HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

105 փամփուշտ, թե՞ բարեփոխում…

Մանուկ Սահակյան,
ցմահ դատապարտյալ 

Ցանկացած միտք, քայլ, որոշում, օրենքի ընդունում և իրագործում, ցանկացած գործողություն լինի պետական, հասարակական, ընտանեկան, թե անձնական, պետք է որոշակի նպատակ հետապնդի: 

Ես հիմա գրում եմ ոչ որպես դատապարտյալ, ում դատապարտել են ցմահ ազատազրկման (ավելի ճիշտ` դանդաղ մահապատժի) առանց փորձաքննության և լուրջ ուսումնասիրության՝ հաշվի առնելով միայն ինքնազրպարտական ցուցմունքներս,  որոնց ճշմարտությունը ուսումնասիրության չեն ենթարկվել և չեն ապացուցվել փորձագիտությամբ, այլ գրում եմ որպես ՀՀ քաղաքացի: Փորձում եմ հասկանալ տրամաբանությունը և նպատակը. 105 ցմահ դատապատյալների մեկուսացումը հասարակությունից, ողջ թողնելու և մինչև ֆիզիկական մահվան հասցնելու նպատակը: 

Ցմահ ազատազրկման դեպքում պետք է օրինական քայլեր և մեխանիզմներ  մշակվեն, որոնք կապահովեն օրենքով նախատեսված 20 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատություն ստանալու գործընթացը.  hնարավորություններ կստեղծեն դատապարտյալներին  ուղղվելու, հասարակություն վերադառնալու համար: ՀՀ-ում  այս ուղղությամբ ոչինչ  չի իրականացվում, ոչ մի հնարավորություն չի ստեղծվում, օրենքը ձևական բնույթ է կրում և չի օգտագործվում, օրենսդրական բարեփոխումներ կատարելու ցանկություն չկա, տարբերակում չի դրվում դատապարտյալների միջև, թե որ տարիքում է կատարվել հանցագործությունը, քանի անգամ է դատապարտվել, քանի հոգու սպանության համար: Չափազանց  խիստ պատժի հնարավոր լինելու ենթադրությամբ գործերի վերանայում չի կատարվում: 

Այսինքն, եթե արդեն որոշված է,  որ 105 ցմահ դատապարտյալներից որևէ մեկն ի վիճակի չէ փոխվելու և հասարակություն վերադառնալու, ապա ո՞րն է նպատակը ցմահ ազատազրկում կիրառելու, ավելին՝ ի՞նչ նպատակ ունի պետական բյուջեից դատապարտյալներին պահելու համար գումար հատկացնել՝ բժշկական  օգնություն և սնունդ  տրամադրելու համար: Այս  ամենը և ուրիշ շատ քայլեր պետք է ուղղված լինեին և ծառայեին ցմահ  դատապարտյալների  ուղղման  և հասարակություն վերադարձնելու նպատակին: Մինչդեռ ունենալով այսպիսի իրականություն՝ սա դառնում է պետական բյուջեի աննպատակ վատնում: 

Տեսեք՝ ինչ է ստացվում. պետական բյուջեից  հսկայական գումարներ են ծախսվում ցմահ դատապարտյալներին սպանելու` դանդաղ մահապատիժ իրականացնելու համար, իսկ ինչքա՞ն գումար կպահանջվեր ծախսել 105 փամփուշտի և գնդակահարությունն իրականացնելու համար: 

Դիմում եմ ՀՀ քաղաքացիներին. հայտնի է, որ բյուջեի ծանրակշիռ մասը հենց քաղաքացիներից ստացված հարկերից է գոյանում, ուստի խնդրում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ, հետևողական եղեք ձեր կողմից վճարված գումարներին, որոնք աննպատակ ծախսվում են իշխանությունների կողմից: 

Նույնիսկ կրկեսի կենդանիները  որոշակի նպատակի համար են պահվում, դրանց հետ ինչ-որ աշխատանքներ են տարվում, վարժեցնում են, որպեսզի օգտագործեն կրկեսային համարներում: 

Ցմահ դատապարտյալները կենդանիներ չեն, մարդիկ են, ովքեր չնայած իշխանությունների անուշադրությանն ու  անտարբերությանը, բարեփոխումներ կատարելու կամքի բացակայությանը, չեն կորցրել իրենց հույսը, որ մի օր իրենց խնդիրներին էլ անդրադարձ կկատարվի: Դեռևս կան դատապարտյալներ, ովքեր ցանկանում են ապացուցել, որ  հնարավորության դեպքում կարող են ուղղվել և վերադառնալ հասարակություն, իսկ դուք պատկերացրե՞լ եք այն դատապարտյալների հոգեկան ապրումները, ովքեր պատասխան են տալիս, ոչ իրենց կատարած հանցագործության համար: 

Նորից դիմում եմ ՀՀ իշխանություններին. դեռ  քանի՞ տարի է անհրաժեշտ, որ վերջնականապես ձերբազատվեք Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած պատժողի հոգեբանությունից: Եթե կա պատիժ, ապա  պատժելու նպատակին զուգահեռ պետք է հնարավորություն ստեղծվի ուղղվելու: Պատմության ընթացքում, աշխարհի զարգացման հետ անհրաժեշտ է լինում վերանայել և փոխել գործող օրենքները: Արդարացի չեմ լինի, եթե չնշեմ, որ այդպիսի փորձեր մեր իշխանությունների կողմից արվում են, բայց դրանց մեջ  ոչ մի անդրադարձ չի կատարվում ցմահ ազատազրկում պատժատեսակին: 

Մեծ մտածող Սենեկան ասել է. «Աչքերը չեն տեսնում, եթե սիրտը հրամայում է կուրանալ: Բացե՛ք Ձեր աչքերը և մի՛ ձևացրեք, թե կույր եք»: Եթե չեք ցանկանում, որ ցմահ ազատազրկումը նմանվի դանդաղ մահապատժի և պետբյուջեից հսկայական գումարներ չծախսվեն դանադաղ մահապատժի իրագործման համար, ապա պետք է դրսևորել կամք և հասկանալ, որ հասունացել է միջազգային փորձի ուսումնասիրման  և ցմահ ազատազրկում պատժի հետ կապված բարեփոխումներ կատարելու ժամանակը: 

Վերջերս ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ՄԻՊ-ին ներկայացվել է օրենսդրական բարեփոխումների առաջարկ կապված ցմահ ազատազրկում  պատժատեսակի հետ, որին իրենց ստորագրություններով միացել են 3000-ից ավելի քաղաքացիներ: Խնդրում եմ ուսումնասիրեք և արձագանք, քանի որ այդ առաջարկների ընդունմամբ հնարավոր կլինի որոշ չափով մեղմել և լուծել տարիներ շարունակ անուշադրության մատնված խնդիրները: 

Վերջում ուշացումով ցանկանում եմ շնորհակալությունս  հայտնել վերջերս Մաշտոցի պուրակում «Ո՞րքան է տևում ցմահ ազատազրկումը» խորագրով միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին: 

Շնորհակալությունս իմ բախտակից Մհեր Ենոքյանին, ով չնայած իր նկատմամբ տարիներ շարունակ իրականացված բազմաթիվ զրկանքներին և անարդարություններին, չի կորցրել իր կամքի ուժն ու նպատակասլացությունը, կարողացել է բարձրաձայնել և լսելի դարձնել ցմահ դատապարտյալներին վերաբերվող խնդիրները, բոլոր նրանց, ովքեր անդրադարձել են Մհեր Ենոքյանի հոդվածներին և հասցրել հասարակությանը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են ցմահ դատապարտյալների խնդիրներով, ովքեր անշահախնդիր օժանդակում են դրանց բարձրաձայնմանը: 

Մեկնաբանություններ (1)

Diane
I think if government is not able to resolve similar issues and pursue its policies an outside help needs to step in.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter