HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աղձքի 75-ամյա բուժքույրը

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում բավականին ցուրտ եղանակ էր: Գյուղի բուժքույր 75-ամյա Կիմա Ջանոյանը ոտաբաց իր կեցության վայրի հարակից բետոնապատ տարածքն էր լվանում: «Ես մրսկան չեմ, դու քաղքից ես շուտ կսառիս, տուն մտի»,- ասում էր Կիմա Ջանոյանը:

Ինչպես գյուղացիներն են Կիմա Ջանոյանին ասում՝ «թռվռան կապուտաչյա աղջիկը», արդեն 50 տարուց ավելի բնակվում է Աղձք գյուղում: Նա պատմեց, որ չի ամուսնացել ու իրեն ամբողջությամբ նվիրել է բժշկությանը: Հիմա էլ չի դժգոհում, երբ գիշերվա կեսին դուռը թակում են եւ օգնություն խնդրում: «Դա իմ պարտականությունն է,  ո՞նց կեղնի, օր ըսեմ գիշեր է, ես պիտի քնիմ, առավոտ գուքաք»,- հավելում է Կ. Ջանոյանը:

Ծնունդով գյումրեցի, երեւանաբնակ բուժքրոջը Աղձք են գործուղել 1960 թ.-ին եւ մինչ օրս շարունակում է իր աշխատանքային պարտականությունները կատարել: Ասում է, որ ուժ ու եռանդ ունի եւ չի դժգոհում իր աշխատանքից, հետեւաբար չի էլ պատրաստվում դիմում գրել եւ գնալ վաստակած հանգստի: Կ. Ջանոյանը սկզբում անհանգիստ էր: Նրան թվում էր, թե իրեն աշխատանքից հեռացնելու համար ենք այցելել:

«Ինչի՞ հմար դիմում գրեմ, եթե իրենց չեմ գոհացնե, թող իրենք ազատեն, ես լավ կաշխատիմ ու բնակչությանը դիլխոր չեմ թողնե,-նշում է Կիմա Ջանոյանը եւ հավելում,- մոտ 60 տարի տանջվել եմ էս գյուղում: Մի քանի տարի է, ինչ տեղամասը տարել են Ագարակ գյուղ, ու ինձ մնացել է մինակ առաջնային բուժօգնությունը: Մինչեւ վերջերս ամեն ինչ ես եմ էրե` սկսած պատվաստումներից, վերջացրած ծնունդ ընդունելով»:

Նա զրույցն ընդհատեց ու շտապ սենյակից դուրս եկավ. «Կեցի, հեսա գուքամ»: Քիչ անց Կ. Ջանոյանը ներս մտավ` ձեռքին ցելոֆանե տոպրակներ: Նա բերել էր տարիների ընթացքում ստացած մեդալներն ու շնորհակալագրերը, խորհրդային տարիներին տպագրված թերթերից պատառիկներ, որոնք վկայում են իր քրտնաջան եւ բարեխիղճ աշխատանքի մասին: «Աշխատանքային կարմիր դրոշ», «Պատվո նշան» շքանշանի ասպետ Կիմա Ջանոյանի կոկորդը խոսելուց չորանում էր, հուզմունքով էր ցույց տալիս իր հասցեին գրված ցանկացած գովեստի խոսք:

Նա պահել էր թերթի պատառիկը, որտեղ լուսանկարվելու պահին կշռում է նորածին, այսօր արդեն համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին:

«Գյուղացիների մեծ մասը իմ թոռներն են, ես եմ օգնել նրանց լույս աշխարհ գալուն»,- ժպտալով ասում էր Աղձքի բուժքույրը:

Կիմա Ջանոյանը Աղձքում սեփական տուն չունի: Ապրում է գյուղի փոստի, հետո բուժկետի համար ցախատուն դարձած հին շենքում, որը վերանորոգել եւ դարձրել է կացարան: Հենց այդ շենքի հարեւանությամբ է տեղակայված գյուղի բուժկետը, որն իրենից փայտե տնակ է ներկայացնում:

Կիմա Ջանոյանը պատմեց, որ տնակը դեռեւս 40 տարի առաջ մեծ դժվարությամբ է ձեռք բերել «սովխոզի դիրեկտորից» ու այն դարձրել բուժկետ: Արդեն 40 տարի է՝ բժշկական օգնություն ցույց է տալիս հենց այդ վայրում, որի մի մասը բնակելի հատված է: Ինչ վերաբերում է իր կացարանի ու բուժկետի հարակից տարածքին, ըստ Կ. Ջանոյանի եղել է քարքարոտ ու ամայի:

Ինքն է խնդրել գյուղի բեռնատարների վարորդներին, որպեսզի հող բերեն լցնեն ու այն դարձնի մշակովի տարածք: Այժմ այնտեղ պտղատու ծառեր են ու մեծ ծաղկանոց:

Կիմա Ջանոյանը գրեթե ոչ մի բանից չէր դժգոհում, նրան միայն նեղություն էին տալիս արհեստական ատամները: «Ատամներս մաշվել է, ժաժ գուքա, պիտի փոխեմ, հարմարցնեմ կփոխեմ գը, փողի հարց է, երեւի կլուծվի»,- ասում էր նա:

Տիկին Կիման ասաց, որ աշխատավարձը 60 հազար դրամ է կազմում, ստանում է նաեւ կենսաթոշակ ու դրանով կարողանում է ապրել. «Յոլա կտանի գը: Օր դժգոհա, ո՞վ ավել կուդա, ինչ կա էդ է»:

Նա պատմեց, որ երկար տարիներ եղել է Աղձքի գյուղական խորհրդի դեպուտատ ու հիմա ամաչում է, որ ԱԺ պատգամավորներն աշխատավարձի կռիվ են անում: «Ամոթ էլ է, օր պաշտոնյաների աշխատավարձերը կբանցրցնեն: Խեղճ թոշակառուներինը, քիչ աշխատավարձ ստացողներինը փոխանակ ավելցնեն, պաշտոնյաներինը կավելցնեն: Յանի լա՞վ է էդի: Ես էղնեի դեպուտադ, չէի ավելցնե, իրանք առանց էդ էլ բանցր աշխատավարձ կստանան, էլ նորից ինչի՞ կավելցնեն: Էդ ո՞նց է թոշակը կավելցնեն 1000 դրամով, իսկ իրենցը համ շատ կստանան, համ էլ կավելցնեն: Ես չէի բանցրցնե, էդ է` պաշտոնյան չի աշխատե, թող դուրս գա, ճիշտ չե՞մ ըսե»,- հավելեց Կիմա Ջանոյանը եւ ուղեկցեց մինչեւ գլխավոր փողոց:

Նրա ոտքերը դարձյալ բաց էին ու էլի հնչեցրեց նույն խոսքերը. «Ես սովոր եմ, մրսկան չեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter