HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափոնակուտակիչի տարածքում ընտանիք է ապրում

Խորհրդային տարիներին Վանաձորի «Պրոմեթեյ» քիմիական գործարանը (ներկայումս «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն) Վանաձորի վարչական տարածքում, պարզվում է, ունեցել է երկու թափոնակուտակիչ: Նրանցից մեկին, որը դեռևս շահագործման մեջ է, «Հետքը» անդրադարձել է մարտի 21-ի«Վանաձորի «թաքնված» թափոնակուտակիչը» իր հրապարակման մեջ:

Հրապարակումից հետո  թերթի Վանաձորի մի խումբ ընթերցողների և Վանաձորի Օրհուս կենտրոնի աջակցությամբ «Հետքը» պարզեց, որ «Պրոմեթեյ» քիմական գործարանը 1960-ական թվականներին շահագործել է ևս մեկ թափոնակուտակիչ, որը գտնվում է Վանաձորի հյուսիս-արևմտյան մասում «Կոնգո» և «Տարոն-4» թաղամասերի հարևանությամբ: Վերջինս քիմիական գործարանի դեռևս շահագործման մեջ գտնվող մյուս թափոնակուտակիչից գտնվում է 2 կմ հեռավորության վրա: Այն ըստ «Կոնգո» թաղամասի հնաբնակների փակվել և ռեկուլտիվացվել է 1986-87 թթ.-ին:

Թափոնակուտակիչում թաղված են քիմական գործարանի ամոնիակի արտադրության հետևանքով առաջացած ազոտ, ազոտական միացություններ և թունավոր այլ նյութեր:

Ենթադրվում է, որ այստեղ թաղված է նաև ցիանիդ, քանի որ անցյալ դարի 60-80-ական թվականներին քիմական գործարանում ստացել են նաև ոսկի: Փակված թափոնակուտակիչը մոտ 1 կմ տարածք է: Այն, շրջապատված լինելով բնակելի թաղամասերով, պարիսպներով մեկուսացված չէ:

Բնակիչները տեղեկացված չեն թափոնակուտակիչի վտանգներին, որի արդյունքում էլ նրանք ոչ միայն ազատ ելումուտ ունեն այնտեղ, այլև նրա հարևանությամբ իրենց համար ստեղծել են ամառանոցներ: Թափոնակուտակիչի շրջապատում արածում են շրջակա թաղամասերի բնակիչների անասունները, իսկ հարևան լանջերին մենք հանդիպեցինք նաև մեղվի փեթակների:

«Կոնգո» թաղամասի բնակիչ Արմեն Զաքարյանը պատմեց, որ 1988 թ. երկրաշարժից հետո անթույլատրելի տարածքը տրամադրվել է Վանաձորում բնակարանային շինարարություն իրականացնող ռուս շինարարներին, ովքեր էլ այնտեղ տեղադրել են շինարարական տեղամաս, բնակելի տնակային կացարաններ և ավտոպարկ:

Տարածքում դեռևս պահպանվում է ռուս շինարարների սարքած հանգստի հյուղակն ու խորովածի հարմարանքները: Վերջիններիս հեռանալուց հետո տնակները որպես գրասենյակներ ծառայել են Վանաձորի որոշ հիմնարկների, այդ թվում` նաև «Կանակա» շինարարական կազմակերպության համար:

Տնակներում բնակվել են նաև երկրաշարժից տուժած վանաձորցի մի քանի ընտանիքներ: Թափոնակուտակիչի վրա դեռևս թափված են թունավոր թափոնների մնացորդներ, առանձին հատվածներ ասֆալտապատված են: Փարթամորեն աճել են նաև բնակիչների կողմից թափոնակուտակիչի առանձին հատվածի վրա տնկած և վտանգավոր թափոններից սնված մրգատու ծառերը, որոնց պտուղները օգտագործվում են բնակիչների, նաև նրանց երեխաների կողմից:

Աներևակայելին, սակայն այն է, որ ամբարված թունավոր նյութերի վրա, որոնք կյանքի և առողջության համար խիստ վտանգավոր են, բնակվում է վանաձորցի Սուսաննա Ավետյանի 5 անձից կազմված ընտանիքը: Ընտանիքի կազմում է նաև Սուսաննայի նորածին թոռնիկը, ում համար ամիսներ հետո քայլելու առաջին թոթովանքերի և զբոսանքի վայր պետք է դառնա թունավոր թափոնակուտակիչը:

«Այո, մենք գիտենք, որ այս տարածքում թունավոր նյութեր են թաղված: Տնակը, որտեղ մենք ընտանիքով ապրում ենք, եղել է «Կանակա» շինարարական կազմակերպության օֆիսը: Այն «Կանական» մեզ տրամադրել է 1995 թ.-ին` 6 ամսով: Մենք «Կանակայի» բնակարանային հերթում էինք, քանի որ  հիմնարկը լուծարվեց, կորցրինք բնակարան ստանալու հույսներս»,- ասաց Սուսաննան:

Սուսաննան տնակի հարևանությամբ իր ընտանիքի համար թափոնակուտակիչի վրա փոքրիկ բանջարանոց էր ստեղծել, որտեղ ցանում է կարտոֆիլ և կանաչիներ, տնկել է նաև խաղողի վազեր, նա գոհ էր իր բանջարանոցի և խաղողի բերքից, սակայն դժգոհեց, որ ամբողջ տարածքում թունավոր նյութերի հոտ է տարածված, և իրենք ամեն օր տհաճությամբ են շնչում այդ օդը:

«Տնակից մի քիչ հեռու մենք զուգարան ենք կառուցել: Զուգարանի 1 մ խորությունից արդեն թունավոր թափոնները դուրս են թափվել և տարածվել զուգարանի շրջակայքում: Բայց ինչ անենք, գնալու տեղ չունենք: Աղջիկս էլ ամուսնացել է, նորածին երեխայի հետ մեզ հետ տնակում է ապրում: Քանի որ այստեղ ընտանիքով ենք ապրում քաղաքապետարանը էլ չի կարող մեզ բնակարանով ապահովել, մեզ այստեղից չեն հանում»,- ասաց Սուսաննա Ավետյանը:

«Կոնգո» թաղամասի բնակիչ Արմեն Զաքարյանի կարծիքով` շրջական միջավայրի և բնակչության համար լուրջ վտանգներ է ներկայացնում թափոնակուտակիչի ջրահեռացման համակարգը: Լեռնային աղբյուրներից սնվող ջրահեռացման 800 մ երկարությամբ խողովակները հոսում են ստորգետնյա, թափոնակուտակիչի թունավոր թափոնների տակ գտնող թունելի միջով:

«Ես այս ձորի բնակիչ եմ: Թափոնակուտակիչի տարածքում մենք նախկինում տուն ենք ունեցել, հիմա էլ այստեղ ամառանոց ունեմ, ամռանը ընտանիքով բնակվում ենք այստեղ: Նախկինում այստեղ պահել եմ անասուններ: Մինչև թափոնակուտակիչի կառուցումը լեռնային աղբյուրներից եկող այս ջուրը մենք օգտագործում էինք, հետագայում նկատեցինք, որ թունելի խողովակներից հոսող և ամառանոցի տարածքում դուրս եկող բաց խողովակի ջուրը թունավոր է, երբ անասունները խմում են այդ ջրից, անմիջապես սատկում են: Այդ ջրում երեխաների լողանալուց հետո նկատեցինք, որ նրանց մարմինը վերքոտում է: Կարտոֆիլի թփի տակ փորձնական լցրել ենք այս ջրից, 30 րոպե հետո կարտոֆիլի թուփը չորացել է: Հասկացանք, որ ջուրը գետնի տակից պոչանքների թույները բերում է իր հետ»,- ասաց Արմեն Զաքարյանը:

Վերջինս հայտնեց նաև իր անհանգստությունը թունելի և ամառանոցում ջրատարի բաց խողովակի երկողմանի փակվելու վտանգներից. «Եթե այս խողովակի բերանը փակվի, իսկ դա արդեն մեկ անգամ եղել է, այն կարող է պոչանքների ահռելի հոսքերի պատճառ դառնալ: Խորհրդային տարիներին երկաթե շվեյլերներ էր դրած թունելի բերանին, որպեսզի քարերը չփակեն այն: Դրանք գողացել են: Հիմա խողովակի վերևից եկած քարն ու հողը փակում են խողովակի և թունելի բերանը: Ես մի անգամ իմ ուժերով թույնի բերանը բացել եմ, որպեսզի վտանգը վերացնեմ, հիմա վտանգը նորից մեծացել է»,- ասաց Արմեն Զաքարյանը:

Թունավոր ջուրը թափվում է Փամբակ գետը, այնտեղից էլ խառնվում է Դեբեդի ջրերին:  Թափոնակուտակիչի ջրամեկուսացման համակարգի ջրագծերի խցանումը հիրավի կարող է պատճառ դառնալ թունավոր թափոնների ահռելի հոսքերի: Մինչդեռ թափոնակուտակիչը իր հիմնախնդիրներով տարիներ շարունակ այդպես էլ չի հայտնվում Վանաձորի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության Լոռու մարզային բնապահպանական տեսչության ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter