HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաշի փառատոն Գյումրիում՝ «ախպերության» հաշվին (լուսանկարներ)

Այսօր Գյումրիում խաշի փառատոն էր: Խաշի փառատոնի մասին հայտարարված ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացել էր շուրջ 120 անձ:

«Նաիրի» ռեստորանում էին հավաքվել խաշի փառատոնի մասնակիցները՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սփյուռքահայեր, արտասահմանցիներ, գրողներ, Գյումրու ավագանու անդամներ, Գյումրու Աղասի Շաբոյանի անվան պարարվեստի առաջին սերնդի աշակերտները՝ տարազներով և այլ ոլորտի ներկայացուցիրներ:

60-ամյա խոհարար Գրիգոր Գալստյանը, ում գործընկերները վարպետ Գրիգոր են անվանում, լավ մաքրել է խաշի մսեղենը արտաքին մազերից, դրել է տաք ջրի մեջ, տավարի «տոտիկները» բաժանել է երեք մասի, ծայրերը կտրել, դրել հոսող սառը ջրի տակ, որ 2-3 օր մնա, արյան հետքերն ամբողջությամբ մաքրվեն: Այնուհետև խաշի մսեղենը՝ սառը ջրով լցված մեծ կաթսայի մեջ, դրել է կրակի վրա: Սկզբից խաշը ուժեղ կրակի վրա է եփել, հետո՝ «մարմանդ»: Վարպետ Գրիգորը, ով 35 տարվա խոհարարական փորձ ունի, ասում է, որ երբ լիքը կաթսան դառնում է կես, ուրեմն խաշն արդեն եփված է:

«Խաշի տոտիկները կառանձնացնեն, փորը կառանձնացնեն, չորացած լավաշը կը բրդեն ամանի մեջ, մի հատ էլ լավաշ կփռեն վրեն ու կամաց-կամաց կուտեն գյումրեցիք: Թիքա կսեն, թիքով կը բռնեն ու կուտեն»,- ուտելու գործընթացն է նկարագրում վարպետ Գրիգորը:

Ռեստորանի աշխատակիցերից մեկն ասում է, որ Գյումրիում դժվար մի համալիր գտնվեր, որ համաձայներ 150 անձի համար խաշ դնել: Իրենք պատրաստակամություն են հայտնել անել դա: Կազմակերպիչ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշում է, որ 150 հոգու համար խաշ պատրաստելը սկզբում կատակ է համարել ռեստորանի ղեկավարությունը, հետո են հասկացել խաշի հարցի լրջությունը:  


«Որոշեցինք օրը դարձնել համազգային, ժողովրդով նշել»,- հիմնավորում է Լևոն Բարսեղյանը՝ խաշի փառատոնի հայտարարման փաստը: Լևոն Բարսեղյանը համոզված է, որ այսուհետ ամեն տարի աշնանը նշելու են խաշի օրը: Սահմանելու են նաև համազգային «Քյալլակերության օր»՝ տավարի խորոված գլուխ:

Թե ով է հովանավորել խաշի փառատոնը, Լևոն Բարսեղյանն այդպես էլ չգաղտնազերծեց. «Հաշիվը ախպերությունն է փակել, ախպերության ցանկը կգաղտնազերծվի 50 տարի հետո, Քենեդու սպանությունը գաղտնիք չէ՞ր»,- կատակում է Լևոն Բարսեղյանը և չի բացահայտում հաշիվ փակող «ախպերության» ցուցակը:

«Երբ որ ես գրեցի էս մասին «Ֆեյսբուքում», մարդիկ թե՝ բա հաշիվը ով պիտի փակե, մենք ոնց մասնակցենք, շատ մարդիկ դժգոհեցին, թե եթե իրենք ֆինանսական մասնակցություն չեն ունենալու, չեն գա: Ճարներս կտրած, էդ պահին քննարկում էինք Գյումրիում գարնանը դենդրոպարկ հիմնելու գաղափարը, ասացինք՝ յաշիկ կդրվի, ով կուզենա, կմոտենա սրտանց կքվերակե: Կրկնակի քվեարկելը լեգալացրել ենք, եռակի քվեարկելը օրինական է, կառուսելով քվեարկությունը օրինական է, ով ինչքան ուզում՝ քվեարկում է, արդարություն է»,- ասում է Լևոն Բարսեղյանը:  

Դահլիճում դրված էր արկղ, որտեղ խաշի մասնակիցները իրենց «քվեարկությունն» իրականացրին: «Քվեարկության արդյունքները» կծառայեն 2014-ի գարնանը Գյումրիում հիմնադրվելիք դենդրոպարկի ստեղծմանը: 

Լուսանկարները՝ Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter