
Մեդալների հարցը կորոշվի Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ֆրանսիա խաղերում
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-2 է խաղացել Ֆրանսիայի հետ: Առաջին տախտակի վրա Արոնյանը սեւերով հաղթել է Էթիեն Բաքրոյին, սակայն երկրորդ տախտակի վրա Մովսեսյանը սպիտակներով զիջել է Վաշիե-Լագրավին: Էդուարդ-Հակոբյան, Սարգսյան-Տկաչեւ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Զուգահեռաբար Ադրբեջանը 2,5-1,5 հաշվով հաղթել է Հունաստանին:
Վերջին տուրից առաջ Ֆրանսիան եւ Ադրբեջանը վաստակել են 13-ական միավոր, իսկ Հայաստանը՝ 12: Ռուսաստանն ու Վրաստանը ունեն 11-ական միավոր: Այսպիսով՝ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում կայանալիք Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ֆրանսիախաղերում:
Կանանց պայքարում մեր թիմը 1-3 հաշվով զիջել է վարկանիշային առաջատար եւ լավագույն արդյունքն ունեցող Ուկրաինայի թիմին: Դանիելյանն ու Գալոյանը սեւերով զիջել են Լահնոյին եւ Մուզիչուկին, իսկ Մկրտչյան-Ուշենինա, Կուրսովա-Ժուկովա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
8 տուրից հետո Ուկրաինան ունի 15 միավոր, Ռուսաստանը եւ Լեհաստանը՝ 12-ական, Հայաստանն ու Լիտվան՝ 11-ական: Այսինքն՝ Ուկրաինան արդեն նվաճել է չեմպիոնի կոչումը, մնում է որոշել արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին:
Մեկնաբանել