HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին

Պարոն Աբրահամյան,

Ինչպես տեղյակ եք «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության հազարավոր անդամներ դիմել էին ՀՀ ազգային ժողովի պատգամավորներին՝ հայտնելով իրենց սկզբունքային անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների և պարտադիր բաղադրիչի վերաբերյալ: Նրանք ներկայացրել էին իրենց հիմնավորումներն ու առաջարկել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչը վերացնել կամ դրա գործադրումը մեկ տարով հետաձգել: Սակայն այդ նպատակով ս. թ. նոյեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ՝ ԱԺ քաղաքական մեծամասնության (ՀՀԿ և ՕԵԿ) անհիմն բոյկոտի պատճառով: 

Մեր կազմակերպությունը դատապարտում է  ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նման պահվածքը և հորդորում՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով: Սեփական ժողովրդի նկատմամբ բոյկոտ չեն հայտարարում, այլ հաշվի են նստում նրա կարծիքի ու առաջարկությունների հետ: Ի վերջո, ՀՀ սահմանդրությամբ իշխանության կրողը ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է:

Միևնույն է, բոյկոտելով ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստերը, չեն տալու իրենց արդյունքը, ավելին, հանրապետությունում գնալով էլ ավելի է խորանալու սոցիալական ընդվզումները, որոնցից ԱԺ քաղաքական մեծամասնության կուսակցություններն ու ՀՀ կառավարությունը չեն կարող խուսանավել:

Գտնում եմ, որ նշյալ օրենքով այս համակարգի ներդրման բացասական հետևանքներն ակնհայտ են և կանխատեսելի: Այս համակարգի պարտադիր ներդրումը լուրջ բացասական հետևանքներ է առաջացնելու հանրության լայն զանգվածի մոտ, այն բերելու է մի շարք լուրջ խնդիրներ, որը ժողովրդին տանելու է դեպի աղքատացում և սոցիալական ընդվզումներն անխուսափելի են լինելու: Ավելորդ չէ հիշատակել, որ այս հակասոցիալական համակարգի ներդրումը զուգորդվում է գազի, էլեկտրաէներգիայի, ուսման վարձերի և այլ ոլորտներում աննախադեպ գնային աճի հետ միասին: Մտածել եք արդյո±ք, թե ի±նչ է սպասվում Հայաստանի բնակչությանը մոտակա մեկ տարում...

Զարմանալի է, որ ԱԺ քաղաքական մեծամասնության կուսակցություններին բացարձակ չի հետաքրքրում հանրային մեծ հնչեղություն ունեցող սոցիալական բնույթի այս հարցը, որը ոչ միայն հակասոցիալական է, այլ նաև հակասահմանադրական:

Անհասկանալի է նաև, թե ինչո±ւ է ԱԺ քաղաքական մեծամասնության կուսակցությունները ՀՀ կառավարության հետ միասին նպաստում մեր երկրում հանրային ցնցումների հրահրմանը:

Գտնում եմ, որ ՀՀ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչները ևս պետք է լինեն նախաձեռնող և հաշվի առնեն հանրության ստվար զանգվածի կարծիքն ու առաջարկությունները, այդ նպատակով անհապաղ կազմակերպեն լսումներ կամ հրավիրեն արտահերթ նիստ և հօգուտ քաղաքացիների որոշում կայացնել:

Իսկ սույնով առաջարկում եմ Ձեզ` օգտվել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածով Ձեզ տրված լիազորությունից,  սույն օրենքի քննարկման վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հրավիրել խորհրդարանական լսումներ և ապահովել շահագրիգիռ հանրության, այդ թվում նշյալ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների, իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունն այդ լսումներին և դրանց արդյունքում հրավիրել արտահերթ նիստ:

Ակնկալում եմ ստանալ Ձեր դրական արձագանքը: 

Լևոն Ներսիսյան

«Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության

հայկական կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն

18.11.2013թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter