HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մերետե Յուլը (նստավայրը՝ Կիև): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Դանիայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հայ-դանիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը, շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու Դանիայի Թագավորության հետ միջպետական կապերը: Նախագահի խոսքով, ասվածի վկայությունն է նաև 2011թ. Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մերետե Յուլը ողջունել և կարևորել է Դանիայում Հայաստանի դեսպանատան բացումը, շեշտելով, որ իր երկրի համար դա ևս կարևոր էր և հստակ ազդանշան, որ Հայաստանը ցանկանում է էլ ավելի զարգացնել փոխգործակցությունը Դանիայի հետ: Նա վստահեցրել է Ս. Սարգսյանին, որ, նկատի առնելով առկա մեծ ներուժը, պաշտոնավարման ժամանակաշրջանում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter