
Նշվել են Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան 50-ամյակը և մահվան 20-րդ տարելիցը
ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին: ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցմամբ կատարվել է խնկարկման արարողություն:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այնուհետև Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի մարտական ընկերները, հարազատները և զինվորականները:
Մարտի դաշտում Ազգային հերոսի կատարած սխրանքների մասին ներկաներին պատմել են Հատուկ գնդի 1-ին հրամանատար Սերգեյ Առաքելյանը, «Հատուկ գունդ վերտերանների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը:
Ազգային հերոսի մայրը՝ Բավական Աբրահամյանը, իր խոսքում նշել է, որ հպարտ է հերոս որդի ծնելու և հայրենիքը ամեն ինչից վեր դասող զավակի մայր լինելու համար: Դիմելով դահլիճում ներկաներին՝ հերոսի մայրը նշել է. «Շնորհակալ եմ, որ հիշում եք մեր ազգի հերոսներին, ովքեր զոհվել են մեր երկրի և մեր ժողովրդի լուսավոր ապագայի համար: Փառք մեր զինվորներին»:
Խոսելով արցախյան պատերազմի և ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ունեցած ավանդի մասին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է.
«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ մոտ է եղել զինվորի մասնագիտությանը, անընդհատ մարտնչել ու պայքարել է իր գոյության համար: Մեր ժողովրդի նվիրյալ շատ որդիներ օժտված են հրամանատարի կարողություններով:
Նրանցից էր Ջիվան Աբրահամյանը: Ջիվանը գաղափարի մարտիկ էր: Մենք այսօր հպարտություն ենք ապրում, որ ունեցել ենք նրա նման մարտական ընկեր, ում օրինակը ուսանելի է մատաղ սերնդի և հատկապես մեր զինվորների համար:
Կարծում եմ՝ Ջիվան Աբրահամյանի և մեր բոլոր մյուս հերոսների գործը կիսատ չի մնացել. նրանց գործի ամենամեծ ծնունդը հայոց բանակն է, որը, պաշտպանելով մեր երկրի սահմանները, ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը և հետագա զարգացումը:
Հավերժ փառք Ջիվան Աբրահամյանին, փառք նրա ծնողներին: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր նրանց, ում շնորհիվ արցախյան գոյապայքարը պսակվեց հաղթանակով: Մենք պարտավոր ենք պահպանել մեր նահատակների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները»:
Մեկնաբանել