HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում օծվել է Ալաթուման գյուղի եկեղեցին

Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը: Եկեղեցու օծմանը մասնակցեցին նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես հետո մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչը Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր:

Ջավախքի և մասնավորպես Ալաթումանի ժողովրդին թեմի առաջնորդը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը: Իր ողջյունն էր հղել ներկաներին նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում նշեց. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն և այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հեռավոր հայոց այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը և այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»:

Սուրբ Երրորդություն Եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ալաթուման գյուղի Եկեղեցու բակում կանգնեցվեց Խաչքար՝ ի հիշատակ Եկեղեցու բարերար Ալիկ Մակարյանի հոր:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր գնահատեց բարերարի իրականացրած աշխատանքը՝ փոխանցելով օրհնության գիր և Աստվածաշունչ մատյան:

«Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել էին այս երանելի օրվան: Երազել էին տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, երազել էին եկեղեցու զանգերի ղողանջը լսել, մոմ վառել և աղոթել: Եվ ահա Ալիկ Մակարյան բարերարի շնորհիվ շատերի երազանքը իրականություն դարձավ»,- իր խոսքում նշեց Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը:

Սուրբ Երրորդություն Եկեղեցու վերաօծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն: Տոնի կապակցությամբ Ալաթուման գյուղի եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները: Պարային կատարումներով հանդես եկավ «Կարին» երգի և պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Իրենց պարային կատարումներով ուրախացրին ներկաներին նաև Բարալեթ գյուղի ազգագրական մանկապատանեկան համույթի սաները:
Ալաթուման գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1760-1790մ բարձրության վրա և սփռված է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուր խճուղին:

Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել և վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարնո նահանգի համանուն  գավառի Գաղտառիճ գյուղից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից:

Սուրբ Երորդություն եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարաշեն, փայտածածկ տանիքով կառույց է: Եկեղեցու շենքը տուժել է 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ: Ներկայումս կանգուն է: Քարաշեն, փայտածածկ, արևմտյան ճակատում միակ մուտքով, նույն ճակտոնի գագաթին զանգակատնով ուղղանկյունաձև կառույց է: Բացի արևմտյան ճակատից և լուսամուտներից, որոնք սրբատաշ քարից են, մնացած հատվածները անմշակ քարից են: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter