««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տարածել է հայտարարություն, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, եւ դա իր անդրադարձն է ունեցել «Արմավիայի» սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն «բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:
Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց «ՄաքՔինզի» խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: «ՄաքՔինզի» ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:
Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: «ՄաքՔինզին» եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա «ՄաքՔինզի» ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով, ուղղակի անհիմն է և պարզունակ:
Պարոն Սաֆարյան, Դուք ցանկացած ժամանակ կարող եք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ «Արմավիա» ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:
Ներկայումս ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նաև սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:
Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (կառավարություն, օդանավակայան, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, տուրիզմի վարչություն, Ազգային մրցունակության հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել «բաց երկնքի» քաղաքականության զարգացման ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել