
Մագնուս Կառլսենը աշխարհի նոր չեմպիոնն է
Շախմատային աշխարհը նոր չեմպիոն ունի: Հնդկական Չեննայ քաղաքում ժամանակից շուտ ավարտվեց Անանդ-Կառլսեն մրցամարտը, որում 6,5-3,5 հաշվով հաղթեց հավակնորդը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը: Վերջինս 10 տուրում 3 հաղթանակ տարավ՝ արդեն նախկին չեմպիոնին չզիջելով ոչ մի անգամ: Այսպիսով՝ 2007-ից չեմպիոնի կոչումը կրող հնդիկ Վիշվանաթան Անանդը գալիք տարի կհամալրի այն հավակնորդների ցանկը, որոնք կպայքարեն Կառլսենին ձեռնոց նետելու համար:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում, որտեղ կխաղան Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան), Վիշի Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):
Այսպիսով՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար Մ. Կառլսենը աշխարհի 16-րդ չեմպիոնն է (շախմատային աշխարհի պառակտման փուլում ՖԻԴԵ-ի վարկածով նախկին չեմպիոններին չհաշված):
Մեկնաբանել