
Աշխարհի առաջնություն. Ռուսաստան-Հայաստան
Այսօր Թուրքիայի Անթալյա քաղաքում մեկնարկում է տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: 9 տուրից բաղկացած մրցաշարը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը (մրցաշարի ամբողջ ընթացքը՝ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը), որի ընթացքում 10 թիմեր կվիճարկեն չեմպիոնի կոչումը: Ըստ կարգի՝ մրցաշարին մասնակցում են աշխարհի ու աշխարհամասերի չեմպիոնները, կազմակերպիչը, օլիմպիական մրցանակակիր թիմերը, ՖԻԴԵ-ի հրավիրած թիմը: Այս անգամ Հայաստանի ընտրանին մրցաշարին մասնակցում է իբրեւ աշխարհի ու օլիմպիադայի գործող չեմպիոն:
Մեր թիմի մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Հոլանդիան, Գերմանիան, Ադրբեջանը, Չինաստանը, Եգիպտոսը, Թուրքիան:
Առաջին տուրում, որը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին, կկայանան հետեւյալ մրցավեճերը. Ռուսաստան-Հայաստան, Գերմանիա-Եգիպտոս, Թուրքիա-Ադրբեջան, Հոլանդիա-Չինաստան, Ուկրաինա-ԱՄՆ:
Հայաստանի հավաքականը ներկայացել է նույն կազմով, ինչ Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա Ռուսաստանը թարմացրել է ընտրանին. Անթալյայում, մասնավորապես, կխաղա Վլադիմիր Կրամնիկը: Այսօր տեղի կունենան հետեւյալ պարտիաները. Կրամնիկ-Արոնյան, Մովսեսյան-Կարյակին, Գրիշչուկ-Հակոբյան, Սարգսյան-Նեպոմնյաշչի: Արոնյանը մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունի՝ 2801, սակայն Ռուսաստանի թիմային միջին վարկանիշը լավագույնն է:
Հիշեցնենք, որ աշխարհի թիմային առաջնություններն անցկացվում են 1985 թ.-ից: 1985, 1989 թթ. լավագույնը ԽՍՀՄ թիմն էր, որում խաղում էր Ռաֆայել Վահանյանը: 1993-ին հաղթող են դարձել ամերիկացիները, 1997, 2005, 2010 թթ.՝ ռուսները, 2001-ին (անցկացվել է Երեւանում)՝ Ուկրաինան, 2011-ին (չինական Նինբո քաղաքում)՝ Հայաստանը: Մեր թիմը նաեւ 1997, 2001, 2005 թթ. բրոնզե մեդալակիր է:
Մեկնաբանել