Փոխվարչապետն ընդունել է Քուվեյթի դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հայտնում է, որ քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացման ժամկետների, ինչպես նաեւ օրակարգի հետ կապված հարցեր: Նիստը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա առաջին եռամսյակում:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով դրական դինամիկա է նկատվում: 2011թ. Երեւանում կայացած հանձնաժողովի առաջին նիստից հետո աշխուժացել են տարբեր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները: «Միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերաբար կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի փոխգործակցության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար»,-նշել է փոխվարչապետը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին: Երկուստեք կարեւորվել է ինտենսիվ աշխատանքների իրականացումը, նշվել, որ օդային կապի առկայությունը կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը` պայմաններ ստեղծելով արտահանման, զբոսաշրջության զարգացման համար:
Ա. Գեւորգյանը ողջունելի համարեց նաեւ երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ առաջիկայում Էլ Քուվեյթի պատվիրակության այցը Երեւան:
Փոխվարչապետն առանձնահատուկ անդրադարձել է նաեւ ենթակառուցվածքների ոլորտում նախանշվող համագործակցությանը: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է «Քուվեյթ» հիմնադրամի պատվիրակության այցը Հայաստան` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի մանրամասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում է Քուվեյթի Պետության կողմից Հայաստանի տուն-ինտերնատների աջակցության ծրագրի իրականացման հնարավորությունը:
Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին` նման նախաձեռնության, ինչպես նաեւ սիրիահայերին աջակցելու աշխատանքներին ցուցաբերած օժանդակության համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել