HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու՞ Հայաստանը Ուկրաինա չի դառնա

Հայաստանում մի առանձնակի ոգևորությամբ ու նույնիսկ նախանձով են հետևում Կիևի փողոցներում ու հատկապես Եվրամայդան կոչվող հրապարակում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին, որոնք սկսվել էին Ուկրաինայի կառավարության կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու որոշման պատճառով: Չնայած նույն որոշումը Հայաստանը փաստացի կայացրել էր դեռ երեք ամիս առաջ` սեպտեմբերին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլում հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին, սակայն միայն ուկրաինական իրադարձությունների ծավալումից հետո մեզանում հանկարծ «հայտնագործեցին», որ իշխանության որոշման դեմ հակազդեցությունը չափազանց թույլ էր, ոչ համարժեք ու, ըստ էության, ամոթալի:

Հայաստանում ուկրաինացիների հակազդեցության նկատմամբ ոգևորությունը, ծափահարությունները չափազանց ծանոթ են: Նույն ջանասիրությամբ նրանք ծափահարում էին նաև մարգանցովկաներով ու «մոլոտովյան կոկտեյլներով» զինված՝ նախագահականը գրոհելու դուրս եկած Շանթ Հարությունյանին: Փաստորեն, մեզ մոտ ամենից լավ կամ ծափահարելն ու կողքից «դուխ տալն» է ստացվում կամ ոչնչացնելու հակվածությամբ քննադատելը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրանցից որ մեկն էլ վերցնես, նույն հուսահատեցնող պատճառն է. սեփական թուլությունը, անկարողությունը, հարմարվողականությունը, անկազմակերպվածությունը ուրիշի գործողությունները որակելու շղարշի տակ թաքցնելը:

Կամա թե ակամա, Հայաստանում շատերն են սկսել մտածել, թե ինչու այն, ինչ ստացվում է ուկրաինացիների մոտ, մեզ մոտ չի ստացվում բացարձակապես: Կարելի է բերել առնվազն ութ պատճառ, որոնք հնարավոր չեն դարձնում կոնկրետ եվրաինտեգրացիոն քաղաքականությունից հրաժարվելու և նմանատիպ այլ խնդիրների համատեքստում համահասարակական ընդվզման ալիքի առաջացումը.

1. Տվյալ դեպքում Ուկրաինայի իրավիճակը շատ առանձնահատուկ է. այն հրաժարվեց ոչ թե Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, ինչպես Հայաստանը, այլ հենց վերջնական ստորագրումից: Ուկրաինայի նախագահն ու կառավարությունը մանևրելու, իրենց նահանջը այլևայլ արհեստական բացատրություններով հիմնավորելու շանս չունեին, ինչպես Հայաստանի իշխանությունները: Սա հարված էր ոչ միայն Եվրամիության, այլ նաև Ուկրաինայի հասարակության թիկունքից, որը սովորություն ունի չներելու նման արհամարհանքն իր նկատմամբ:

2. Ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինայի հասարակությունը բաժանված է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը երկրի զարգացման սեփական աշխարհընկալումն ունի: Երկրի արևելյան արդյունաբերական շրջանները կատարյալ կախվածության մեջ են ռուսական շուկաներից: Եթե այն փակվեց ուկրաինական ապրանքների համար, որոնք դեռ չեն համապատասխանում եվրաստանդարտներին, առանց այն էլ կիսակաթվածահար տնտեսությունը վերջնականապես կարող է մատնվել կրախի: Իսկ ահա երկրի արևմտյան շրջանները կապված են Արևելյան Եվրոպայի հետ, և այնտեղ գործում է հասարակական հարաբերությունների բոլորովին այլ արժեհամակարգ, այլ են ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, և նրանց խորթ են իրենց արևելյան հայրենակիցների վախերը ռուսական ապտակներից: Այս հակասությունները հանգեցնում են ներհասարակական բախումների: Իսկ քանի որ գործող իշխանությունը վստահության քվե է ստացել հենց երկրի արևելյան շրջաններից ու ԵՄ ասոցացումից հրաժարվելու որոշումն էլ կայացրեց, մեծ հաշվով, հենց այդ շրջանների բնակչության մեծամասնության ակնկալիքները բավարարելու համար, իր դեմ հանեց ողջ կոնսոլիդացված արևմտյան հատվածին: Իրականում մենք ոչ թե ուկրաինական ողջ հասարակության, այլ դրա միայն մի, իհարկե՝ շատ պատկառելի մասի մոբիլիզացման հետ գործ ունենք, որն, ի դեպ, դեռ նարնջագույն հեղափոխության ժամանակներից կուտակել է դրան հասնելու բավարար փորձառություն: Իսկ Հայաստանի հասարակությունն այդ իմաստով  չափազանց միատարր է իր ռուսասիրության մեջ: «Ռսի ոտի օրհնված էն սհաթի» սինդրոմը չափազանց ամուր է նստած միջին հայաստանցու մտածողության մեջ: Բայց խնդիրը միայն պարզունակ ռուսասիրությունը չէ:

3. Անցած տարիներին Ռուսաստանը Հայաստանում իրականացրել է չափազանց ագրեսիվ տնտեսա-քաղաքական գաղութացման քաղաքականություն: Բնակչության ներկայիս կենսամակարդակը, ինչպիսին էլ այն գնահատվի, ապահովվում է ոչ թե պետության կողմից իրականացվող տնտեսական, հարկաբյուջետային ու սոցիալական քաղաքականության միջոցով, այլ ռուսական տրանսֆերտների, որոնց ընդհանուր տարեկան ծավալն արդեն գերազանցում է Հայաստանի մեկ տարվա պետական բյուջեն: Հայաստանում չի կարող ռուսական հակագաղութացման դեմ կամ հանուն եվրոպական ինտեգրացման կրիտիկական զանգված ի հայտ գալ այն հասարակությունից, որը շնչում ու արտաշնչում է Ռուսաստանից հոսող փողերով, որի մի մասն աշխատում է Ռուսաստանին պատկանող կամ նրա կապիտալով աշխատող ընկերություններում ու ձեռնարկություններում: Ռուսաստանում ծնող, զավակ, հարազատ ուենցող անձը, ռուսական ընկերություններից աշխատավարձ ստացող քաղաքացին ոչ մի դեպքում չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Հայաստանի հասարակությունը ներկայումս այն նույն վիճակում է, ինչ Ուկրաինայի արևելյան շրջաններինը: Հենց դա է պատճառը, որ նրանք, ըստ էության, դրսևորում են գրեթե միևնույն վարքագիծը:

4. Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, որտեղ վաղուց արդեն հանդես է գալիս ոչ թե որպես պատերազմում հաղթած ու պահանջատեր, այլ պատերազմից ցանկացած գնով խուսափելու խնդիր հետապնդող կողմ: Իր անվտանգության ողջ համակարգը Հայաստանը կառուցել է հենց Ռուսաստանի քաղաքական ու ռազմական օժանդակության կամ ավելի ճիշտ՝ դրանց խոստումների վրա: Ռուսները հարձակողական զենք վաճառեցին Ադրբեջանին` ցույց տալով, թե ինչ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը, եթե փորձի դուրս գալ այդ համակարգից: Ռուսները վախեցրին ոչ միայն իշխանություններին, այլ նաև հասարակությանը: Պատերազմից ու դրանում ռուսական օգնությունից զրկվելու վախը հասարակությանը վերածեց հնազանդ զանգվածի, որը որպես հավաքականություն ցանկացած գործողություն ձեռնարկելուց առաջ արդեն մտածում է` իսկ եթե մի պահ Ռուսաստանը բաց թողնի Ադրբեջանին... Այդ վախը հիմա դարձել է բնազդային: Արտաքին մարտահրավերների դեմ իմունիտետը կորցրած հասարակությունը դատապարտված է կախվածության: Նման հասարակությունը չի կարող ըմբոստանալ այն ուժի դեմ, որի հետ է կապում իր անվտանգությունը` թեկուզ առանց որևէ իրական երաշխիք կամ հիմք ունենալու:

շարունակելի

Լուսանկարը՝ Օլհա Հարբովսկայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter