HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բաժնի պետի կարծիքով՝ ինքը հայտնվել է իրավապահների ցուցակում

Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանի որդին՝ Համլետ Դարբինյանը, 5 օր է, կալանավորված է: Հրավիրվել է ոստիկանության բաժին՝ վիճաբանության դեպքի առթիվ ցուցմունք տալու, և ձերբակալվել է: Ապա նրա նկատմամբ խափանման միջոց է նշանակվել կալանավորումը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին Վանաձորի Վարդանանց փողոցի «Սեզամ գազ» լցակայանի մոտ՝ Դարբինյաններին պատկանող«Դիկտիս» ՍՊԸ-ի տարածքում: Վիկտոր և Համլետ Դարբինյանների և նրանց նախկին վարորդ Գագիկ Ղազարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Որոշ ժամանակ առաջ Համլետ Դարբինյանը նախազգուշացրել էր Գագիկ Ղազարյանին, որ Դարբինյաններին պատկանող քաղաքի 1-ին համարի երթուղում առայժմ շահագործվող նրա երթուղային տաքսին չի ներկայացվելու հոկտեմբերին կայանալիք երթուղիների մրցույթին, այսինքն՝ հոկտեմբերից այլևս չի շահագործվելու 1-ին համարի երթուղում: Եվ բացատրել էր, որ կառավարության նոր որոշմամբ շահագործման ենթակա են միայն ընկերության սեփականություն հանդիսացող մեքենաները:

Գագիկ Ղազարյանն էլ հարբած վիճակում եկել էր «իր հացը կտրողի» մոտ՝ պարզաբանումներ ստանալու: Սկսել էր հայհոյել Վիկտոր Դարբինյանին, ապա կողմերի միջև քաշքշուկ էր սկսվել:

Վիկտոր Դարբինյանն այսպես է ներկայացնում դեպքը. «Հրեցի, վայր ընկավ, հետո վեր կացավ ու նորից հարձակվեց: Հետ-հետ գնացի, ոտքս ծալվեց, վեր ընկա: Ուզում էի վեր կենամ, ձեռը նորի գցեց, էլի ընկա: Մինչև էդ պահը չի միջամտել տղաս: Հետո հետևից հրեց սրան, սա ընկավ, գլուխը բարդուրով տվեց, տեսնենք՝ գլխից արյուն ա գալիս: Ինքը վեր կացավ, հիմի էլ տղիս վրա: Տղաս գազային ատրճանակը հանեց ու օդը կրակեց: Հետո մարդիկ բռնեցին, պահեցին Գագիկին»:

Ականատեսներն էլ համարյա նույն կորպ են պատմում եղելությունը:

Հուլիսի 13-ին դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Վիճաբանության մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության տարբեր հոդվածներով, Գագիկ Ղազարյանին՝ ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2 մասով՝ հասարակական կարգը խախտելու համար, Վիկտոր Դարբինյանին՝ նույն հոդվածի 3-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության համար:

Իսկ Համլետ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-ով մասով, ապա արարքը վերաորակվել է նույն հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Նշված արարքի առավելագույն պատիժ է սահմանված ազատազրկում 5 տարի ժամանակով:

Ըստ Համլետ Դարբինյանի փաստաբան Կարեն Թումանյանի՝ չկա հիմնավոր կասկած նման մեղադրանք առաջադրելու համար: Նրա ասելով՝ գործի հանգամանքները թույլ էին տալիս Համլետ Դարբինյանի արարքը որակել ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածով՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու հիմքով:

Բայց, ինչպես փաստաբանն է նշում, մեղադրանքի հիմքում դրվել է արարքի հասարակական վտանգավորության, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանգամանքը, որպեսզի «որպես ծանր հանցանք՝ դատարանում կալանք նշանակվի», ինչը նա համարում է «արատավոր պրակտիկայի» հետևանք:

Վերջինիս համոզմամբ՝ օբյեկտիվ քննության դեպքում Համլետ Դարբինյանի նկատմամբ պետք է որ կալանք չկիրառվեր. հաշվի չի առնվել, որ Համլետ Դարբինյանը 2 անչափահաս երեխա ունի իր խնամքի տակ, որ չի դիմել փախուստի, չի փորձել ազդել նախաքննության ընթացքի վրա, բուժման նպատակով կերակրային և դեղորայքային հատուկ ռեժիմի մեջ է, ինչը չի կարող ապահովվել ՔԿՀ-ի պայմաններում:

Բացի դրանից՝ փաստաբանի հաղորդմամբ, Համլետ Դարբինյանից բացատրություն են վերցրել՝ առանց նրա իրավունքները բացատրելու, որ ունի լռելու, հարազատի դեմ ցուցմունք չտալու, պաշտպան ունենալու իրավունք:

Գագիկ Ղազարյանը չի բողոքում, իսկ գլխի վնասվածքի մասին ասում է, որ դեպքից հետո է եղել՝ ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի մասին ոստիկանները հայտարարություն են վերցրել նրա մորից՝ տիկին Ռայայից: Վերջինիս ասելով՝ դեպքից 2 օր հետո՝ հուլիսի 14-ին, ոստիկանները եկել են իր հետևից ու տարել են բաժին՝ ոստիկանապետի մոտ: Ինքը գնացել է վախից դրդված, որովհետև, իր ասելով, «թեև ճարպիկ է, լեզվանի, բայց մի պոլի փետի վրա մլիցու գլխարկ դնեն, վախում է. հլա քանի հոգի են եղել»:

Տիկին Ռայայի խոսքերով՝ իրենից պահանջել են՝ «նստի, գրի»: Չի իմացել, որ կարող էր չգրել: Հայտարարության մեջ տիկին Ռայան գրել է, որ «իրեն լուր են բերել, որ որդին կռիվ է արել, գլուխը ծակած է»:

Վիկտոր Դարբինյանը կապ է տեսնում դեպքի հետ կապված՝ որդու ձերբակալության և դրան նախորդած՝ մարզի իրավապահների հետ իր ունեցած այլ առնչությունների միջև:

Նրա ասելով՝ դեպքից ոչ շատ առաջ վարձակալական հիմունքներով «Դիկտիս» ՍՊԸ-ին պատկանող ավտոկանգառի հսկիչներին տարել են ոստիկանության բաժին և բացատրություններ են վերցրել նրանցից իրենց գործունեության վերաբերյալ: Ոստիկանապետն իրեն բացատրել է, որ դատախազի գրությամբ ստուգում են իրականացնում:

Մյուս առնչությունը, ըստ Վիկտոր Դարբինյանի, կապված է ապրիլ ամսին ավտովթարի զոհ դարձած նկարիչ Կարեն Դավթյանի (Կապո) մահվան դեպքին. վթարված 5 մեքենայից 2-ը Վիկտոր Դարբինյանին պատկանող «Էլիտար» տաքսի ծառայության մեքենան է եղել:

Քանի որ դեպքը կապվում էր Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որդու հետ, Վիկտոր Դարբինյանը քննչականի պետից պահանջել է վերականգնել իր մեքենաներին պատճառված վնասը: Քննչականի պետը, մի չնչին մասով վնասը փոխհատուցելով, խոստացել է հետագայում ամբողջությամբ վերականգնել այն: Սակայն նրանց միջև ֆինանսական հարցերը մինչ օրս մնացել են չլուծված:

Վիկտոր Դարբինյանը մի առնչություն էլ է տեսնում. հոկտեմբերից չաշխատելու մասին նախազգուշացված է եղել նաև դատախազի օգնականի եղբայրը, որը նույնպես Դարբինյանների երթուղում առայժմ շարունակում է վարել իր երթուղային տաքսին:

«Մի 2-3 ամիս առաջ տեղեկացված էի, համակարգում աշխատողները զգուշացրին, որ զգույշ մնա, թիրախի տակ ես հայտնվել, ցուցակում կաս, որ քո վրա պիտի աշխատեն: Ուշադրություն չդարձրի: Մեր մարզի իրավապահ մարմինների ամենաբարձր պաշտոնյաները միջին օղակի պաշտոնյաների, գործարարների, մանր ու միջին բիզնեսի շատ թե քիչ հաջողակների տարբեր պատճառներով գցում են իրենց ցանցը, որ գումար շորթեն, հետո էլ ներկայանում են մշտական պահանջով, որ ամեն ամիս իրենց մոտենան»,- իր կասկածները ամփոփում է Վիկտոր Դարբինյանը:

Վերջինիս նշած հանգամանքների վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter