HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ շախմատիստները կրկին անհաջողության են մատնվում վերջին տուրում

Վարշավայում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրից առաջ լավ հնարավորություններ ուներ առաջին տեղ զբաղեցնելու համար: 9-րդ տուրում մեր թիմի մրցակիցը Ադրբեջանն էր, որը մեզնից մեկ միավոր ավել էր վաստակել: Զուգահեռաբար խաղում էին Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Այստեղ մեզ ձեռնտու էր ռուսների հաղթանակը, քանի որ նրանք էլ մեզնից մեկ միավոր քիչ ունեին, սակայն մենք մեր հերթին պարտավոր էինք հաղթել վերջին մրցակցին:

Սակայն Արշակ Պետրոսյանի թիմը բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի, ինչն առաջին հերթին ձեռնտու էր Ադրբեջանին, քանի որ նրա հիմնական մրցակից Ֆրանսիան 1,5-2,5 հաշվով պարտվեց Ռուսաստանին:

Այսպիսով՝ Ադրբեջանը վերջնական արդյունքում վաստակեց 14 միավոր, ընդ որում՝ դա միակ թիմն էր, որ չկրեց ոչ մի պարտություն: Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Հայաստանը վաստակեցին 13-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթը հասավ ֆրանսիացիներին, իսկ բրոնզը՝ ռուսներին: Մերոնք ձեռնունայն մնացին:

Պատմությունը, փաստորեն, կրկնվեց: Անցյալ մրցաշարում էլ՝ 2011-ին, վերջին տուրից առաջ մեր թիմը մրցանակակիր դառնալու լավ շանսեր ուներ, սակայն վերջին խաղում չկարողացավ հասնել իր նպատակին: Հայաստանի հավաքականի այս անհաջողությունների պատճառը պետք է փնտրել բացառապես թիմի ելույթներում, երբ ընտրանին միավորներ է զիջում իրենից թույլ թիմերին եւ վերջին խաղում ստիպված է լինում կենաց-մահու պայքար մղել, սակայն ձախողվում է:   

Մեր թիմը, որը օլիմպիադայի ու աշխարհի գործող չեմպիոնն է, Եվրոպայի առաջնությունում կարծես կախարդված լինի: Միակ անգամ թիմը չեմպիոն է դարձել հեռավոր 1999-ին, իսկ վերջին անգամ մրցանակակիր է դարձել (արծաթ) 2007-ին: 1997-ին էլ նվաճել էր բրոնզե մեդալներ: Իսկ ահա հարեւան Ադրբեջանը բացառիկ արդյունք է գրանցել վերջին տարիներին. 2007-ից ի վեր այս թիմը առանց մեդալների չի հեռանում Եվրոպայի առաջնություններից: Եվ իր պատմության մեջ բոլոր պարգեւները նվաճել է հենց այս ընթացքում. 2007` բրոնզ, 2009՝ ոսկի, 2011` արծաթ, 2013` ոսկի: 

Կանանց պայքարում նույնպես անհաջողության մատնվեցինք: Եթե նախավերջին տուրից առաջ երկրորդն էինք, ապա վերջին երկու տարում մեր աղջիկները վաստակեցին ընդամենը մեկ միավոր ու հայտնվեցին 5-րդ տեղում: Հիշեցնենք, որ մեր թիմը 8-րդ տուրում 1-3 հաշվով զիջեց Ուկրաինային, ինչից օգտվեցին Լեհաստանն ու Ռուսաստանը եւ առաջ անցան մերոնցից: Վերջին տուրում այս երկու թիմերը նույն 3-1 հաշվով հաղթեցին Լիտվային եւ Ուկրաինային ու վաստակեցին 14-ական միավոր, ինչն անհասանելի էր դարձնում նրանց մյուս մրցակիցներից: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ 15 միավորով ոսկին արդեն իսկ նվաճել էին ուկրաինուհիները: Լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ արծաթը բաժին հասավ ռուսներին, իսկ բրոնզը լեհերին: 

Իսկ ահա մեր թիմը վերջին տուրում չկարողացավ հաղթել հունգարուհիներին: Դանիելյանն ու Կուրսովան պարտվեցին առաջին ու չորրորդ տախտակների վրա, իսկ Մկրտչյանն ու Գալոյանը հաղթեցին: Մեր թիմը վաստակեց 12 միավոր, սակայն այս ոչ-ոքիից օգտվեց Վրաստանը, որը 4-0 ջախջախեց Հոլանդիային ու շրջանցեց Հայաստանին՝ մերոնց իջեցնելով 5-րդ տեղ: 

Հայաստանի կանանց հավաքականն իր վարկանիշով 6-րդն էր մրցաշարում, կարելի է ասել, որ արդյունքը հավասար էր վարկանիշին: Սակայն ցավալին այն է, որ մեր թիմը չկարողացավ վերջին պահին պահպանել ձեռք բերածը: 

Հիշեցնենք, որ այս օրերին Հնդկաստանում ընթանում է Անանդ-Կառլսեն աշխարհի թագի մրցավեճը: Կայացել է 12 պարտիաներից 6-ը: Առաջին չորս ոչ-ոքիներից հետո հավակնորդ Կառլսենը նախ սպիտակներով, ապա սեւերով հաղթել է, եւ հիմա հաշիվը 4-2 է՝ հօգուտ նրա: Չնայած դեռ 6 տուր էլ կա, այդուհանդերձ, դժվար է հավատալ, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստը ձեռքից բաց կթողնի հնարավորությունը: Ըստ ամենայնի, շախմատը նոր չեմպիոն կունենա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter