
Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
27-ամյա Հասմիկ Խաչատրյանը վախով է տնից դուրս գալիս, երեխային դպրոց տանում, ճանապարհն անցնում, քանի որ ամուսինը խոստացել է նրան «մատաղ անել»: Հասմիկը Գավառի շրջանի Գանձակ գյուղից է, ամուսնացել է 9 տարի առաջ՝ համագյուղացի Սարգիս Հակոբյանի հետ: Մինչ ամուսնությունը Հասմիկը երբեւէ չի հանդիպել Սարգիսի հետ. նրան հավանել են ամուսնու ծնողներն ու հարս տարել:
Հակոբյանների ընտանիքին Գավառում, մոտակա շրջաններում եւ նույնիսկ Երեւանում շատերը ճանաչում են Հասմիկի սկեսրոջ՝ «նայող» (բախտագուշակ) Վարսիկի միջոցով:
«Նայող» Վարսիկենց տանն արդեն քանի տարի է, ինչ Հասմիկը ենթարկվում է բռնությունների, ծեծի եւ խոշտանգման:
«Տարիներ շարունակ ամեն փոքր առիթով ամուսինս ծեծում ու ստորացնում էր ինձ: Սկզբում ձեռքերով էր խփում, հետո անցավ ոտքերին, հետո արդեն ինչ ձեռքի տակ ընկնում էր, դրանով սկսում էր ծեծել: Սկեսրոջս ու սկեսրայրիս էլ ասում էր՝ դուք մի խառնվեք, իմ կինն ա, պիտի դաստիարակեմ, նրանք էլ չէին խառնվում»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը, ով, այլեւս չդիմանալով ամուսնու դիտավորյալ ու պլանավորված խոշտանգումներին, մոտ 3 ամիս առաջ գիշերով փախել է տնից:
Հասմիկի ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը 32 տարեկան է, չի աշխատում, ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։
«Մոտ երկու տարի է, ինչ Սարգիսն ապրում է Երեւանում՝ ինչ-որ ընկերուհու հետ: Իր ընկերուհիները բազմաթիվ են, տարբեր ժամանակ տարբեր մարդկանց հետ էր ապրում։ Բայց դրանով իմ ծեծը չէր դադարել. անընդհատ գալիս էր, սկեսրոջիցս փող էր վերցնում, ինձ ծեծում ու գնում: Մի օր էլ եկավ, ասեցի Սար, կարտոշկա եմ հանել, կտանե՞ս ուտեք: Ես չարացած չէի. դե մտածում էի մի օր հետ կգա, սա էլ իմ կյանքն ա, այլ ելք չունեմ: Չէր թողնում բաժանվեմ, ասում էր դու ավելի շուտ կմեռնես, քան ինձնից կբաժանվես: Իջանք կարտոշկա լցնելու, սկեսուրս էլ էր էնտեղ: Ես էլ, սկեսուրս էլ ասեցինք՝ մնա, էս ուշ ժամին մի գնա, վաղը կգնաս: Ինքն էլ սկսեց հերթական անգամ ինձ վիրավորել, թե քո մոտ մնամ ի՞նչ անեմ, հլա քո տեսքին, քո հագածին: Ինքն ավելի վատ վիրավորանքներ էր ինձ հասցնում, ուղղակի ինքնասիրությունս չի ներում պատմեմ ամբողջը: Կարտոշկեն տենց էլ թողեցի, գարաժից դուրս եկա, որ չխփի: Հետեւիցս ընկավ, թե չե՞ս լսում, որ խոսում եմ, ու սկսեց խփել: Խփեց, գցեց գետնին, ոտքերով սկսեց տշել, հետո որ տեսավ՝ չի հանգստանում, գնաց, բահը վերցրեց, որ խփի մեջքիս: Սկեսուրս վզիցս քաշեց, թե փախի: Ես էլ ասեցի չէ, էլ ուր փախնեմ, թող խփի, ավելի լավ է մեռնեմ…»,- Հասմիկի պատմությունը տեղ-տեղ ընդհատվում էր արցունքներով:
Հասմիկը դաժանաբար ծեծի է ենթարկվել նաեւ հղիության շրջանում: Նրա առաջնեկը՝ 7-ամյա Վարսիկը, լսողության խնդիր ունի: Սարգիսը կնոջը տեւականորեն ծեծի է ենթարկել հենց երեխաների ներկայությամբ: Հերթական ծեծից հետո Հասմիկը օրեր շարունակ անկողնուց վեր կենալ չի կարողացել: Ամուսնու քույրը տանը մշակել է նրա գլխի վերքերը, իսկ Հասմիկին ստիպել են ոչ ոքի չպատմել՝ նույնիսկ ծնողներին։
![]() |
![]() |
«Էդ օրը նորից զանգեց, թե ինչ եք անում, գալիս եմ տուն: Վերջին 5 տարիներին ես չեմ հիշում, թե նորմալ քնելն ու արթնանալը որն է: Գիշերը որ ժամին ուզեր, զանգում, արթնացնում էր, խմած գալիս, ծեծում ու էլի գնում: Ասեցի արի, տանն ենք: Ցերեկը աղջիկս ընկել էր, դեմքը վնասել: Եկավ, երեխուն գնաց որ գրկի, տեսավ՝ դեմքը քերծվել է: Ասեց` բա դու ինչի համար ես, որ էրեխու դեմքը սենց պիտի լինի, ասեց ու խփեց: Ես գոռացի, սկեսուրս եկավ, թե երեխա է, ընկել է, ինչի ես խփում: Ես տեսա, որ նյարդային վիճակում է, փորձեցի սենյակից դուրս գալ: Հասավ, մազերիցս բռնեց, շպրտեց սենյակի մեջտեղը: Սկեսուրիս ասեց՝ դու գործ չունես, սենյակից հանեց, դուռը փակեց: Ծեծեց, այն աստիճանի ծեծեց, որ ես մեռել էի համարյա: Ոտքերով, ձեռքերով խփում էր. անհաշիվ խփում էր: Էնքան էր խփել, որ ձեռքերը հոգնել էր, հեւում էր: Ես մի կերպ ասեցի՝ մի խփի, կմեռնեմ, գոնե էրեխեքիդ մերն եմ: Ինքն էլ թե՝ դու ձեռքով, ոտքով խփելուց չես դաստիարակվի: Աթոռը վերցրեց, խփեց մեջքիս: Աթոռի գլուխը ջարդվեց, աթոռի փայտով էնքան խփեց… Գլուխս լրիվ բացվել էր, քիթս, բերանս լրիվ արյուն էր: Սենյակը սպիտակ փչած էր, էնքան էր խփել, պատերը լրիվ արյունոտվել էին: Ես գիտակցությունս էի կորցրել, մեկ էլ էն զգացի, որ խփում ա՝ թե հել, հել գնա լվացվի: Ասեցի՝ չեմ կարողանում վեր կենամ: Մազերիցս քաշելով տարավ մինչեւ դռան մոտ, ասեցի՝ խնդրում եմ, թող ես կհելնեմ: Ինքը թքում էր վրաս ու ուրիշ բաներ էր ասում, ավելի լավ ա չասեմ… Ասում էր հել, թե չէ… Մի կերպ, չոքեչոք հասել եմ առաջին հարկ, որ լվացվեմ, ընկել եմ բաղնիքում: Ինքը հետո եկել ա, սառը ջուրը բացել ա, պահել ա վրաս, ասում ա՝ մի հատ մաքրվի, քանի՞ տարի ա՝ չես լողացել: Էդ երեւի տեւեց մի 5 ժամ, հետո ինքը գնաց իրեն կոֆե դրեց, ես մի կերպ բարձրացա վերեւ: Մտածում էի, որ էդ օրը չեմ ապրի, հաստատ գիտեի, որ էդ օրը չեմ ապրի, որովհետեւ չէի զգում ոչ մի տեղս: Առավոտվա 6-ի կողմերը զգացի, որ աղջիկս եկել ա, թեւիցս քաշում ա: Արթնացա ու իմ վրա զարմացա, որ դեռ կենդանի եմ…»,- պատմում է Հասմիկը։
Հասմիկը շաբաթներ անց է կացնում անկողնում, ապա դժվարությամբ վերականգնվում է՝ չնայած մինչ այժմ նա ոտքերի շրջանում խնդիրներ ունի։ Երկար չի անցնում Հասմիկի վերականգնումից, երբ հերթական խոշտանգումը վրա է հասնում, որին այլեւս չդիմանալով՝ Հասմիկը փախչում է տնից:
«Զանգեց, ասեց՝ արի, գնում ենք ման գալու։ Վեր եմ կացել, հագնվել, նստել եմ մեքենան, թե ուր ենք գնում։ Քշել ա գերեզմաններ։ Հասել ենք էնտեղ, ասում ա՝ հիմա եթե ես ստեղ վիզդ կտրեմ, ոչ մեկ տեղդ չի իմանա։ Վերջին անգամ էլ, իրենք շինարարություն էին անում գարաժում։ Ես իրավունք չունեի վարպետների աչքին երեւալ․ սկեսրայրս ասեց` սուրճ դիր վարպետներին։ Ես էլ դրեցի, զանգեցի ամուսնուս քրոջ տղային, որ գա սուրճը տանի վարպետներին։ Ինքն էլ ասեց, որ գնացել ա գերեզմաններ։ Ես սուրճը տվեցի տղայիս ու աղջկաս, տարան։ Իրիկունն ինքը խմած՝ մեքենայով եկավ։ Մեր դարպասն էլ խփել, մեքենայով ծռել էր, սկեսրայրս հանել-տարել էր, որ սարքեին։ Դարպասի տեղը ցելոֆան էր քաշած։ Գիշերվա կեսին զանգեց, թե արի ցելոֆանը բացի, ես մեքենան ներս անեմ․․․ Հետո՝ թե ինչի՞ ես զանգել Արմանին, ասեցի զանգել եմ, որ ասեմ՝ գա, սուրճը տանի։ Ասեց, թե՞ էրեխեքին բրախել էիր դուրսը, զանգել էիր, որ գնար բերեր։ Մինչեւ իմ պատասխանելն ինքը խփեց, խփեց դեմքիս, հետո գլխիս։ Ու գլխիս մեջ աղմուկ, խշշոց եկավ, ձեռքս տարա ականջիս, տեսա, որ արյունոտվել ա արդեն։ Էլ չէի փախչում, քանի որ գիտեի, որ փախչելու տեղ չունեմ։ Գնայի մեր տուն, կգար մեր տանը կռիվ կաներ․ ոչ մեկն էլ չէր գալիս օգնության․․․ Գավառի ոստիկանությունը որ լսեր, որ Վարսիկի տղան ա, չէր գա օգնության, ոնց որ հիմա են անում»,- պատմում է Հասմիկը։
Բացի ծեծը՝ Սարգիսը փորձել է ծխախոտը հանգցնել Հասմիկի աչքերի մեջ, սակայն կինը կարողացել է պաշտպանվել ձեռքերով, ինչի հետեւանքով այրվածքներ է ստացել ձեռքերի շրջանում։ Վերջին հարվածից հետո Հասմիկն այլեւս չի դիմանում ստորացումներին եւ փախչում է տնից․ «Թողեցի ու փախա․ արդեն ոչ էրեխեքս էին աչքիս գալիս, ոչ էլ ոչ մեկ։ Ու չեմ զգացել՝ ինչ աստիճանի եմ վազել, ոնց եմ վազել, մենակ իր գոռոցն էի լսում, թե սպասի, թե չէ կբռնեմ, վիզդ կկտրեմ։ Մութ էր, շատ ուշ էր, հեռախոսիս էր զանգում, որ լույսով գտներ, մի կերպ հասցրել եմ հեռախոսս անջատել։ Գյուղի մեջտեղը գետ ունենք, կողքերն էլ խոտեր, եղինջներ կան։ Ինձ գցեցի էդ գետը, էդպես ջրի մեջ մնացի էնքան, որ տեսա՝ ինքը մեքենայով դուրս եկավ ու ուղիղ մեր տան կողմ»,- դժվարությամբ, բայց շարունակում է Հասմիկը։
Նրա ամուսինը հասցրել էր դանակով սպառնալ նաեւ հորը՝ խոստանալով բաց չթողնել այնքան, քանի դեռ Հասմիկը չի հայտնվել։
2013 թ.-ի հունիսի 20-ին Հասմիկը հաղորդում է տվել Գավառի ոստիկանությանը՝ հանցագործության մասին։ Դիմումից հետո Հասմիկ Խաչատրյանն ու Սարգիս Հակոբյանը առերեսվել են ոստիկանությունում, որտեղ Սարգիսը շարունակել է սպառնալ Հասմիկին։
Գործի քննության վրա փորձել են ազդեցություն ունենալ եւ խոչընդոտել մի շարք պաշտոնատար անձինք՝ սկսած ոստիկանության քննիչից մինչ պատգամավորներ եւ դպրոցի տնօրեններ։ Նրանք զանգահարել են Հասմիկին, հորդորել նրան հետ վերցնել դիմումը ոստիկանությունից եւ չխայտառակել «նայող» Վարսիկի ընտանիքի անունը։
Բախտագուշակ Վարսիկը մեծ ճանաչում ունի պաշտոնյաների եւ ոստիկանների կանանց շրջանում։ Դա է պատճառը, որ նա գործածել է բոլոր միջոցները, որ ստիպի հարսին՝ հետ վերցնել դիմումը։
«Գավառի ոստիկանները չէին ցանկանում ոչ մի կերպ գործ հարուցել, քանի որ ճանաչում էին Հասմիկի ամուսնու ընտանիքին, որը մեծ ազդեցություն ունի այնտեղ։ Մի կերպ հասանք նրան, որ գործը հարուցվեց։ Հասմիկը ոստիկանության բաժանմունք է գնացել ահ ու սարսափի մթնոլորտում, քանի որ հենց նույն բաժանմունքնում նրա ամուսինը քննիչի ներկայությամբ շարունակել է սպառնալ նրան, թե հիմա նորից կհարվածի, բայց ոստիկանության աշխատակիցներից որեւէ մեկը չի փորձել անգամ նրան կարգի հրավիրել։ Այստեղ ակնհայտ էր բոլորիս համար էլ, որ Հասմիկի ամուսնու ընտանիքը մեծ ազդեցություն ունի Գավառի ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ գրեթե բոլոր պետական մարմինների վրա։ Մենք ստիպված եղանք բողոք գրել քննիչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին, որից հետո թեեւ քննիչը չփոխվեց, բայց գործի որակումը փոխվեց։ Եթե մինչ այդ գործը հարուցվել էր թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով, ապա հիմա դարձել է խոշտանգում»,- ասում է Հասմիկ Խաչատրյանի փաստաբան, Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանը։
Խոշտանգումով նախատեսված մեղադրանքի պատժաչափը 3-7 տարի է։ Գործում առկա են նաեւ գրավոր բողոքներ Հասմիկի եւ նրա փաստաբանի կողմից այն մասին, որ Սարգիս Հակոբյանը ցուցաբերում է անկառավարելի վարքագիծ, հնչեցնում է սպառնալիքներ։
«Սարգիս Հակոբյանը իրական վտանգ է ներկայացնում Հասմիկի կյանքի եւ առողջության համար, սակայն այդ անձի հանդեպ այդպես էլ մինչ օրս խափանման միջոցը կալանավորումը չկիրառվեց։ Նախաքննությունն արդեն ավարտվել է, իսկ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ սպասում է դատարանի` գործի քննությանը»,- նշում է Նոնա Գալստյանը։
Հասմիկ Խաչատրյանը նշում է, որ գործը քննող քննիչը Սարգիս Հակոբյանի համակուրսեցին է։ Ոստիկանություն դիմելուց հետո Սարգիսը սպառնացել է Հասմիկին, որ մեքենան ու Երեւանի տունը վաճառելու է, տա «միլիցեքին», ազատվի, հետո Հասմիկին ու նրա հորը մատաղ է անելու ու չի նստելու։
Հասմիկի միակ հույսն այս պահին ՀՀ իրավապահ մարմիններն են․ «Ես հավատում եմ, որ ինքը կծախի ամեն ինչ ու ազատության մեջ կմնա, քանի որ բազմաթիվ անգամներ նման կերպ ազատվել ա պատասխանատվությունից՝ այլ արարքների համար։ Բայց այլ տարբերակ չունեմ, քան հավատալը, որ այս անգամ իրավապահ մարմիններն իրոք արդար կգտնվեն, քանի որ նրանց առջեւ դրված է լինելու իմ ու երեխաներիս կյանքը»,- ասում է Հասմիկը։
Հ.Գ. Հասմիկի պատմության ձայնագրությունը կարող եք լսել այստեղ եւ այստեղ:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի:
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել