ՍՊԸ-ի ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև 20 տոկոսի բաժնետերերը
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագծի ընդունման դեպքում ՍՊԸ ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
«Օրենքում առաջարկվող լրացումները նպատակ ունեն ապահովել օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքները, մասնավորապես, մասնակցի՝ ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը, օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Բարձրագույն մարմնի կողմից կառավարում կարելի է իրականացնել հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու միջոցով: Սույն օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածներում արտահերթ եւ հերթական ժողովի հրավիրման իրավունքը վերապահված է գործադիր մարմնին: Այսինքն գործադիր մարմնի կամքից է կախված մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը: Գործող խմբագրությամբ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 90 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները ցանկություն ունեն ժողով հրավիրելու, բայց գործադիր մարմինը պարզապես ժողով չի հրավիրում»,- գրված է նախագծի հիմնավորման մեջ:
Նշված է նաև, որ նախկինում մասնակիցներին մնում էր դիմել դատարան՝ տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու հայցով, և ժամանակի կորստի հետեւանքով ընկերությունը կարող էր կրել անդառնալի կորուստներ, իսկ օրենքում կատարված վերոնշյալ լրացումը թույլ է տալիս խուսափել դրանից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել