HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունեց Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նայջել Մերմագենին (Nigel Mermagen) եւ Լյուդմիլա Սֆիրլոգային (Ludmila Sfirloaga): Պատվիրակությունը  Հայաստանում է`  Տեղական ինքնակառավարման  եվրոպական խարտիային համապատասխան` տարածքային ժողովրդավարության եւ ապակենտրոնացման հարցում ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Ինչպես հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել առաքելությանը եւ պատասխանեց  նաեւ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք  հիմնականում վերաբերում էին Հայաստանում  ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարության, համայնքների կարողությունների զարգացման խնդիրներին,  վարչատարածքային բարեփոխումներին:

Պատասխանելով համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման մասին հարցին, փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրը  ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վերջին տարիներին ուշադրությունը սեւեռված է եղել  տեղերում  վարչարարության բարելավմանը: Որպես օրինակ նա նշեց, որ 2007թ. հավաքագրված սեփական  եկամուտների  ընդհանուր ծավալը կազմում էր 16-17 մլրդ դրամ, մինչդեռ այս տարին կավարտվի գրեթե կրկնակի ցուցանիշով:

«Հիմա մեզ համար ամենահիմնական խնդիրը պետության կողմից համայնքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելի նպատակային եւ ավելի հասցեական  դարձնելն է: Այդ պատճառով էլ մշակվել է ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագիծը, որի  լրամշակման ուղղությամբ աշխատում ենք նաեւ եվրոպացի փորձագետների հետ»,-նշել է Ա. Գեւորգյանը: Նա  միաժամանակ նկատել է, որ ավելացվել է նաեւ համայնքներին պետության կողմից համահարթեցման նպատակով հատկացվող դոտացիաների ծավալը.  2007թ. 18 միլիարդի  փոխարեն այս տարի համայնքներին կհատկացվի շուրջ 36 մլրդ դրամ:

Պատասխանելով համայնքներում մարդկային ռեսուրսի զարգացման  մասին հարցին՝ Ա. Գեւորգյանը նշել է, որ  ձեւավորվել եւ արդեն գործում է համայնքային ծառայության ինստիտուտը, որի հիմքերը Խարտիան ստորագրելու պահին` 2002թ., անգամ դրված չէին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ եւ ուսուցումներ ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ  համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների համար:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաեւ վարչատարածքային բարեփոխումների իրականացման սկզբունքների մասին:

Նա նաեւ ադրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող  հատվածին` նշելով, որ  մի քանի շաբաթ առաջ ԵԽ ներկայացուցիչների մասնակցությամբ ղեկավար կոմիտեի նիստում որոշվել են իրականացվելիք աշխատանքների ուղղությունները: Դրանք վերաբերելու են վարչատարածքային բարեփոխումների, ֆինանսական  ապակենտրոնացման հետագա քայլերի օժանդակությանը, համայնքների կարողությունների զարգացմանը:

Զեկուցողները տեղեկացրել են, որ այցից հետո կպատրաստեն զեկույցի եւ առաջարկությունների նախագիծ, որոնք կներկայացվեն Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովին, Կոնգրեսի լիագումար նիստում այն նախատեսվում է  քննարկել  2014թ. մարտին: Զեկույցի նախագիծը նախապես կներկայացվի նաեւ հայկական կողմին` առաջարկություններ ստանալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter