«Երևանի բյուջեի բաց քննարկումը ֆիկցիա է»
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունն արձագանքել է Երևանի հազարավոր ծառերի դաժանաբար սղոցումների և մասնագիտական դիլետանտության փաստերին՝ նշելով, որ կատարված բոլոր էտումները` դա անվանելով նորմալ աճի համար ագրոտեխնիկական միջոցառում: Վկայակոչվել են նաև իբր Բուսաբանական ինստիտուտի, Բնապահպանական հանձնաժողովի և բազմաթիվ այլ մասնագետների կարծիքը:
Հայտարարում ենք, որ սույնով Երևանի քաղաքապետարանը վերահաստատում է իր բնապահպանական դիլետանտությունը` հաշվի առնելով հետևյալ փաստերը.
1. Նույն Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովում նշված և այլ մասնագետներ բազմիցս մանրամասն ելույթ են ունեցել նման կերպով էտումներ կատարելու անթույլատրելիության մասին: Հայտնի է նաև, որ քաղաքապետարանն արհամարհում է այդ կարծիքները, ինչի պատճառով էլ առկա է ներկայիս պատկերը: Բացի հանձնաժողովի անդամների նշված գրավոր կարծիքներից, ծանոթացեք նաև Հ.Հակոբյան փողոցի դեպքի մասին ծառագետի կարծիքին հետևյալ տեսանյութում:
2. Բացի այդ, մասնագետները կարծիք են հայտնում, որ կանաչ տարածքների պահպանման համար հատկացվող գումարը թեև ավելացվում է, բայց այդ գումարի զգալի մասը օգտագործվում է «կանաչ տարածքների վերացման» համար, քանի որ զանգվածային կերպով կատարվում էին ծառերի խորը էտումներ: Շատ երկրներում ներկայումս ընդհանրապես հրաժարվել էն խորը էտումներից: Երևանի պայմաններում այն կարող է անցկացնել միայն սանիտարական նպատակներով և հնարավորինս սահմանափակ մասշտաբներով (այդ հարցով բազմիցս դիմել են բուսաբանները): Այս հարցերն արհամարհվում են քաղաքապետարանի կողմից և բյուջեի միջոցները անհայտ նպատակներով են օգտագործվում:
3. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մինչև դեկտեմբերի 2-ը Երևանի 2014 թ. բյուջեի մասին հանրային քննարկումներ կազմակերպելու մասին:
Հայտարարում ենք, որ բյուջեի մասին այդ բաց հանրային քննարկումները ֆիկցիա են, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է մանրամակրկիտ տեղեկատվություն տրամադրել, թե 2013 թ. ինչի վրա են ծախսվել համայնքային «Կանաչապատում» ՓԲԸ և մյուս կազմակերպություններին տրամադրված գումարները:
Այստեղ կոնկրետ բնապահպանական ոլորտում ի ցույց են դրվում Երևանի քաղաքապետարանի բնապահպանական դիլետանտությունն ու ֆինանսական ոչ թափանցիկ հանրային գումարների ծախսը հանրությունից թաքցնելու հանցավոր գործելաոճը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել