ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է ոստիկանություն
Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
«Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ մասնավորապես անդրադարձ է արվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կատարված օրենսդրական փոփոխություններին:
Պարզաբանումներ են տրվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների և պարտականությունների վերաբերյալ, ներկայացվել են ՀՀ ոստիկանության համակարգում արդեն իսկ գործող կարգապահական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրավական հիմքերն ու հանձնաժողովին վերապահված գործառույթները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել