Ըստ Կ. Կարապետյանի՝ կենտրոնում կատարվող կանաչապատումը չի բավարարում սահմանված չափանիշները
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Կենտրոն վարչական շրջանում էր: Քաղաքապետը նախ ծանոթացել է Մաշտոցի պողոտա 2-4 և Լուսավորչի 17 շենքերի բակում կատարված աշխատանքներին:
Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Կենտրոն վարչական շրջանի օրինակելի բակերի շարքը:
Բակի բարեկարգ տեսքն ամբողջացրել են վերջերս տեղադրված մանկական խաղերն ու մարզասարքերը: Բնակիչների խնդիրներից առաջինը ոռոգման ջուրն էր: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկայում խնդրի լուծում գտնել: Հաջորդ խնդիրը հեղեղատարի հետ կապված թերությունն էր: Քաղաքապետը նշել է, որ այս մասով քաղաքում մեծ ծրագիր է իրականացվելու:
Կարեն Կարապետյանը շրջել է նաև Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումի տարածքում: Քաղաքապետը նշել է, որ գետնանցումների բարեկարգման ծրագրով առաջիկայում կհայտարարվի մրցույթ, և հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները՝ համաձայն որոնց տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Յուրատեսակ հանգստի գոտու է վերածվել Հանրապետության 62 շենքի բակը, որը նաև տարիներ առաջ վարչական շրջանի լավագույն բակն է ճանաչվել: Հատկապես փոքրիկների հանգիստը կազմակերպելու համար առկա լողավազանին այս տարի գումարվել են նաև կարուսելները: Վերջերս էլ քանդվել են նախկինում բնակիչների զբաղեցրած բոստանային տարածքները, ուր տեղադրվել են նոր ու գեղեցիկ նստարաններ:
Կարեն Կարապետյանը գոհ է մնացել նաև Մաշտոցի 40 Ա շենքի բակում կատարված աշխատանքներից, ուր ևս բակի բնակիչների համար ստեղծվել են հանգստի բոլոր հնարավորությունները: Բակում ամեն ինչ խնամված է ու բարեկարգ:
Կարեն Կարապետյանը շրջել է նաև Հյուսիսային պողոտայում ու Սայաթ-Նովա փողոցում: Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ժամկետանց և ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացը արագացնելու խնդրին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քաղաքապետը նշել է, որ կանաչապատման աշխատանքներ կատարվում են, սակայն դրանք բավարար չեն մայրաքաղաքի կենտրոնը կանաչապատելու համար սահմանված չափանիշներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել