HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերին կներկայացվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերին պետք է պատրաստ լինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը:

Բացելով կառավարության նիստը՝ վարչապետը դիմել է ներկաներին. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։ Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։ 

Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասում: Եվ, իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել: 

Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը։ Սրանք Մաքսային միությանն անդամակցելու մեր մոտակա անելիքներն են»: 

Վարչապետը տեղեկացրել է, որ Սանկտ-Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ, որի ընթացքում քննարկել են Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները։ Երեք երկրների վարչապետներն էլ, ըստ Տ. Սարգսյանի, խոստացել են օժանդակել Հայաստանին, որպեսզի ՀՀ-ն կարողանա պատշաճ ձևով այդ փաստաթղթերը նախապատրաստել և այդ միջոցառումներն իրականացնել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter