
Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ծովամթերքի վաճառքը
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը սահմանափակում է դրել ևս մեկ հայկական ընկերության` Ռուսաստան արտահանած ծովամթերքի վաճառքի վրա: «Աքվատիկ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների վաճառքի վրա արգելանք է դրվել «արգելված և վտանգավոր նյութերի» հայտնաբերման հիմքով:
Հիշեցնենք, որ հայկական երկու այլ ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքը Ռուսաստանում արգելվել էր ավելի վաղ: 2013թ. օգոստոսի 30-ից արգելանք էր դրվել «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ-ի, իսկ հուլիսի 15-ից` «ԳՈՍ» ՓԲԸ-ի ատադրության ծովամթերքի վրա` դրանցում «կոլիֆորմ» տեսակի բակտերիաների հայտնաբերման հիմքով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը այս արգելանքից հետո պաշտոնապես դիմել էր Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայություն` վերոնշյալ ընկերությունների գործունեության սահմանափակումը վերացնելու համար, իսկ ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե դիմումը «ոչ միայն ցուցակում գրանցված ձկնարտադրողներին էր վերաբերում, այլև նոր արտահանել ցանկացողներին»:
Մեկ ամսից ավելի է արդեն, ինչ դիմումն ուղարկվել է, սակայն համաձայն Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության տվյալների` ոչինչ չի փոխվել: Վերոնշյալ ընկերությունների գործունեությունը շարունակվում է սահմանափակվել: Ավելին, Ռուսաստանը վտանգավոր նյութեր է հայտնաբերում հայկական այլ ընկերություններիի` իր տարածք արտահանած ապրանքի մեջ: Եվ եթե նախկինում Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը նշում էր արգելանքի հիմքը, ապա վերջին հրամանի մեջ չի հստակեցրել, թե ինչ վտանգավոր նյութի մասին է խոսքը:
Մեկնաբանել