HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Աշնանը Էրեբունիում 20 հա անտառ կտնկվի

«Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասում է, որ 2000 տարի առաջ Հայաստանը 40 տոկոս անտառներ է ունեցել, որոնք կամաց-կամաց նվազել են տարբեր պատճառներով: Այսօր մեր երկրի տարածքի 11,2 տոկոսը պաշտոնապես համարվում է անտառածածկ, չնայած բնապահպանները նշում են, որ իրական թիվն ավելի փոքր է:

Պետրոսյանն ասում է, որ, օրինակ, ի տարբերություն 2003-ի՝ ներկայումս ապօրինի անտառահատումները նվազել են, ինչը վկայում են հետազոտությունները: Մասնավորապես, 2003-ին դրսից եկած մասնագետների կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ  տարեկան մեր երկրում օգտագործվում է մոտ 1 մլն խմ փայտ, որից մոտ 300.000-ը տեղափոխվել է մայրուղիներով, այսինքն՝ բիզնեսի մեջ է եղել: Հիմա օգտագործման ցուցանիշը գնահատվում է մոտ 400.000 խմ: Այս անկման պատճառներից մեկը, ըստ գլխավոր անտառապետի, գազիֆիկացումն է, բացի այդ՝ բարձրացել է անտառային ոլորտի ֆինանսավորումը:

«Եթե 2003-ին բյուջեից հատկացվել է 178 մլն դրամ, ապա 2006-2009-ին այն կազմում էր շուրջ 1,5 մլրդ դրամ: Այդ տարիներին անտառվերականգնման մեծ աշխատանքներ կատարվեցին: 237 հա տարածքով ծառեր տնկվեցին Նորքի հեռուստաաշտարակի տակ, գաջի գործարանի մոտ, Նուբարաշենում: Այս աշնանը տնկվելու է եւս 20 հա Էրեբունիում: 2004-ից այս կողմ տնկվել է 3150 հա անտառ»,- ասում է Պետրոսյանն ու հավելում, թե որքան դժվար է անտառ հիմնելն ու սկզբնական վիճակից բուն անտառի վերածելը:

Այսպես, ըստ նրա, խորհրդային տարիներին՝ 1930-ականներից մինչեւ 1990-ը, Հայաստանում բնական անտառից զատ տնկվել է 156.000 հա անտառ, որից պահպանվել է 36.000 հա-ն ու եւս 14.000 հա, որ դեռ անտառ չէր դարձել, այսինքն՝ 50.000 հա:

Անտառի պահպանության գործում Ա. Պետրոսյանը կարեւորում է նաեւ անտառապահների աշխատավարձերի հարաբերական բարձրացումը. 2003-ին անտառապահը ստանում էր 13.000 դրամ աշխատավարձ, 2006-ից՝ 50-55.000:

Անտառի համար լուրջ խնդիրներ են հրդեհները, որոնք բռնկվում են գերազանցապես մարդկանց պատճառով: Անցյալ տարի «Հայանտառ»-ին ենթակա տարածքներում գրանցվել է 46 հրդեհ, որից 42-ի պատճառը եղել է մարդկային գործոնը, դրանք բռնկվել են հարակից գյուղերի կողմից, այրվել է շուրջ 810 հա տարածք: Հիմնական վնասները կրել են Գուգարքի եւ Տաշիրի անտառտնտեսությունները: Վերջին 10 տարում Հայաստանում վառվել է մոտ 2000 հա անտառային տարածք: Բանախոսի հավաստմամբ՝ այսօր իրենք չունենք լուրջ տեխնիկա, եւ հրհեաշիջման աշխատանքները կազմակերպվում են արտակարգ իրավիճակների նախարարության եւ տեղի բնակչության միջոցով:

Նախատեսվում է, որ անտառներում իրականացվող բոլոր տեսակի հատումները պետք է իրականացնի ոչ թե «Հայանտառ»-ը, այլ հայտարարվի մրցույթ եւ պատվիրվի մասնավորին: «Կառավարումն ու վերահսկումն իրարից տարանջատելը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնում է»,- կարծում է Ռ. Պետրոսյանը: Բայց կոռուպցիոն ռիսկերի եւ շահերի բախման հավանականության փայլուն օրինակ է «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանին  պատկանող «Կարաստ» ՍՊԸ-ի կողմից նույն անտառտնտեսության կազմում գտնվող Թեղուտի  անտառում հատումներ իրականացնելու մրցույթը շահելը, ինչպես նաեւ այն, որ ընկերության պահեստից «կորել է» 5,6 մլն դրամի փայտանյութ: «Հիմա մրցույթով ինքը (Կ. Շահնազարյանը- հեղ.) շահել է, ինքն է անում»,- ասում է Ռուբեն Պետրոսյանը:   

Մեկնաբանություններ (1)

svoy
Ну и пургу несет старшой...даже вспомнил, что было до рождения Христа...повторение старых мифов и очерк лесного хозяйства советского времени, кстати почерпнутый из давно оспоренных источников, не делает чести профессионалам...лучше бы вспомнил, с чьей подачи уникальные дубравы страны пошли на коньячные бочки...рубить лес без обеспечения его возобновления—преступление...а лесопосадки--это еще далеко не лес, пора бы зарубить это на носу...угрохали такие государственные средства—а где лес?...аууууу...дядя Путин давно бы отправил финансового аудитора в Армлес и вывел всех на чистую воду...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter