HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում օծվել է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող նոր եկեղեցի

Նոյեմբերի 16-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվեց Մամզարա (Նամզարա) գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին, մասնակցուփյամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանի, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի:

Օծման կարգից անմիջապես հետո մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Հայ եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:

Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել և շրջակա տարածքը բարեկարգվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Խաչատրյանի: Եկեղեցու բարերարը մանկուց երազել է, որ հայրենի գյուղը գործող ու բարեկարգ եկեղեցի ունենա:

Ջավախքի ընդհանուր փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանը բարձր գնահատեց բարերարին՝ փոխանցելով նրան օրհնության գիր և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը»:

«Նամզարացիներն իրենց մեջ ունենալով Հակոբ Խաչատրյան բարերարը` հիմքը դրեցին այս գեղեցիկ եկեղեցուն: Օրվա խորհուրդը շատ մեծ է, գիտենք՝ ժողովուրդն ինչքան դժվար է ապրում, բայց այս ամեն դժվարությունների մեջ մտածում են նաև հոգևոր կյանքի մասին: Թող այս հոյակերտ եկեղեցին օրհնաբեր լինի»,- իր խոսքում նշեց Վազգեն սրբազան Միրզախանյանը:

Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղը բազմամարդ էր: Սուրբ արարողությանը ներկա էին տեղական իշխանության մարմինները, Նինոծմինդայի շրջանից ընտրված խորհրդարանի պատգամավորը, Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Վիրահայոց թեմի առաջնորդին և Ջավախքի ընդ. առաջնորդական փոխանորդին մամզարացիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով և ավանդական դհոլ-զուռնայի հնչյունների ներքո:  

Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն և հյուրասիրություն: Սա սբ. Մաշտոցի անունը կրող միակ եկեղցին է Ջավախքում: Հիշեցնեք, որ ամիսներ առաջ Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում հանդիասպետությամբ Վիրահայոց թեմի և Ջավախքի հոգևոր դասի կատարվել էր նոր կառուցվող սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter