HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ՀՀ վարչապետ. «Գյումրին ամենաբաց քաղաքն է, եւ այն փակելու ծրագրեր չկան»

Տեղեկությունները, որ հայկական կողմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի կայանալիք այցից հետո ռուսական կողմին պատրաստվում է որոշ շենք-շինություններ (Մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը եւ Գյուլբենկյանի անվ. հիվանդանոցի շենքը) հանձնել, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ո՛չ հաստատեց, ո՛չ ժխտեց, միայն նկատեց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, այն էլ՝ լրագրողներից: Գյումրին փակ քաղաքի վերածելու մասին լուրերը եւս վարչապետը համարեց ապատեղեկատվություն՝ նշելով, որ Գյումրին ամենաբաց քաղաքն է, եւ այն փակելու վերաբերյալ ծրագրեր չկան:

«Որպեսզի պետական ծառայությունները ռացիոնալ տեղաբաշխվեն քաղաքում, հասանելի լինեն մեր քաղաքացիներին եւ հարմարավետ լինեն, դրա համար նայում ենք բոլոր տարածքները, որ կան մեր տրամադրության տակ: Ոստիկանության տեղակայման խնդիրը գոյություն ունի: Այս պահի դրությամբ մենք ունենք երեք հատ մեծ տարածք, որոնք հանդիսանում են պետական սեփականություն եւ պետք է ճիշտ որոշումներ կայացնենք, տեսնենք, թե այդ շենքերն ում է նպատակահարմար հատկացնել»,- այցի նպատակը մանրամասնեց վարչապետ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը չհստակեցրեց, թե կոնկրետ որ գերատեսչությունը որ շենքում են տեղակայելու՝ նշելով, որ խնդիրը դեռ ուսումնասիրման փուլում է:

 Ի դեպ, Գյուլբենկյանի հիվանդանոցի դատարկ շենքը Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացնելու խնդրանքով Գյումրու ավագանին նամակով դիմել էր կառավարությանը, սակայն որեւէ հստակ պատասխան չէր ստացել: Ինչ վերաբերում է նախկին մանկավարժական ինստիտուտի շենքին, ապա ինչպես նշեց Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, շինարարությունը դեռ լիովին ավարտված չէ, բայց իրենք արդեն բազմաթիվ հայտեր են ստացել տեխնոլոգիական ընկերություններից տեղակայման վերաբերյալ:

«Շենքի շինարարությունը կավարտվի տարեվերջին: Իրականացվել է 1մլրդ 670 մլն դրամի աշխատանք:Սա վերածվելու է տեխնոլոգիական կենտրոնի: Առաջին հերթին այստեղ կտեղափոխվեն Գյումրու Տեխնոպարկը՝ իր լաբորատորիայով եւ ուսումնական կենտրոնով, Գյումրու ՏՏ կենտրոնը, «Ռոստելեկոմը» եւ մի շարք այլ ընկերություններ: Կլինի կոնֆերանսների համար նախատեսված սրահ, ցուցասրահ, եւ բոլոր հարմարությունները կլինեն այստեղ այդ ընկերությունների զարգացման համար»,- հավաստիացրեց Հայկ Միրզոյանը:

Այցի շրջանակներում վարչապետն այցելեց նաեւ Գյումրու քաղաքապետարանի նախկին շենք, ծանոթացավ վիճակագրական վարչության շենքի անմխիթար պայմաններին, այցելեց «Սամարիթեր» հիվանդանոց եւ «Ռուսական գրքի տուն»: Վարչապետը եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձինք ծանոթացան նաեւ Գյումրու ԳԱԱ Ա. Նազարյանի անվ. երկրաֆիզիկայի եւ ինժեներիայի, սեյսմաբանության ինստիտուտի կիսակառույց շենքի շինաշխատանքներին, որի աշխատանքները սկսվել էին դեռեւս 2006-ին, իսկ ավարտը նախատեսված է 2014-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter