Դեմոկրատական փոփոխությունների դիսկուրսը
Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան
Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ, ոչ դեմոկրատական երկրներում, առաջադեմ հանրության շրջանակներում քննարկվող ակտուալ թեմաներից է երկիրը դեմոկրատական դարձնելու հնարավորությունների եւ միջոցների մասին հարցը։
Վերջերս, հավանաբար պայմանավորված տարբեր տեսակի քաղաքացիական-քաղաքական նախաձեռնությունների, խմբերի ակտիվացմամբ, այս թեմայի շուրջ քննարկումները նոր թափ են ստացել։ Սակայն դրանցում նկատվում է նոր գաղափարների պակասություն։ Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խնդրո շուրջ արտահայտվողները «տնային աշխատանք» չեն կատարել. չեն փորձել վերանայել սեփական համոզմունքները, չեն վերաիմաստավորել ընդդիմադիր քաղաքական-քաղաքացիական պայքարի անցած ուղին, չեն ուսումնասիրել դեմոկրատացման միջազգային փորձը եւ այլն։
Բնական է, որ այս պարագայում, վերոնշյալ քննարկումների որակը չի կարող բավարար լինել։ Մինչդեռ պրոդեմոկրատական հանրությունը իրական հաջողությունների կարող է հասնել այն դեպքում, երբ, նախ եւ առաջ, լավ պատրաստված է ինտելեկտուալ առումով: Հնարավոր չէ փողոցում հաղթել իշխանություններին, երբ մինչ այդ վերջիններիս չես հաղթել ինտելեկտուալ ասպարեզում։
Կարծում եմ, որ «տնային աշխատանքը» պետք է սկսել թեման հնարավորինս բացահայտելու ունակ հարցեր ձեւակերպելուց։ Այդպիսի հարցերից կարող է լինել, օրինակ, հետեւյալը` «Ի՞նչն է այս պետությունում մեզ առավել քան մտահոգում, ինչի՞ց ենք հիմնականում դժգոհ»։ Մենք հաճախ չենք նկատում կամ հաշվի չենք առնում, որ կան առաջնային եւ երկրորդական, առավել եւ պակաս կարեւոր խնդիրներ։ Ըստ կարեւորության` խնդիրների դասակարգումը եւ դրանց վերլուծումը քաղաքացիներին կօգնի հասկանալ, թե առաջին հերթին որ խնդիրների լուծման վրա պետք է կենտրոնանալ, հնարավորություն կտա պարզել բազմաթիվ խնդիրների պատճառահետեւանքային կապը։
Սա նաեւ կարեւոր է, որպեսզի հաշվարկենք, թե ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ կոնկրետ խնդիրը լուծելու համար: Օրինակ, նման աշխատանքի արդյունքում կարող է պարզվել, որ կոնկրետ պաշտոնյայի կամ կոնկրետ խոշոր բիզնեսմենի անպատժելիության վերացմանը հնարավոր է հասնել միայն հարյուր հազարավոր մարդկանց ճնշման արդյունքում, իսկ մի ամբողջ օրենքի փոփոխության հնարավոր է հասնել ընդամենը մի քանի տասնյակ ակտիվիստների գործողությունների շնորհիվ: Բանն այն է, որ որոշակի սուբյեկտների անպատժելիությունը կարող է հանդիսանալ ներկայիս ռեժիմի հիմնասյուներից մեկը, որի քանդելը հավասարազոր կլինի ռեժիմի կործանման, իսկ ինչ-որ կոնկրետ օրենքի փոփոխությունը, որքան էլ տհաճ լինի իշխանությունների համար, կարող է չհարվածել վերջիններիս կենսական շահերին եւ այդ պատճառով պակաս դիմադրության արժանանա նրանց կողմից:
Որքան շատ նման հարցեր ձեւակերպենք, այնքան ավելի լավ կհասկանանք` որն է մեր ուղին եւ ավելի շուտ դուրս կգանք ավտորիտարիզմի, օլիգարխիզմի ճիրաններից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել