Ինչ տարբերություն, թե ստրուկն ինչ լեզվով է խոսում
Երբ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Երևանում հայ պատգամավորներին մի ամբողջ դասախոսություն է կարդում Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին, կարելի է հասկանալ: Սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը Կրեմլում ընթերցում էր Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արձագանքը Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ և ռուսական գիմնազիա բացելու մասին էր: Տնտեսական ինտեգրացիայից զատ և գուցե ավելի, ռուսներին այսպես կոչված լեզվական ինտեգրացիան է հետաքրքրում: Ռուսական էքսպանսիան քաղաքական ոլորտում հանգեցրեց հայաստանյան քաղաքական մշակույթի գրեթե վերջնական ձևախեղմանը, դիմազրկմանը: Հայաստանում հետևողականորեն մարգինալացվել և շարունակվում են մարգինալացվել ռուսական վեկտորից շեղվող բոլոր քաղաքական հոսանքներն ու ուժերը: Դրա համար էլ Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը քաղաքական դաշտ կոչվածն ընդունեց այնքան հանգիստ, այնքան ներդաշնակ, կարծես խոսքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վեամիավորմանն էր վերաբերում:
Տնտեսական էքսպանսիայի արդյունքում Հայաստանը կատարելապես զրկվել է սեփական տնտեսական համակարգից և Ռուսաստանից հոսող տրանսֆերտներից հայտնվել այնպիսի կախվաության մեջ, ինչպիսին ունենում է թմրամոլը` թմրանյութերից, կամ մահիճին գամված անհույս, մահամերձ հիվանդը արհեստական շնչառությունից:
Եվ ահա հիմա ռուսական էքսպանսիայի թիրախում հայտնվել է հայկական լեզվամտածողությունը: Կտրելով երկրի ձեռքերն ու ոտքերը՝ ռուսական իմպերիալիզմը հիմա ձեռնամուխ է եղել լեզուն հանելու այն նույն մտասևեռման իրականացմանը, որով տառապում է կայսրպետական պատմության բոլոր էտապներում:
Սա կոչվում է գաղութացում` բառի իսկական, արխայիկ իմաստով: Ռուսները դեռևս դուրս չեն եկել 18-19-դարերի մտածողության և աշխարհըմբռնումների սահմաններից` գաղութացման լավագույն միջոցը շարունակելով համարել գաղութացվող աշխարհագրական տարածքի էթնիկ բնակչության ազգային ու մարդկային արժանապատվությունը ոտնատակ անելը: Այսօրվա Ռուսաստանը այլ տարբերակ չունի էլ: Եվրոպամիությանը հակակշռելու ոչ մի համարժեք մեխանիզմ չունենալով, իր շահերի գոտում գտնվող երկրներին ոչ արժեքների և ոչ էլ կենսամակարդակի առումով ոչ մի համարժեք այլընտրանք առաջարկել չկարողանալով` նրանց համար Եվրասիական նեոխորհդրային միության կառուցման միակ տարբերակը մնում է ճնշումներին ապավինելը: Որպեսզի հայերը, ղազախներ ղրղզները, մյուսները կարողանան պաշտպանել ռուսական շահերը, նրանք նախ պետք է մտածեն ռուսերեն և ապրեն ռուսական արժեհամակարգով: Այնպես որ այն, ինչին փորձում են հասնել ռուս էմիսարները Երևանում` շրջանառության մեջ դնելով ռուսերենին Հայաստանում հատուկ կարգավիճակ շնորհելու մասին իմպերատիվները, միանգամայն բացատրելի է:
Սակայն երբ էստաֆետը այդ էմիսարների ձեռքից վերցնում են սեփական, այսպես կոչված, մտավորականները, իսկ իշխանությունը պարզապես աչք է փակում այդ հավակնությունների նկատմամբ, ոչ միայն հասկանալի չէ, այլև ողբերգական է: Ռուսական տարածաշրջանային քաղաքականությունը ցանկացած պարագայում արդարացնելու, սեփական ազգային շահերի հետ նույնականացնելու, ընդհուպ ստորադասելու համախտանիշը, որքան էլ անհավանական թվա, դրսևորվեց նաև այս հարցում: Այդ մտավորականները, օրինակ ազգագրագետ համարվող Ռաֆայել Նահապետյանը, ըստ էության, Հայաստանի առջև դրվող` ռուսերենի կարգավիճակն առանձնացնելու առայժմ անուղղակի պահանջն արդարացնում են շաբլոնային այն բացատրություններով, թե ռուսերենը մեծացնելու է աշխարհի հետ շփման սահմանները: Սակայն թե ինչու է դրա համար անհրաժեշտ անպայման որևէ օտար լեզվին, տվյալ դեպքում ռուսերենին հատուկ կարգավիճակ շնորհել, ոչ մի տրամաբանական բացատրություն չեն տալիս: Եվ դա հասկանալի է, որովհետև դրանք միմյանց հետ պորտալարային ոչ մի կապ չունեն:
Ռուսական շովինիզմն, իհարկե, վտանգավոր է: Սակայն սեփականի ձեռքերով դրա տեղայնացումը ուղղակի անտանելի է և կործանարար: Երբ մարդն ինքն է ցանկանում սեփական կամքով ստրուկ դառնալ կամ մնալ այդպիսին, խղճալուց բացի ոչինչ անել չես կարող: Գաղութատիրության մեղավորը գաղութարարը չէ այս դարում, այլ սեփական կամքով գաղութացվողը: Հետևաբար Սլուցկուց չէ, որ պետք է նեղանալ կամ վիրավորվել. այլ սեփական մարմնում նստած և 20 տարվա ազգային պետականության առկայության դեպքում անգամ չսպանված ստրուկից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել