HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զրպարտության մեղադրանքով նոր հայց. երկու լրատվամիջոց ներգրավված է որպես երրորդ անձ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. Պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ որպես երրորդ անձինք ներգրավելով «Հետք» շաբաթաթերթին և ATV հեռուստաընկերությանը:

Մայիսի 13-ին «Հետքը» հրապարակել էր «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» վերնագրով նյութ, որում ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը մեղադրում է ամբիոնի ղեկավարությանը և բուհի ռեկտորին՝ անարդարացիորեն իր դասաժամերը կրճատելու և դրանք կոլեգային՝Լուսինե Սարգսյանին տալու համար:

Իսկ ATV հեռուստաընկերության «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարի հունիսի 15-ի եթերին մասնակցելով՝Լ. Աշուղյանը արել է մի շարք հայտարարություններ, որոնք բուհի ռեկտորը որակել է որպես զրպարտություն իր հասցեին:

Դասաժամերի համար կռիվը երկու դասախոսներին հասցրել է անգամ ոստիկանություն, որտեղ մեկը հայտարարություն է տվել սպանության սպառնալիքի մասին, մյուսը՝ սուտ մատնության: Երկու դեպքում էլ քրեական գործերի հարուցումը մերժվել է:

«Սա կանխամտածված, միտումնավոր քայլ էր: Հետևում այն մարդն է կանգնած, որը խիստ շահագրգիռ է, որ Լուսինեն պաշտպանի (նկատի ունի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին, որը Լուսինե Սարգսյանի գիտական ղեկավարն է - «Հետք».): Ամեն ինչ վերևից է թելադրված՝ ղեկավարության կողմից: Պարզապես իրագործել են Լուսինե Սարգսյանն ու նրա մայրը»,- Լուսինե Աշուղյանի՝ ռեկտորի մասին ասված և «Հետքում» տպագրված այս արտահայտությունն է ռեկտոր Գ. Խաչատրյանը գնահատել որպես զրպարտություն

Գ. Խաչատրյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (Ալավերդու նստավայր) ներկայացրած հայցով, համաձայն ՀՀ Քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի, դատարանին խնդրել է «զրպարտության համար պատասխանող Լուսինե Աշուղյանին պարտավորեցնել նույն լրատվամիջոցներով՝ ATV հեռուստաընկերության «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարով և «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ ինձ բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ Քաղ. Դատ. Օր.-ի 68 հոդվածով նախատեսված դատական ծախսերը»:

Դատական նիստը նշանակված է 2011 թ. օգոստոսի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter