
ԱՄՆ դեսպանատունը նշում է «Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ 2013-ը»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ 2013-ը» նշեց Երևանի Ամերիկյան անկյունում կազմակերպված «Ժրաջան լաբորատորիա» միջոցառմամբ, որին մասնակցում էին Երևանի թիվ 67 դպրոցի սաներն ու ուսուցիչները: «Ժրաջան լաբորատորիայի» նախաձեռնությունը առաջ է քաշվել Սմիթսոնյան հաստատության կողմից և նպատակ ունի նպաստել քննադատական մտածողության և խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը, ինչը երիտասարդների ձեռնարկատիրական ջիղը զարգացնելու կարևոր պայման է: Միջոցառմանը մասնակցեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվարդ Ք. Փրայսը:
Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը նվիրվում է աշխարհի բոլոր այն անձանց, ովքեր զբաղվում են նորարարություններով, ստեղծում են աշխատատեղեր՝ հիմնելով նոր ընկերություններ, կյանքի կոչելով նոր գաղափարներ, ինչն էլ հանդիսանում է տնտեսական աճի և բարեկեցության մեծացման շարժիչ ուժ:
Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը նշվում է 2007թ. սկսած նոյեմբեր ամսվա ընթացքում և կազմակերպվում են տեղական, համապետական, միջազգային մասշտաբի միջոցառումներ՝ ոգեշնչելու ձեռնարկատիրության աշխարհում ճամփորդության դուրս եկած մարդկանց: Այս միջոցառումները, որոնք ներառում են խոշորամասշտաբ մրցույթներից ու հավաքներից սկսած մինչև կապեր ու ծանոթություններ հաստատելու մտերմիկ ժողովներ, օգնում են, որպեսզի մասնակիցները գտնեն գործընկերներ, մենթորներ և անգամ ներդրողներ՝ նրանց առաջ բացելով նոր հեռանկարներ ու հետաքրքրական հնարավորություններ:
Շաբաթվա ընթացքում նախատեսվում է նաև գործարար պլանների մշակման մրցույթ, սեմինար ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտների համար և միկրոձեռնարկատիրության մասին սեմինար գյուղաբնակ կանանց համար: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Մեկնաբանել