HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են ԵՊՀ-ի լավագույն ուսանողների անունները

Երևանի պետական համալսարանը հայտնում է, որ այսօր ԵՊՀ-ում անցկացվել է «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան: 
Մրցույթին մասնակցում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:
Կազմակերպիչներն են ԵՊՀ ռեկտորատը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը և Ուսանողական խորհուրդը, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ապահովեց ԵՊՀ մշակույթի կենտրոնը: 
Մասնակցության համար ուսանողները, սահմանված կարգի համաձայն, ներկայացրել են համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Հայտերը լրացվել են առցանց: Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվում է մեկ ուսանող: 
«Մինչ այժմ թեկնածուներին առաջադրում էին ֆակուլտետային գիտական խորհուրդները, բայց ԵՊՀ գիտխորհուրդը որոշեց, որ բոլոր այն ուսանողները, ովքեր համապատասխանում են չափանիշներին և կարծում են, որ արժանի են այս կոչմանը, կարող են դիմել ինքնաառաջադրման միջոցով: Փոխվել է նաև գնահատման չափանիշները. փորձ է արվել առաջադիմության, գիտական աշխատանքների կատարման և հասարակական ակտիվության համար հավասար միավորներ տալ»,- ասում է մրցութային հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նշենք, որ ԵՊՀ 4 ֆակուլտետներից լավագույն ուսանողներ այդպես էլ չեն ընտրվել, քանի որ չէին ապահովվել մրցակցային պայմաններ՝ դիմել էին շատ քիչ թվով ուսանողներ: Իսկ ընդհանուր առմամբ 
մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 ուսանող: 
«ԵՊՀ ուսանողական խորհուրդը միշտ եղել է և լինելու է ուսանողների կողքին: Ինչպես մեծն Նժդեհն էր ասում, կյանքը պայքար է, պայքարելու համար հարկավոր է զենք, սակայն անմարդկային է նա, ով այդ զենքը վերցնում է դժոխքից: Սիրելի՛ ուսանողներ, միասնականությունն է բազում հաղթանակների գրավականը, և եթե մենք հավատարիմ լինենք մեր որդեգրած սկզբունքներին, կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանում 
ենք: Բոլորիս ցանկանում եմ ուսանողական հաճելի տարիներ, խելառ գաղափարներ և քաջություն»,- շնորհավորելով ուսանողներին՝ նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը: 
Հաղթող ուսանողների մրցանակները՝ հաղթանակի հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները հանձնեցին ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներ: 
Ստորև ներկայացնում ենք լավագույնը ճանաչված ուսանողների անունները՝ 
1. Հրանտ Խաչատրյան, մագ. 2-րդ կուրս, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
2. Մհեր Սաֆարյան, մագ. 1-ին կուրս, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
3. Գայանե Վարդանյան, 4-րդ կուրս, Քիմիայի ֆակուլտետ
4. Գևորգ Հովհաննիսյան, մագ. 2-րդ կուրս, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
5. Դավիթ Քեքեջյան, 4-րդ կուրս, Ֆիզիկայի ֆակուլտետ
6. Լուսինե Համբարյան, մագ. 2-րդ կուրս, Հայ բանասիրության ֆակուլտետ
7. Ալբերտ Բարսեղյան, 4-րդ կուրս, Պատմության ֆակուլտետ
8. Գևորգ Հակոբյան, մագ. 1-ին կուրս, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
9. Ռուզաննա Պետրոսյան, մագ. 2-րդ կուրս, Կենսաբանության ֆակուլտետ, 
10. Ժաննա Հարությունյան, մագ. 2-րդ կուրս, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ 
11. Տիգրան Ղազարյան, 4-րդ կուրս, Իրավագիտության ֆակուլտետ
12. Դիանա Եղիազարյան, մագ. 1-ին կուրս, Արևելագիտության ֆակուլտետ
13. Գոհար Պետրոսյան, 4-րդ կուրս, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
14. Տաթև Գյուրջյան, մագ. 2-րդ կուրս, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
15. Աննա Խիզանցյան, մագ. 1-ին կուրս, Ռուս բանասիրության ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter