
Հայ շախմատիստներն առայժմ 3-րդն են, շախմատիստուհիները՝ 2-րդը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում 2,5-1,5 հաշվով հաղթել է Ռուսաստանի ընտրանուն եւ այժմ գտնվում է աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը եւ երրորդ տախտակի վրա խաղացող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի եւ Ալ. Մորոզեւիչի հետ: Սերգեյ Մովսեսյանն սպիտակներով խաղաղ է բաժանվել Պյոտր Սվիդլերից, իսկ չորրորդ տախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթել է Եվգենի Տոմաշեւսկուն: Մյուս առաջատարների՝ Ֆրանսիայի ու Ադրբեջանի խաղն ավարտվել է 2-2:
7 տուրից հետո մեր հավաքականն տարել է 5 հաղթանակ եւ 1-ական ոչ-ոքի ու պարտությունի ունի: Մերոնց պես 11 միավոր են վաստակել նաեւ ադրբեջանցիները, որոնք լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն են: Առաջատար ֆրանսիացիները 12 միավոր ունեն: Այսօր երեկոյան մեր տղամարդիկ հանդիպելու են Ֆրանսիայի ընտրանուն, եւ շատ բան կախված է հենց այդ դիմակայության ելքից: Ադրբեջանն էլ կմրցի 4-րդ տեղում ընթացող հույների հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Իրենց հերթին հայ շախմատիստուհիները 3-1 հաշվով հաղթել են Լեհաստանի երկրորդ թիմին: Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը հաղթել են, իսկ Կուրսովան՝ պարտվել: Մեր կանայք ցույց են տվել նույն արդյունքները, ինչ տղամարդիկ, սակայն, ի տարբերություն նրանց, 11 միավորով հայուհիները երկրորդն են եւ զիջում են միայն Ուկրաինային, որն ունի 13 միավոր: Նախավերջին տուրում մեր թիմը կմրցի հենց ուկրաինուհիների հետ, որոնք նաեւ վարկանիշային առաջատարն են մրցաշարում:
Մեկնաբանել