
Այսօր երեկոյան՝ Ռուսաստան-Հայաստան, Հայաստան-Լեհաստան
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդանց հավաքականը 2,5-1,5 հաշվով առավելության հասավ հունգարացիների նկատմամբ: Մեր թիմին հաղթական միավոր բերեց սեւերով երկրորդ տախտակի վրա խաղացող Սերգեյ Մովսեսյանը, ով հաղթեց Զոլթան Ալմաշիին:
Իսկ կանանց ընտրանին 3,5-0,5 հաղթեց իսպանուհիներին: Միավորը կիսեց միայն Գալոյանը, Դանիելյանը, Մկրտչյանն ու Կուրսովան առավել ուժեղ էին մրցակիցներից:
6 տուրից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է Ֆրանսիան, նրան մեկ միավորի տարբերությամբ զիջում է Ադրբեջանը, իսկ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն 9-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղում ռուսներն են: Այսօր կայանալիք 7-րդ տուրում կմրցեն Ադրբեջան-Ֆրանսիա, Ռուսաստան-Հայաստան զույգերը:
Կանանց պայքարում առաջատարը 11 միավորով Ուկրաինան է, Հայաստանը, Վրաստանն ու Լեհաստանի երկու հավաքականները (առաջին եւ երրորդ) 9-ական միավոր ունեն, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մերոնք 2-րդն են: Այսօրվա մրցավեճում Չիբուխչյանի սաները կխաղան Լեհաստանի երկրորդ թիմի դեմ:
Մեկնաբանել