կարող ասել` մեր բարձրացրած հարցերին լուծում կտրվի, թե ոչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter